Հայաստանը պաշտոնապես է հրաժարվում Արցախից ու արցախահայությունից. ՀՀ բյուջեում արցախցիները ներկայացվում են որպես Ադրբեջանում բնակվող հայեր

Հայաստանը պաշտոնապես է հրաժարվում Արցախից ու արցախահայությունից. ՀՀ բյուջեում արցախցիները ներկայացվում են որպես Ադրբեջանում բնակվող հայեր

Հայաստանի կառավարությունն այլեւս չի էլ թաքցնում, որ պաշտոնապես հրաժարվել է Արցախի որեւէ կարգավիճակի շուրջ Ադրբեջանի հետ բանակցելուց՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին ճանաչելով որպես Ադրբեջանի Հանրապետության էթնիկ փոքրամասնություն, որոնք ենթարկվում են ճնշումների: Հայաստանի կառավարության կողմից ներկայացված 2023 թվականի բյուջեի նախագծում Արցախի Հանրապետության քաղաքացիները ներկայացված են որպես այդ տարածքում բնակվող հայեր՝ ոչ ավել եւ ոչ պակաս:

2023 թվականի բյուջեի նախագծում իներցիայի ուժով մի պարբերություն է մնացել, որը վերաբերում է Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող բյուջետային վարկին: Այդ ձեւակերպումը բյուջեի նախագծում ներառվել է իներցիայով, քանի որ այն մշտապես եղել է նախորդ բյուջեների նախագծերում. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կառավարությունների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ»: Նման ձեւակերպման առկայությունը Հայաստանի Հանրապետության բյուջեներում նշանակում էր, որ Հայաստանը դե ֆակտո եւ դե յուրե ճանաչում է Արցախի Հանրապետությունը: «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը հաստատվում է խորհրդարանի կողմից եւ ենթակա է պարտադիր կատարման: Օրենքի մեջ «Արցախի Հանրապետություն» եզրույթի օգտագործումը հաստատում է, որ Հայաստանը միջպետական վարկ է տրամադրում իր կողմից ճանաչված այլ պետության:

Եթե Հայաստանի 2023 թվականի բյուջեի նախագիծը սահմանափակվեր միայն այս ձեւակերպմամբ, մենք կհամարեինք, որ ամեն ինչ նորմալ է, եւ Հայաստանի կառավարությունը շարունակում է իր նախորդների քաղաքականությունը՝ Արցախը համարելով իր կողմից ճանաչվող պետություն: Մինչդեռ բյուջեի նախագծի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող մասում կա մի ձեւակերպում, որը որեւէ կասկած չի թողնում, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախի ու նրա քաղաքացիների նկատմամբ ունեցած իր բոլոր պարտավորություններից, իսկ արցախահայությանը դիտարկում է որպես Ադրբեջանի կազմում ապրող էթնիկ փոքրամասնություն: Բյուջեի նախագծի՝ արտաքին քաղաքականության բաժնում այսպիսի ձեւակերպում կա. «Հավատարիմ լինելով խաղաղության եւ ուժի չկիրառման սկզբունքներին, եւ չնայած Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ այլատյացության դրսեւորումներին եւ ռազմատենչ հռետորաբանությանը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին՝ պատրաստ ենք աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ»։ Ուշադրություն դարձրեք «Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ» ձեւակերպմանը:

Ո՞ր հայերի մասին է խոսքը, չլինի՞ թե նախորդ դարի 90-ականների սկզբի ջարդերից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքում պատահաբար մնացած հայերի: Թե՞, այնուամենայնիվ, Արցախի բնակչության, որը 30 տարի առաջ ինքնորոշվել է եւ ստեղծել իր պետությունը: Կամ՝ հակամարտության ինչպիսի՞ կարգավորում է պատկերացնում Հայաստանը, գուցե մի կես բառով գրվեր, որ այդ կարգավորումը պատկերացնում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման եւ միջազգային ճանաչման սկզբունքների շրջանակներում:

Ուշադրություն դարձրեք․ Հայաստանի կառավարությունը չի խոսում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի մասին, այլ խոսում է այլատյացության եւ ռազմատենչ հռետորաբանության մասին: Կարծես Ադրբեջանի իշխանության նպատակը ոչ թե Արցախը որպես պետական կազմավորում վերացնելն ու արցախահայությանը ոչնչացնելն է, այլ, ասենք, սեփական լեզուն կամ մշակույթն ունենալու հնարավորության սահմանափակումը:
Մի՞թե ավելի ողորմելի ձեւակերպում կարելի էր գրել ՀՀ կառավարության կողմից ձեւակեպված եւ խորհրդարանի հաստատմանը ներկայացված օրենքի նախագծում: Այնքան ողորմելի, որ հանկարծ Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը չմեղադրի Արցախի եւ նրա ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում ինչ-որ հավակնություններ ունենալու մեջ: 

Իմաստ չունի առանձնապես զարմանալ, որովհետեւ որքան ողորմելի են Հայաստանի իշխանությունն ու նրա ներկայացուցիչները, նույնքան ողորմելի պետք է լինի նրանց կողմից իրականացվող քաղաքականությունը եւ, հետեւաբար՝ կազմված փաստաթղթերը: Բյուջեի նախագծի՝ պաշտպանության նախարարության ֆինանսավորմանը նվիրված բաժնում ասվում է. «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 501,285.9 մլն դրամ` ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից 160,716.6 մլն դրամով կամ 47.2%-ով ավելի»: Իսկ ինչո՞ւ է ավելացվում այդ ֆինանսավորումը, ի՞նչ նպատակով, ումի՞ց պաշտպանվելու համար: Բացարձակ ոչ մի խոսք, ոչ մի հիշատակում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի բռնազավթման եւ Հայաստանն այդ բռնազավթումից ազատելու մասին: 505 միլիարդի փոխարեն ուզում է 500 տրիլիոն ծախսեք, ի՞նչ տարբերություն, եթե պետք է շարունակեք Ալիեւից ու Էրդողանից խաղաղություն եւ իշխանություն մուրալ:

Ավետիս Բաբաջանյան