Բազմաչարչար նախագիծը՝ ԱԺ-ում, ԼՀԿ-ն «կոնտր»-ծրագիր ունի

Բազմաչարչար նախագիծը՝ ԱԺ-ում, ԼՀԿ-ն «կոնտր»-ծրագիր ունի

Երեկ վերջապես Ազգային ժողով է ուղարկվել կառավարության կառուցվածքի փոփոխության մասին բազմաչարչար օրենսդրական փաթեթը, ԱԺ հերթական քառօրյային այն կդրվի քննարկման։ Փոփոխությունների մասին քննարկումները ծավալվել են դեռեւս անցած տարվա աշնանից։ Պետական ապարատի օպտիմալացման վերաբերյալ իշխանության մտադրությունն անգամ գործադուլի առիթ դարձավ, կրճատվող նախարարությունների աշխատակիցները գործադուլ հայտարարեցին, բողոքի ձայն բարձրացրին, ինչի արդյունքում էլ թերեւս հայրենի կառավարությունը նահանջեց նախնական տրամադրություններից, համաձայն որոնց՝ պետական ապարատի կեսը «շարիկ գլորողներ» են, ու հարկավոր է ավելի քան 10 հազար աշխատակցի տուն ուղարկել։ 

Ներկայացված նախագծում, կարելի է ասել, նոր բան չկա, նախարարությունների թիվը, ինչպես խոսվում էր, 17-ից կդառնա 12, կհանվի նաեւ «առաջին փոխվարչապետի» ինստիտուտը․ ՀՀԿ-ի իշխանությունն այդ պաշտոնը մոգոնեց  հատուկ Կարեն Կարապետյանի համար, հեղափոխությունից հետո այն զբաղեցրեց Արարատ Միրզոյանը, իսկ քանի որ նա այսօր ԱԺ նախագահ է, ապա կարելի է այդ պաշտոնից էլ հրաժարվել։ Փոփոխությունների եւ օպտիմալացման առաջին փուլի արդյունքում պետական ապարատը կազատվի բացառապես մի քանի տասնյակ հայեցողական պաշտոնյաներից։ «Հարկ է նշել, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման եւ դրա արդյունքում նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին: Հետեւաբար, ակնկալվում է, որ նախարարությունների վերակազմակերպման արդյունքում անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնց թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ»,- նշված է նախագծում:

Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում, եւ միաձուլվող նախարարությունները՝ իրենց բոլոր հաստիքներով, տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաեւ՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ 2 կամ 3 ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել: Նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները, եւ արդյունքում այդ ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է «մի քանի հարյուր»։ 

Սակայն ուշագրավ է, որ հայրենի իշխանությունը գնում է օպտիմալացման, սակայն հաշվարկ չունի, թե այն ինչքանով է թեթեւացնելու պետական բյուջեի բեռը։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա ներկա պահին հնարավոր չէ գնահատել՝ պետական մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխության վերաբերյալ հստակ տվյալների բացակայության պատճառով»,- նշվում է նախագծում։ 

Ուշագրավ է, որ կառավարությանը զուգահեռ, փոփոխությունների, այսպես կոչված, «կոնտր»-նախագիծ է մշակել նաեւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով, ԼՀԿ փաթեթի համաձայն՝ նախարարությունների թիվն ավելի շատ է՝ 14։ Այստեղ կարծում են, որ պետք է ունենալ առանձին գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություններ․ հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր է մշակույթի նախարարությունը միավորել կրթության եւ սպորտի ու երիտասարդության նախարարություններին, իսկ գյուղատնտեսությանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն: Հիմնավորումն այն է, որ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարությունների գործառույթները շատ դեպքերում «համադրելի են եւ փոխլրացնող», քանի որ, ինչպես ներկայացված փաթեթում է նշվում, «բիզնեսի, գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի եւ տնտեսությունում դրա սպառման, ինչպես նաեւ դրա արտահանման, տնտեսական զարգացման քաղաքականությունների մշակման գործընթացներն ընթանում են զուգահեռ եւ փոխհամաձայնեցված, որի պարագայում առավել նպատակահարմար կլինի դրանք իրականացնել միասնական մեկ կառույցի կողմից»: 

ԼՀԿ նախագծով առհասարակ առաջարկվելու է թոթափել սուպերվարչապետական համակարգը, որը նախկինում քննադատվում էր ընդդիմադիր Փաշինյանի եւ իր թիմակիցների կողմից։ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել, այսօր նրանք ասուլիս են հրավիրելու այդ թեմայով։ Նա ասաց միայն, որ իրենց մշակած կառուցվածքն իր մեջ ունի ե՛ւ օպտիմալացում՝ ուռճացված կառավարության հետ կապված, ե՛ւ խորհրդարանական վերահսկողություն։ Նա շարունակում է պնդել` ուժային կառույցները պիտի խորհրդարանական վերահսկողություն ունենան: «Սահմանադրությունը երբ գրվել է, գրվել է այն տրամաբանությամբ, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով դա կլինի, հետո Սահմանադրության ոգին խեղվել է «Պետական կառավարման մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքներով: Այդ օրենքներն ընդունվեցին, Սահմանադրությունը խեղվեց, եւ Հայաստանը դարձավ վարչապետական երկիր: Հիմա այդ համակարգը չի փոխվել, նույնությամբ մնացել է»,- ասաց նա։

Մասնավորապես, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո՝ նախարարությունների տեսքով։ Նա չի հերքում՝ այսօր էլ ԱԱԾ ղեկավարն ու ոստիկանապետը պատրաստակամ են հանդիպել ու պատասխանել խորհրդարանականների հարցերին, սակայն իրենք ցանկանում են խնդիրը լուծել ինստիտուցիոնալ։