Փետրվարի 7-ին Երեւանի ավագանին «Հանրային ձայն» խմբակցության աջակցությամբ նիստ գումարեց՝ ավագանու մանդատներից զրկելով մի քանի ընդդիմադիրների, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու նիստը բավականին թեժ էր` փոխադարձ վիրավորանքներով լի: «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը Մարությանին կոչ արեց «լիֆ» հագնել եւ անվանեց «սուպերմամա»: Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետեւ դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ, այո, ես առաջադրվելու եմ որպես թեկնածու»:
Անդրադառնալով իրեն մանդատից զրկելու որոշմանը՝ նա ասաց. ««Քաղաքացիական պայմանագիրն» այնպիսի արհավիրքներ է բերել հայ ժողովրդի գլխին, որ նրանից ամեն ինչ սպասելի է։ Սա երեւի ամենափոքր միջադեպերից մեկն է։ Իշխանությունն այստեղ գալիս եւ ուղղակի դակում է վերեւից իջեցրած հրամանները, ոչ մի բան չեն անում, վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետեւանքներ դա պետք է ունենա, ինքներս կարող ենք տեսնել՝ 160 հազար դրամ կարմիր գծերը թանկացնելուց հետո բացարձակ ոչ մի ձեւ տրանսպորտը չբեռնաթափվեց։ Ես չեմ ճանաչում ոչ մեկին, որ այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը եւ տրանսպորտից է օգտվում՝ բեռնաթափելով երթեւեկությունը։ Մենք ասում էինք՝ ձեր նպատակը ո՞րն է, բեռնաթափե՞լը` չի լինելու, որովհետեւ մարդը երբ իր ավտոմեքենան թողնում է տանը, պետք է տրանսպորտ ունենա, որ կարողանա օգտվել, որ գնա աշխատանքի եւ այնտեղից հասնի տուն, չեք ապահովել այդ տրանսպորտը, ինչո՞ւ եք թանկացնում։ Կոնկրետ թալան է, որովհետեւ սա չի վերաբերում հարուստներին, որովհետեւ նրանց համար 160 թե 500 հազար լինի, մեկ է՝ կտան հանգիստ։ Սա ազդել է իրապես միջին դասի եւ սոցիալական խնդիր ունեցող մարդկանց վրա․ այն մարդկանց վրա, որոնք կոպեկ առ կոպեկ հաշվում են իրենց գումարները, որ գոնե երեխային 6 ամիսը մեկ կոշիկ առնեն»։ Մենք զրուցել ենք Մարությանի թիմակից` ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ:
- Հայկ Մարությանին զրկեցին ավագանու մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան:
- Արամ Մանուկյանը: Նա «Ազգային առաջընթաց» կուսակցությունից է:
- Ո՞րն է ձեր հաջորդ քայլը լինելու: Տպավորություն է, թե իշխանությունը Հայկ Մարությանին համարում է իր թիվ 1 մրցակիցը, եւ ամեն բան անում են նրան լռեցնելու համար:
- Իրականում Մարությանին մանդատից զրկելով մեզ մեծ վատություն չեն անում: Նրան չեն կարողանալու զրկել քաղաքապետարան մտնելու իրավունքից: Մենք ազատ կարող ենք նրան հանրային լսումների հրավիրել, կազմակերպել հանդիպումներ քաղաքացիների հետ եւ այլն: Այնպես որ, մեզ չեն վնասում այս որոշմամբ, միայն մեկ խնդիր կա․ Ավինյանին իմպիչմենտ հայտնելու դեպքում չենք կարող մեր միասնական թեկնածուին` Հայկ Մարությանին առաջադրել: Այս իշխանություններն ունեն մտավախություն, որ ընդդիմադիրները կարող են կոնսենսուսի գալ եւ հեռացնել Տիգրան Ավինյանին` համախմբվելով Մարությանի շուրջ:
- Նշել էիք, որ Մարությանը պատրաստվում է կուսակցություն հիմնել:
- Մեր բազմաթիվ համակիրներ ուզում են մեկ քաղաքական միավորում հանդես գալ: Հայկ Մարությանը փորձում է այսօր քաղաքական ձեւաչափ տալ թիմին: Դեռեւս ոչ մի կոնկրետ բան չկա, աշխատանքներ են տարվում, ժամանակատար աշխատանք է:
- Անի Խաչատրյանը տեղից ռեպլիկներ թողեց՝ Մարությանին «սուպերմամա» անվանելով: Ավագանիում չկա՞ էթիկայի հանձնաժողով, որը կքննի նման միջադեպերը:
- Քաղաքապետարանում կան բարեվարքության կանոններ, բայց դրանք ավագանու անդամներին չեն վերաբերում, այլ քաղաքապետարանի պաշտոնյաներին: Ավագանու մասով չկան նման կարգավորումներ: Անի Խաչատրյանի ոճին ծանոթ լինելով պետք է ասեմ, որ դա ինձ համար նորություն չէ: Արդեն մի քանի տարի է՝ մենք տեսնում ենք նույն պատկերը: Այստեղ խնդիր ունի «Հանրապետություն» կուսակցությունը, որովհետեւ երբ դու ընտրում ես մեկին քո թիմի առաջին դեմք, ով ունի այդպիսի խոսույթ, դա արդեն խոսում է քո որակի ու արժեհամակարգի մասին:
- Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանն էլ հայտարարել է, որ կողմ է տրանսպորտի գնի եռապատկմանը: Առաջ ե՞ւս կողմ էին նրանք:
- Առաջ երբեք նիստերի դահլիճում նման հարց չի քննարկվել: Լինելով ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր՝ բնական է, որ Զեյնալյանն այդպիսի դիրքորոշում է հայտնում:
- Ձեր կարծիքով` որքա՞ն կձգի մայրաքաղաքային իշխանությունը:
- Դժվար է ասել, թե նրանց դեռ որքան կհաջողվի պահել իրենց քաղաքական «անասնագողությունը», ինչու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մարդիկ կարողանում են հայհոյելով ընդդմադիրի համբավ ստեղծել, ձայներ ստանալ, ֆրակցիա ստեղծել եւ հետո օգնել իշխանություններին՝ վերարտադրվել: Այսինքն` անկանխատեսելի է իրավիճակը, սակայն ես կարծում եմ, որ այս ավագանու «կյանքը» շատ կարճ է լինելու: Շատ ամոթ կլինի, որ Հայաստանի մայրաքաղաքն ունենա այսպիսի ավագանի: Սա խայտառակություն է: Ողջ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում քաղաքական առեւտուր: Ես արտահերթ ընտրություններից բացի այլընտրանք չեմ տեսնում: