Մեղրիում նոր հրամանատարներն արմատախիլ էին անում գողական բարքերը

Մեղրիում նոր հրամանատարներն արմատախիլ էին անում գողական բարքերը

Մեղրիի զորամասում կատարված արտառոց միջադեպի վերաբերյալ հակասական տեղեկություններ են տարածվում։ Ըստ դրանց, զորամասի 600 զինծառայողներ որոշել են ինքնակամ լքել զորամասն այն բանից հետո, երբ հրամանատարը կտրել է զինվորներից մի քանիսի մազերը եւ պատռել հագուստը։  

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բացատրությունից հետեւում է, որ քննություն է ընթանում, բունտը ծագել է, երբ մի քանի զինծառայողներ, որոնք փորձել են զորամասում իրենց կանոնները հաստատել, պատժվել են հրամանատարի կողմից։ «Նշված դեպքի կապակցությամբ, որն այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն, եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»,- տարածել է ՊՆ խոսնակը՝ կարգազանց սպաների անունները չնշելով։ Կարգազանցներին մարտի 17-ին ուղարկել են Ստեփանակերտի կարգապահական զորամասեր։ 

Փաստորեն, Արցախը հայկական բանակի «շտրաֆբատն» է։ Բայց ինչ է իրականում կատարվել Մեղրիի զորամասում, հայտնի չէ։ Վերջին տեղեկությունները տարածել է Մեղրիի «Զանգեզուր» հեռուստատեսությունը։ Ըստ ռեպորտաժի, հրամկազմին զայրացրել է զինվորների վարքը, այն, որ «նրանք փոխում էին հագուստի ձեւը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի»։ Ո՞վ է այդ տղան, բունտի կազմակերպիչը, որի հրամանով 600 հոգուց ավելի զինվորներ են ոտքի ելել՝ անտեսելով մի քանի տասնյակ սպաների խոսքը։ Հայտնի է միայն նրա անունը՝ Կարո, նա 19 տարեկան է, մեր տեղեկություններով, հարուստ ընտանիքից չէ եւ իր «արտոնյալ» դիրքը, որի մասին այս օրերին գրվում է, վաստակել է բացառապես ինքնուրույն։ Եթե նա կարողացել է ղեկավարել մի քանի հարյուր զինվորների (ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 600, ոչ պաշտոնական տվյալներով՝ 800 հոգու), նշանակում է ե՛ւ սպայի համար անհրաժեշտ դիրք ունի, ե՛ւ կամք։ Ուստի նրա հետ կարելի էր դաստիարակչական աշխատանք կատարել։ Մեկուսացնել զորամասից, բացատրել, որ պետության հետ գործ ունի, որ ճանաչի իր տեղը, ապա ուղարկել ուսման, կրթել, սպա կերտել նրանից։ Երկրորդ ասպեկտը՝ Մեղրիի դեպքերի, ժամանակայինն է։ 

Բունտը չէր կարող հասունանալ մեկ օրում՝ ընդամենը մազ կտրելու կամ հագուստ պատռելու հետեւանքով։ Կարոն նույնիսկ առանձին սենյակ է ունեցել զորամասում, եւ այս արտոնությունը մի օրում չէր կարող գոյանալ։ 

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանը, որը Մեղրիի բնակիչ է, Մեղրիի դեպքերի իր վարկածն ունի։ «Այդ հրամանատարը մի քանի ամսվա հրամանատար է։ Մեղրիի զորամասի ղեկավար կազմը նոր է։ Գաղտնիք չի, որ բանակում արմատավորված է գողական բարքերով կառավարելու հեշտ մեթոդը։ Հրամկազմը փորձել է արմատախիլ անի այդ բարքերը, հանդիպել է դիմադրության, բայց հաջողություն ունեցել է»։ Ըստ Դավիթ Մաթեւոսյանի, գողական կառավարումը բանակում ձեւավորվել է Վազգեն Սարգսյանից հետո եւ Սեյրան Օհանյանի օրոք հասել է կատարելության։ «Մի կողմ դնելով Մեղրիի թեման, հրամանատարության կողմից արտոնություններ ունեցող ու փողոցային մտածողությամբ աչքի ընկնող զինվորներն ավելի ազդեցիկ են, քան միջին հրամանատարական կազմը, քան, ասենք, մի միջին սպա կամ կապիտան, որոնք շառից հեռու լինելու մտայնությամբ նկատեն, բայց չխառնվեն կանոնադրային հարաբերությունների խախտումներին։ Ես կարծում եմ՝ լավ կլինի, որ նախադեպ դառնա Մեղրիի զորամասի փորձը։

Այնտեղ փորձ է արվել արմատախիլ անել այդ գողական կառավարումը»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը։ Գուցե այդ արտոնյալ տղաների հետ պետք է աշխատե՞լ, նրանց հրամանատարական հատկություններն ավելի՞ ճիշտ հուն ուղղել։ Դավիթ Մաթեւոսյանը համաձայն չէ։ «Գողական աշխարհ ասվածը հայտնի է իր կազմակերպվածությամբ՝ վատ իմաստով կազմակերպվածությամբ։ Բանակում պետք է գործեն միայն կանոնադրային հարաբերություններ։ Ուրիշ բան է, որ ամբողջ աշխարհում էլ նրանց տանում են կարգապահական վաշտեր։ Հենց դա էլ արել են, որ հանդիպել են դիմադրության։ Եթե որեւէ գործոն խանգարում է կանոնադրական հարաբերություններին, այն պետք է չեզոքացվի»։