«Ռազմական եվ հիբրիդային միջոցներով հարձակո՞ւմ»

«Ռազմական եվ հիբրիդային միջոցներով հարձակո՞ւմ»

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը նշել էր, որ «երկիրը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով»։ Սակայն, չգիտես ինչու, չէր նշել, թե այդ ինչ ուժեր են, որ համարձակվել են նման բան կատարել նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» նկատմամբ: Քանի որ վերը նշված անձի բացասական համարյա բոլոր կանխատեսումները կյանքի կոչվելու հատկություն ունեն, ստիպված եմ խորհրդածել, թե որ ուժերի մասին էր խոսքը: Դրանց դեմն առնել, իհարկե, չեմ կարող, սակայն պետք է, չէ՞, լինել գոնե տեղեկացված: 

Ինչևէ, արձանագրենք`Հայաստանի վրա «ռազմական միջոցներով հարձակված ոչ ժողովրդավարական ուժերից» մեկը Ադրբեջանն է: Բայց այստեղ ունենք գաղափարական առումով անհամապատասխանություն: Ադրբեջանի թիկունքին ամուր կանգնած է ՆԱՏՕ-ական Թուրքիան: «ՆԱՏՕ-ական» ածականը ենթադրել է տալիս, որ Թուրքիան չի կարող լինել «ոչ ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչ: Քանի որ այդ դաշինքն ի սկզբանե ձևավորվել է որպես ժողովրդավարական պետությունների պաշտպանական կառույց: Դրանից բացի, Թուրքիան, ինչպես երևում է նշված անձի բազմաթիվ մենախոսություններից, դժվար թե անձամբ նրա կողմից դիտարկվի որպես այն երկիրը, որ կարող էր «ռազմական և հիբրիդային միջոցներով» հարձակվել մեր երկրի վրա: Եթե ինձ մնար, ապա ես այդ պետությունը կդասեի հենց «ոչ ժողովրդավարական ուժերի կողմից» կառավարվող երկրների շարքին: Բայց դե վերը նշված մեջբերման հեղինակը ես չեմ, ու, բնականաբար, իմ կարծիքն այստեղ որոշիչ չէ: 

Անցնենք առաջ: Քանի որ «որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժեր» արտահայտությունը հոգնակի թվով է ներկայացված, ապա պետք է ենթադրել, որ Ադրբեջանից բացի կան նաև այլ ուժեր: Սակայն եթե նայենք մեր տարածաշրջանը ներկայացնող քաղաքական քարտեզին, ապա կընկնենք մտատանջության մեջ: Որովհետև կստացվի, որ մեզ վրա ռազմական և հիբրիդային հարձակում են գործել կա՛մ վրացիները, որոնց մենք համարում ենք բարեկամ, և կա՛մ Իրանը, որին, կարծես թե, թշնամի չի համարում նույնիսկ գործող իշխանությունը: Եվ որը, Թուրքիայի ղեկավարներից մեկի խոստովանությամբ, խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» հաշվին խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Ուրեմն պետք է նայել ավելի հեռուն, ու, բնականաբար, առաջին հերթին կտեսնենք ... Պակիստանը: Մահմեդական այն երկիրը, որը ցանկություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ: Ու, բացի դրանից, միշտ աջակցում է մեզ վրա անընդհատ հարձակվող Ադրբեջանին: Սակայն վերը նշված անձը երբևէ չի անդրադարձել Պակիստանին որպես վտանգի աղբյուրի: Չնայած պետք է որ այդպես աներ: 
Քանի որ Ադրբեջանից ու Թուրքիայից բացի ՀՀ-ի վրա ռազմական հարձակում գործած այլ երկիր չկա, ապա մնում է պարզել, թե որ ուժերն են իրականացրել «հիբրիդային միջոցներով» հարձակումը: Հաշվի առնելով Հայաստանում գործող իշխանության հակառուսականությունը՝ ենթադրելի է, որ խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Այդ դեպքում վերանում է նույնիսկ քարտեզին նայելու անհրաժեշտությունը: Թեև չեմ պատկերացնում, թե ինչ տեսք ունի ռուսների կողմից մեզ պարտադրված այդ պատերազմը: Որովհետև նույնիսկ 2018 թվականից այս կողմ ես չեմ տեսել այդ հարցում նախաձեռնողականություն ռուսական կողմից: Տեսնում եմ ընդամենը վերը նշված անձի և նրա կամակատարների կողմից հակառուսական հայտարարությունների և այլ ակցիաների արձագանքը: Բայց դա «հիբրիդային միջոցներով» հարձակում դիտարկելու համար պետք է ունենալ իրականության բացարձակ ոչ ադեկվատ ընկալում: 

Անցնենք առաջ՝ վարչապետի աթոռից կառչած անձը շեշտել էր, որ դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության ու անկախության, այլև ժողովրդավարության դեմ։ Սակայն չեմ կարծում, թե որևէ մեկը տեսել է «հիբրիդային միջոցներով» հարձակում նիկոլական «ժողովրդավարության» դեմ: Որովհետև իրականության մեջ պետք է լիներ այդ «ժողովրդավարությունը», որպեսզի դրա դեմ հարձակում գործեր «ոչ ժողովրդավարական ուժերի» կողմից ղեկավարվող Ռուսաստանը: Այդ երևույթը հար և նման է Մեծն Լոռեցու «Սուտլիկ որսկանը» հեքիաթին: Եվ կարծես ասված լինի հենց այդ հեքիաթի մոտիվներով:      

Սակայն Ադրբեջանը և նրա թիկունքին կանգնած Թուրքիան իսկապես թքած ունեն նիկոլական կեղծ ժողովրդավարության վրա: Ինչը բնական է, քանի որ իրեն ժողովրդավար համարող անձն անմռունչ կատարում է թե՛ բռնապետ Իլհամի և թե՛ Թուրքիայի նախագահի համարյա բոլոր պահանջները: Ու որպեսզի իրեն չխանգարեն, օրինակ, ՀՀ այս կամ այն տարածքի բնակիչները՝ նա սեփական երկրի ժողովրդին անընդհատ վախեցնում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի հեռանկարով: Համաձայնեք, որ դա կարող էր անել միայն արտաքին թշնամին, իսկ պետության ղեկավարը կփորձեր կազմակերպել պաշտպանությունը: Իսկ եթե ի վիճակի չլիներ դա անել, ապա իր պաշտոնը կզիջեր մեկ ուրիշին: Նրան, ով կարող էր և պատրաստ էր վերցնել իր վրա այդպիսի պատասխանատվություն: