Խաղաղության կոնգրեսն էր մեծ Պրահայում գեղեցիկ

Խաղաղության կոնգրեսն էր մեծ Պրահայում գեղեցիկ

Պրահայում Ալիեւի եւ Էրդողանի բարձր տրամադրությունից կարելի էր գուշակել, թե նրանք ինչ նոր, իրենց համար շահեկան պայմանավորվածություն են ձեռք բերել Փաշինյանի հետ: Ալիեւն ասաց՝ Հայաստանի հետ առաջ ենք գնում դեպի խաղաղություն եւ այդ ընթացքը մտադիր ենք արագացնել, իսկ Էրդողանն էլ հայտարարեց, որ Հարավային Կովկասը վերջապես կխաղաղվի, որովհետեւ Հայաստանի հետ երկխոսություն կա այդ թեմայով: Նիկոլից ու Արարատ Միրզոյանից լուր չկա, ո՛չ հռռում են, ո՛չ՝ բռռում: Մի բան պատահած չլինի՞: Նիկոլի դեմքից, շատ ներողություն, ք.ք էր թափվում: Երեւի վերջապես հասկացրել էին, թե ինչ են ուզում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից: Ի՞նչ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, տղա ջան… Պետք է մոռանաս:

Հայաստանում 2.5 միլիոն չե՞ք, ընդամենը: Ձեզ Կոտայքի մարզը՝ Աբովյան քաղաքով, ծով ա: Այլապես զավթել եք մեր հողերը քիչ չէ, մի հատ էլ այստեղ-այնտեղ ձեր իրավունքներն եք ճոճում: Գնա՝ մտածիր… Միրզոյանի հոլիվուդյան ժպիտներից ոչինչ կանխագուշակել հնարավոր չէր, բայց, ահա, Փաշինյանի դեմքից, ինչպես ասացի, ք.ք էր թափվում: Մի ուրիշ կարգի էր սեւացած, մորուքը՝ խռիվ, մազերն էլ բոքս էր կտրել, թե ինչ, դրանից ականջները մի տեսակ երկարած էին ու կախված: Էնքան էր նմանվել գեներալ Գագոյին, որ էլ չասելու: Հայաստան գա՝ ամեն դեպքում, մի հատ վախը բռնեք: Տիկին Հակոբյան, մարդդ որ տուն գա, կտանես «Փեթակ», մի ձեռք կոստյում կառնես իր հագով: Շալվար է՞ր նրա հագին, թե՞ ինչ: Ձագը կախվել էր մինչեւ ծնկները… Ասենք՝ Ալիեւի եւ Էրդողանի արանքում կարող էր նաեւ տակը լցրած լինել: Մի բան կար, չէ՞, որ Մակրոնը մոտեցավ, դուխ տվեց, մի քիչ փոխեց խոսակցության թեման:

Քաղաքականությունը, սիրելի ընթերցողներ, նաեւ այսպիսի մանրուքների մեջ է, իսկ Նիկոլի պարագայում՝ հատկապես այսպիսի մանրուքների: Դուք էլ տեսաք, երեւի, որ ԱԺ-ում ՀՀ նախագահներին անխնա «քննադատող» տղայից ոչինչ չէր մնացել Պրահայում: Ոմանք ասում են՝ խորամանկ է, խեղճություն է խաղում: Արտաքին քաղաքականության մեջ, սիրելիներս, խեղճություն չի կարելի խաղալ: Այնտեղ պետք է դուխդ ցույց տաս, մի բան էլ հոխորտաս, ասես, որ գրպանումդ ատոմային ռումբ ունես: Իսկ խեղճությունը, ոնց ասեմ, ներքին լսարանի, ավելի ստույգ՝ սոփական ընտրազանգվածի եւ թիմակիցների համար է: Պիտի գա պատմի, չէ՞, ինչ եղավ Պրահայում, իրեն ինչ ասին Էրդողանն ու Ալիեւը, ինքը բանավոր ինչեր պայմանավորվեց: Մինչդեռ այդ ամեն ինչի տակ պարտություն կա, պարտություն, պարտություն, պարտություն… Ու ծոր է տալիս այդ խեղճությունից նրա ներքին ձայնը. «Ինձ ճիշտ էին ասում՝ նոյեմբերի 9-ին պիտի սիկտիրս քաշած լինեի, էս ի՞նչ փորձանքի մեջ ընկա»:

Նույն երեկոյան, երբ Պրահայի կադրերով համացանցն արդեն լցված էր ափեափ, առիթ ունեցա շփվելու մի խելացի անձնավորության հետ եւ խոսքի մեջ անհանգստությունս հայտնեցի Փաշինյանի այլայլվածության կապակցությամբ: Ասի՝ կարծում եմ, վատ փաստաթուղթ է լինելու մեզ համար: Նա էլ, թե՝ սխալվում ես, ոչ թե վատ, այլ շատ վատ փաստաթուղթ է լինելու, այնքան վատ, որ գերազանցելու է մեր ամենավատ սպասումներն անգամ: Զրուցակիցս նաեւ բավականին ինֆորմացված անձնավորություն էր, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր, արտաքին հարաբերությունների ոլորտում տարիներ աշխատած: Ու հիմա մտածում եմ, թե Նիկոլն ինչպես է մի օր մտնելու Հայաստան՝ այդ շատ վատ փաստաթուղթը ստորագրած: Եվ դա պետք է դառնա մեր խաղաղության փաստաթո՞ւղթը: Նման փաստաթղթից ամեն մի փոքրիկ շեղում տարիներ շարունակ դիտարկվելու է որպես շեղում խաղաղությունից: Այլեւս ոչ մի պահանջ, վերջ: Դա լինելու է մեզ պարտադրված խաղաղություն: Պարտադրողները հայտնի են, պարտադրելու ձեւն էլ արդեն իմացան՝ մի հատ կրակում ես՝ իսկույն չոքում են դեմդ, մի հատ պսպղուն թուղթ ես ցույց տալիս՝ ոսկի ասելով՝ վազում են… Եվ այսպես տարիներ, եւ այսպես պարբերաբար մեզ խաղաղություն կպարտադրեն, մինչեւ վերանանք:

Տա Աստված՝ ես էլ, բարեկամս էլ, բոլոր վատը մտածողներն էլ սխալվենք, ու մի հրաշքով նորմալ փաստաթուղթ լինի, ոչ թե Հայաստանի սեւ թուղթը: Ճիշտ է, առանց Արցախի լավ փաստաթուղթ պատկերացնելն անշնորհակալ գործ է, բայց Աստծուց ավելի շատ պահանջելն էլ մի բան չէ: Ես նույնիսկ չգիտեմ՝ թշվառականի տեսքով Աստծուն ներկայանալն ու փրկություն աղերսելը պատշաճո՞ւմ են արդյոք մի մարդու, որ վարչապետ է դարձել Աստծու դռները փշրելով, ստով, կեղծիքով, խառնակչություններով ու քաղաքական անբարոյականի վարքով: