Մոսկվայի եւ Բրյուսելի մեջտեղում Թբիլիսի՞ն է

Մոսկվայի եւ Բրյուսելի մեջտեղում Թբիլիսի՞ն է

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ բավական հետաքրքիր տեղեկատվություն մեջտեղ եկավ։ Նախ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից իմացանք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները շարունակվում են, չնայած Լաչինի միջանցքի փակ լինելուն, եւ Բաքվից նոր առաջարկներ են եկել, Երեւանն ուսումնասիրում է դրանք։ Ապա հնչեց հայտարարություն, որ Երեւանը պատրաստ է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ նոր հանդիպման՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, ինչին Բաքուն արձագանքեց քննադատությամբ, թե Երեւանը տապալել է նման մի հանդիպում, ինչին Երեւանը բացատրեց, որ պատճառը Լաչինի ճանապարհի փակ լինելն է։ Ապա հայտնվեցին լուրեր, որ Ֆրանսիան ԵՄ հայաստանյան դիտորդական առաքելության շրջանակներում ժանդարմներ է բերելու Հայաստան։

Սա, իհարկե, բավական ուշագրավ էր, եւ պատահական չէր, որ Մոսկվան, ոչ պաշտոնական ձեւով, իր «խոսափողներից» մեկին, ի դեմս Դ․ Սուսլովի, գործուղեց Երեւան, որպեսզի Հ1-ով որոշակի «մեսիջներ» փոխանցի։ Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար Վրաստանն ամենահարմար վայրը կարող է լինել։ Կլաարը նշել է, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եւ կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես ղեկավարների հանդիպումների համար, այնպես էլ այլ ձեւաչափով:

«Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է այս առումով, այստեղ կարելի է արագ եւ հեշտությամբ գալ հարեւան երկրներից»,- շեշտել է Կլաարը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը տրամաբանական է համարել, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության եզրեր գտնել։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կլաարը նաեւ նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում։ Եվ ահա՝ երեկ Մոսկվայից հայտարարում են, որ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը նախապատրաստվում է եւ, դատելով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռյաբկովի խոսքերից, փորձ է արվում այնպես կազմակերպել այդ հանդիպումը, որ ընդունելի ու քաղաքական-դիվանագիտական առումով կոմֆորտ լինի բոլոր կողմերի համար։ Այս ամենն ի մի բերելով, կարող ենք մի քանի բավական հետաքրքիր եզրահանգումներ կատարել։

• Նախ, անկախ ամեն ինչից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում դադար չի վերցվել։ Սա նշանակում է, որ հանրային հռետորաբանությունն այլ է, իրական քաղաքական-դիվանագիտական պրոցեսը՝ այլ։ Այսինքն, հանրային լայն շրջանակների համար ասված հայտարարությունները եւ դրանցում առկա հռետորաբանությունն առնվազն միայն ներքին լսարաններին «կերակրելու» համար են եւ ոչ ավելին։

• Շարունակվում է մրցակ-ցությունը Հարավային Կովկասի «խաղաղարարի» դափնեպսակի համար՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Արեւմուտքը փորձում է ավելի ներկայություն ապահովել մեր տարածաշրջանում, Ռուսաստանը ձգտում է պահպանել «տարածաշրջանը նայողի» դերը։ Սա դիվանագիտական մանեւրի, բայց ոչ արկածախնդրության համար բավական հետաքրքիր դաշտ է բացում, եւ Երեւանը կարող է շահեկան դիրքերում հայտնվել, եթե խելամիտ գործի։

• Վրաստանը լեգիտիմացվեց որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արեւմտյան ջանքերի տարածաշրջանային կատարող կամ ներկայացուցիչ։

• Հայաստանը շարունակում է «խաղեր տալ», բայց, մեծ հաշվով, նաեւ մնում է այն ռելսերի վրա, որտեղ որ էր։