Հայաստանում անհապաղ պետք է շենքերի անձնագրավորում սկսել

Հայաստանում անհապաղ պետք է շենքերի անձնագրավորում սկսել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը հեռավորությունով իրար շատ մոտ են, և կա «զույգ երկրաշարքեր» կամ «դյուպլեքս երկրաշարժեր» հասկացությունը։ Այսինքն՝ շատ կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում երկրաշարժեր, դա նշանակում է դրանք իրար հետ փոխկապակցված են, և ամբողջ տարածաշրջանում երկրաշարժերը մեկը մյուս հետ փոխկապակցվածություն են դրսևորում։

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը միյանց հետ փոխկապակցված են, ասաց Գիտությունների Ազգային Ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը․

«Մենք մի քանի անգամ զեկուցել ենք դրա մասին, և փոխկապակցվածության վերաբերյալ Ձեր հարցը շատ տեղին է։ Մինչև այս երկրաշարժը նմանատիպ զույգ երկրաշարժեր ամբողջ տավրոկովկասյան տարածաշրջանում մենք հայտաբերել էինք։ Այսինքն՝ արձանագչել էինք և այդ աշխատանքները հրապարակել էինք։ 10 օր առաջ էլ Իրանում է երկրաշարժ եղել, այսինքն կարճ ժամանակահատվածում է եղել, և իրենից ներկայացնում է «զույգ երկրաշարժ»։ 
Կարապետյանին հարցրինք՝ Հայաստանը վտանգի գոտո՞ւմ է։

«Ամբողջ Տավրոկովկասը սեյսմաակտիվ տարածք է հանդիսանում։ Մեր հետզոտությունների ընթացքում 2021-2022 թվականներին արձանագրել ենք սեյսմիկության անոմալ դրսևորումներ։ Երկար տարիների վերլուծության, մաթեմատիկական մեթոդներ կիառելով մենք կարողացել ենք ցույց տալ, որ տարածքում խնդիր կա, եթե խնդիր չլիներ, մենք չէին անդրադառնա ամբողջ Տավրո-Կովկասին, հենց «Տավրո-Կովկաս» վերնագրով մենք տպել էինք գիտական աշխատանք տարածաշրջանում սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որի մեջ բոլոր գործոնները նշվել են, այդ թվում անոմալ դրսևորումների մասին է նշվել, երկրաշարժերի փոխկապակցվածության մասին է նշվել, և որպես եզրակացություն նշվել է, որ տվյալ տարածաշրջանը լարվածադեֆորմացիոն վիճակի տեսանկյունից գտնվում է լարված վիճկում։ Մենք առանձնացրել էինք հնարավոր օջախային գոտիներ, որտեղ սովորաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր»,- պատասխանել սեյսմոլոգը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում պետք է բոլոր շենքերի անձնագրավորում սկսվի, որպեսզի երկրաշարժի դեպքում հնարավոր սցենարներ մշակվեն․

«Ես հանդիսանում եմ գիտահետազոտական կազմակերպության ղեկավար, այսինքն՝ մեր հետազոտություններն ու գործառույթները գիտահետազոտական ուսումնասիրություններն են, որոնց մասին մենք հրապարակումներ ենք անում։ մենք խնդիր ունենք շենքերի հետ կապված, քանի որ ակնհայտ է, որ ուժեղ երկրաշարժերի դեպքում խորհրդային տարիներին կառուցված շենքերը բավականաչափ խոցելի են, և այս այս պարագայում մենք առաջին հերթին պետք է ունենանք բոլոր  շենքերի անհապաղ անձնագրավորում։ Դա ենթադրում է, որ անձնագրավորման ժամանակ ուսումնասիրվում է շենքի փաստացի տեխնիկական վիճակը, որի ընթացքում ոչ միայն վիզուալ, այլև գործիքային դիտարկումներ են արվում, որի հիման վրա գնահատվում է շենքերի վնասվածության աստիճանը, որի հիման վրա էլ կազմվում են տարբեր սցենարներ, թե տարբեր ուժգնության երկրաշարժերի դեպքում ինչ սցենարներ կունենանք։ Քանի դեռ անձանգրավորում չունենք արված, եզրակացությունները շատ մտահոգիչ են, որովհետև Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերը, որոնք ավերվել են, այդպիսի շենքեր մարզերում և մայրաքաղաքում հիմա էլ են առկա։ Եզրակացությունները թողնում եմ Ձեզ»,- պատասխանեց Կարապետյանը։