Պարոն վարչապետ, հանուն մեծ նպատակի պիտի հրաժարվեիք փոքրից և անձնականից

Պարոն վարչապետ,  հանուն մեծ նպատակի պիտի հրաժարվեիք փոքրից և անձնականից
Նիկոլ Փաշինյան

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ․
———————————————

Այսօր մեր ժողովրդին հրամցվում է բանականության մեջ չտեղավորվող անակնկալ մի իրողություն․ կառավարությունը գնում է վա բանկ։ Ձեր գերնպատակին հասնելու համար դիմում է աննախադեպ քայլի՝ կաշառելով Սահմանադրական դատարանի անդամներին, փորձում է նրանց մեկուսացնել զբաղեցրած պաշտոնից և այդ տեղում խորհրդարանի միջոցով նշանակել Ձեզ հլու - հնազանդ մարդկանց։ Այսինքն ուզում է ունենալ վարչապետի գրպանում տեղավորվող Սահմանադրական դատարան։ Ինչու՞․ այդ հարցին պատասխանելու համար սկսենք մի փոքր հեռվից։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, օգտագործելով Ղարաբաղյան խաղաքարտը, եկավ իշխանության, որից հետո փորձեց Ղարաբաղը դնել ֆաշիստական Ադրբեջանի ենթակայության տակ, մի երկրի, որն իրականացրել էր Սումգայիթ, Բաքու և Կիրովաբադ։ Լևոնը մոտ էր իր նպատակին, սակայն այդ հանցագործ քայլը կանխեցին Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը՝ ստիպելով նրան դիմել հրաժարականի։ Լևոնը, որն ուզում էր անուղղակիորեն ոչնչացնել հայ ժողովրդի ստվար հատվածներից մեկին, և որը ժողովուրդների պատմության չունի այդպիսի սահմռկեցուցիչ նմանատիպ օրինակ, այդ Լևոնը Ձեր հովանավորությամբ ապրում է փառք ու պատիվների մեջ՝ ստանալով պետական մեծ հատկացումներ։

Սերժ Սարգսյանը, որին ժողովրդի աջակցությամբ տապալեցիք որպես բռնապետի, նույնպես առոք-փառոք վայելում է կյանքը։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը, որի մեղավորության աստիճանը պետք է որոշի Սահմանադրական դատարանը, Դուք չեք վստահում նրան, թեև այնտեղ նստած են ոչ մի բանի մեջ չկասկածվող ազնիվ մարդիկ։ Չեք վստահում, քանի որ Ձեզ հետաքրքրում է ոչ թե օբյեկտիվ վճիռը , այլ այն վճիռը, որը ցանկալի է Ձեզ։ 

Պարոն վարչապետ, ասացեք, խնդրեմ ՝ այդտեղ կարո՞ղ է լինել արդարություն։ Ֆեյսբուկում և թերթերում ես բազմաթիվ կոշտ հոդվածներ եմ գրել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ես գրավոր ներողություն եմ խնդրել մեր ժողովրդից, որ դժբախտություն եմ ունեցել իմ սիրելի Լոռիում ապահովելու նրա ընտրահաղթանակը։ Ես քոչարյանական չեմ, բայց ես, որի միակ կապիտալն ազնվությունն է, ներկա պահին Ռոբերտ Քոչարյանին դիտում եմ որպես զոհի, որ դեմ գործի է դրված իշխանական ամբողջ ռեսուրսը։ Հարգելի Նիկոլ այդպես չի կարելի։ Ես նույնիսկ ենթադրում եմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը։ Դուք ցանկանում եք ամեն գնով դատապարտել Քոչարյանին, որ հնարավորություն ստանաք՝ դիմել Գերագուն դատարան և հանձնարարել, որ արդարացնեն Ձեր դատվածությունը։

Հարգելի Նիկոլ, բայց Դուք դրա կարիքը չունեք․ ժողովուրդը, Ձեզ ընտրելով վարչապետ, արդեն լիովին արդարացրել է, ավելի լավ , քան կարող է անել երկրի վրա որևէ դատարան։ Հարգելի Նիկոլ, Ռոբերտին անպայման դատելու համար իզուր, շատ անտեղի փչացրիք Փաշինյան - Պուտին և Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները, որի ծանր հետևանքները մեր ժողովուրդը դեռ զգալու է և Հայաստանում, և Ռուսաստանում։

Պարոն վարչապետ, Դուք պիտի այդպես չսխալվեիք, հանուն մեծ նպատակի պիտի հրաժարվեիք փոքրից և անձնականից։ Իսկ ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի անդամներին, եթե նրանք ընդունեն այդ անօրինական և քրեորեն դատապարտելի «նվերները» , նստեն տանը և ստանան անաշխատ փողերը, պատմությունը կդատապարտի նրանց որպես անարժան մարդկանց, որպես դավաճանների, որոնք խուսափել են երկրի առաջ իրենց պարտքը կատարելուց։ 

Պարոն Վարչապետ, ես Ձեզ և մեր ժողովրդին ուզում եմ հեռու պահել փորձությունից, Ձեր ընտրած վտանգավոր տարբերակի շատ սուր զարգացումներից։ Խորհուրդ եմ տալիս հետ կանչել կառավարության նախագիծը և առաջ շարժվել ճիշտ ուղիով․․․

Ձեզ և մեր ժողովրդին երջանիկ տեսնելու ցանկությամբ՝

Պատրիկ ԱՐՏԵՄԻ