«Հրապարակ». Այնքան մութ հարցեր կան` այնպես են խճճել, որ ինչ ուզենան` անեն

«Հրապարակ». Այնքան մութ հարցեր կան` այնպես են խճճել, որ ինչ ուզենան` անեն

«Ասե՛ք՝ կանե՛նք» կարգախոսով քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը որոշել է տրանսպորտի գինը թանկացնել: Մինչդեռ տարիներ առաջ, երբ տրանսպորտը նախկինները ցանկանում էին 150 դրամ դարձնել, Տարոն Մարգարյանի դեմ ակցիաներ էին անում։ Ընդ որում` եթե այն ժամանակ պարզ էր, որ ուղեվարձը 50 դրամով թանկանալու է բոլորի համար, ապա այս դեպքում հայտնի չէ, թե վերջին հաշվով ինչքան է բարձրանալու, որովհետեւ ՔՊ-ականները քաղաքացիներին շփոթեցնելու փառահեղ մեխանիզմ են գտել, որի մասին օրեր առաջ հայտնեց Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը։ «Օրինակ, վերցնենք «365 օր» տոմսի արժեքը: 1000 ուղեւորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկան տոմսը՝ 110 հազար դրամ: Ընթերցողին կթվա, որ եթե տարեկան տոմս գնի, թանկացումը կկազմի 10 դրամ: Ընդունենք՝ միջին ուղեւորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ, շաբաթը 6 օր: Շաբաթական՝ 12 տոմս, 1 ամսվա մեջ՝ 48 տոմս, եւ, հետեւաբար, տարեկան 576 տոմս: Կլորացնենք դեպի վեր՝ 600 տոմս:

Այժմ 110 հազարը բաժանեք 600-ի եւ կտեսնեք, որ միջին ուղեւորի համար մեկ տոմսի սակագինը կազմեց 180 դրամ»,- գրել էր Խաժակյանը: Հետագայում պարզվեց նաեւ, որ ժամային սահմանափակումներ էլ կան։ ««70 րոպե» թղթային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղեւորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը՝ 100 դրամ: Այսինքն՝ տոմսի արժեքը 300 դրամ»,- գրել էր Խաժակյանը։

Այլ կերպ ասած՝  Երեւանում տրանսպորտից օգտվելու համար հանրահաշվի եւ երկրաչափության գիտելիքներ է պետք ունենալ, նաեւ՝ վազորդի որակներ, որ հետեւեն՝ 70 րոպեն չլրանա հանկարծ, ու հասցնեն հաջորդ տրանսպորտը նստել։
Երեւանի տրանսպորտի վարչության նախկին ղեկավար Հենրիկ Նավասարդյանը, ով 150 դրամի շրջանում էր աշխատում եւ դարձել էր հանրության թիրախը, որ 50 դրամով բարձրացնում են գինը, երեկ մեզ հետ զրույցում օրինակ բերեց՝ իսկ եթե գյուղացին գալիս է քաղաք՝ իր որդուն տեսնելու, նա ի՞նչ փաթեթ գնի։ «Այնքան մութ հարցեր կան, հենց այդպես խճճել են, որ ինչպես ուզենան, այդպես անեն․ ամսվա կեսից աբոնեմենտը բարձրացնենք, չգիտեմ՝ տուրիստի համար՝ առանձին․․․, խեղճ գյուղացին, որը գալիս է Երեւան՝ իր զավակին տեսնելու, ի՞նչ է անելու, նա, բնական է, ամսական կամ շաբաթական չի վերցնելու։ Ենթադրենք՝ ամսվա մեջ մի 5 անգամ գալիս է իր ուսանող երեխային տեսնելու, ինչքա՞ն է վճարելու, տուրիստի գի՞ն»,- ասաց Նավասարդյանը։ Նրան հարցրինք նաեւ, թե տրանսպորտի գինը թանկացնելու պատճառը ո՞րն է, չէ՞ որ իրենց բերած ավտոբուսների մի մասը հոսանքով է աշխատում։ «Իհարկե, կեսն էլեկտրոբուս է, մենք եւս բերել էինք՝ 180 հատ «Հյունդայի» էինք բերել, 250 հատ էլ «Հագեր» մակնիշի մեքենաներ էինք բերել եւ ասում էինք, որ եթե գինը բարձրանա, մենք մի տարում բոլորը կփոխենք, եւ պետության բյուջեից չէր գնալու, մասնավորն էր ներդրում անելու»,- ասաց Նավասարդյանը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի հետ՝ հարցրինք. ընդհանրապես, տրանսպորտը ե՞րբ են թանկացնում, ի՞նչ օբյեկտիվ պատճառ կարող է լինել թանկացման համար։ «Թանկացնում են այն ժամանակ, երբ ստացված շահույթն ավելի քիչ է, քան կատարած ծախսերը, արդարացման միակ միջոցը դա է։ Այսինքն՝ եթե կատարում ես X ծախս, ստանում ես դրա կեսը, ո՞վ պետք է տարբերությունը ծածկի․ կա՛մ ուղեւորը, կա՛մ պետությունը, կա՛մ քաղաքապետարանը։ Միշտ էլ քաղաքային տրանսպորտը՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի ցանկացած երկրում, որոշակի չափով դոտացիա է ստանում, այսինքն՝ քաղաքապետարանը կամ պետությունը ծախսերի մի մասն ինքն է փակում, եւ, ենթադրենք, ուղեւորի տեղափոխումն արժե 300 դրամ, որոշում են կայացնում, որ, օրինակ, 100 դրամը մենք ենք վճարում, 200 դրամը, քաղաքացի, դու վճարիր, կամ հակառակը։ Անընդհատ պետք է ուսումնասիրություն կատարել, ուղեւորահոսքը ճիշտ գնահատել կամ ճշտին մոտիկ։ Ըստ դրա որոշել, թե ինչքան շահույթ ենք ստանում, եւ տեսնել, թե այս մեքենաներն ինչքան ծախս են անում։ Տարբերակը սա է։ Հիմա եթե ասում են՝ 160 դրամ, 180 դրամ եւ այլն, ապա առաջին հերթին պետք է ճիշտ հաշվարկ, եւ քաղաքացուն պետք է բացատրել, ասել՝ գիտեք ինչ, քեզ տեղափոխելն արժի 210 դրամ, բոլորս միասին փորձում ենք գտնել այդ 210 դրամը․ մի մասը քաղաքապետարանն է տալիս, մի մասը՝ կառավարությունը, մյուս մասն էլ դու ես վճարում։ Այդ մարդուն նաեւ պետք է բացատրել, թե իր վճարածով ինչ հարմարություն է ստեղծվում․ գործի գնալիս 10 րոպե շո՞ւտ է հասնում, կանգառում քի՞չ է կանգնում, նստա՞ծ է գնում եւ կանգնած չի գնում։ Այս ամենը պետք է բացատրել, իսկ եթե չկարողանաս բացատրել, մարդիկ, իհարկե, ընդվզելու են»,- ասաց Քոչինյանը։