Պրահայի շրջադարձը եւ Էրդողանի ցուգցվանգը

Պրահայի շրջադարձը եւ Էրդողանի ցուգցվանգը

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ 16 այլ` ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական երկրների ղեկավարներ Չեխիայում էին՝ Պրահայում, Պրահայի ամրոցում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով գումարված երկօրյա գագաթնաժողովին էին մասնակցում: Իսկ հոկտեմբերի 7-ին նախատեսված էր ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս գագաթնաժողովներն առօրեական միջոցառումներ են` տարվա ընթացքում մի քանի անգամ գումարվող: Այս անգամ օրակարգում Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, նոր էներգառեսուրսների ներգրավման, ԵՄ տնտեսությանը սատարելուն ուղղված միջոցառումների թեման: 

Սակայն ուշագրավն առաջին օրվա միջոցառումն էր՝ Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Պետք է հիշել, որ ԵՄ պատմությունը սկսվել է 1951-ին հիմնադրված Ածխի եւ պողպատի համայնքից, որը 1952-ին ծրագիր է եղել՝ վերափոխելու Եվրոպական քաղաքական համայնքի: Այդ ծրագիրը 1954-ին ձախողվել է, որովհետեւ Եվրոպայի քաղաքական համայնքում պետք է ընդգրկվեր նաեւ Եվրոպայի պաշտպանական համայնքը, որն այն ժամանակ չի հաջողվել ձեւավորել: Փոխարենը 1957-ին հիմնադրվել են Եվրոպական տնտեսական համայնքը, Եվրոպական ատոմային էներգիայի համայնքը, եւ, առհասարակ, մինչեւ 1992-ի Մաաստրիխտի դաշնագիրը ԵՄ-ն կոչվում էր Եվրոպական համայնքներ: Ձեւաչափի անվանումը` European Political Community, արդեն խոսում է պատմական կապի եւ հավակնությունների մասին, մասնավորապես` Ֆրանսիայի, քանի որ ինչպես Եվրոպայի Ածխի եւ պողպատի համայնքի ստեղծման ակունքում է Ֆրանսիան կանգնած եղել` Գերմանիայի հետ միասին, այնպես էլ 70 տարի անց նույն` «Եվրոպական քաղաքական համայնք» անվանումով ձեւաչափի ակունքում կանգնած է Ֆրանսիան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր այս տարի մայիսին առաջարկել այդ ձեւաչափը ստեղծել, եւ, ինչպես տեսնում ենք, նախանձելի արագությամբ դա արվեց: 

Եվրոպական քաղաքական համայնքի ներկա գագաթնաժողովում որեւէ պաշտոնական փաստաթղթի ընդունում նախատեսված չէր: Առհասարակ, միջոցառման օրակարգը շատ պարզ էր: Հյուրերի դիմավորում, համատեղ նիստ, հետո երկկողմ-բազմակողմ հանդիպումներ գագաթնաժողովի հյուրերի միջեւ եւ արդյունքների ամփոփում ճաշկերույթի սեղանի շուրջ: Քանի որ նախատեսված էր Փաշինյանի հանդիպումները ե՛ւ Թուրքիայի նախագահի, ե՛ւ քառակողմ ձեւաչափով` Շառլ Միշելի, Մակրոնի եւ Ալիեւի հետ, Հայաստանին առնչվող հարցերը եւ քննարկումները կենտրոնական թեմաներից էին: 

Նախ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին: Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր առաջին դեմքերը հանդիպել են Թուրքիայի իրենց պաշտոնակիցներին: 1990-ականներին Տեր-Պետրոսյանը ոչ միայն Անկարայում Թուրքիայի առաջնորդներին էր հանդիպել, այլեւ Թուրքիայի հանկարծամահ եղած նախագահի (կարծեմ` Թուրգութ Օզալի) հուղարկավորությանը մասնակցելու համար էր Թուրքիա մեկնել` իր ժեստով անակնկալի բերելով թուրքերին: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նախաձեռնեց՝ դրա շրջանակում բազմիցս հանդիպելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, հետագայում ինչ-որ միջազգային գագաթնաժողովում` նաեւ Էրդողանին: 2008-09-ի հաշտեցման գործընթացը թեեւ չհասավ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սակայն նպաստեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հանրային շփումներին: 

Պրահայում ծրագրված Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին առաջինը հաղորդել էր թուրքական մամուլը՝ «էական տեղաշարժ» ակնկալելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Էական տեղաշարժ կարող էր համարվել երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման օրը հայտարարելը, սակայն սահմանի բացման ամսաթիվ չհնչեց, հայտարարվեց բանագնացների մակարդակով ձեռք բերված համաձայնությունը շուտափույթ իրագործելու մասին: 
Քառակողմ՝ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան հանդիպման թեմատիկան ենթադրելի էր, եւ արդյունքում տարածված հայտարարությամբ ի լուր աշխարհի ազդարարվեց, որ ԵՄ դիտորդական առաքելություն է տեղակայվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, ենթադրելի է` նաեւ Նախիջեւանի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների ամենառեալ կանխարգելման գործիքը կարող է դառնալ: Այն, որ ռուսական բազա տեղակայված երկրում, ՀԱՊԿ կոչված մարմնի պատասխանատվության տարածքում ԵՄ դիտորդներ են տեղակայվում, կարելի է նշանակալից շրջադարձ համարել: Առաքելությունը սկսվում է քաղաքացիական դիտորդներով, սակայն դա տեսանելի հիմք է հետագայում խաղաղապահ առաքելություն տեղակայելու համար: 

Ընդսմին՝ այն, թե Ադրբեջանն իբր կարող է խաղաղապահ առաքելության չհամաձայնել, դատարկ խոսակցություն է, քանի որ եթե Ադրբեջանը միջոց ունենար, ներկա առաքելության տեղակայմանը կդիմադրեր: Սակայն դա չի արել, որովհետեւ Հայաստանի դեմ ագրեսիայի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում է, եւ Ադրբեջանի համառելու դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ երկիրը կարող են ագրեսոր ճանաչել եւ ագրեսիան կանխելու հիմնավորմամբ խաղաղապահներ ուղարկել` ՄԱԿ-ի մանդատի ներքո: Ալիեւն ուղղակի ընտրել է իր համար չարյաց փոքրագույնը: Սակայն այս փաստը վերահաս աղետի նախանշան է ընկալվել Թուրքիայում: Ադրբեջանում, նաեւ Հայաստանի որոշակի շրջանակներում կարող են չգիտակցել, թե դա ինչ նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձ: Բայց Թուրքիան հարյուրամյակներով կայսրություն է եղել, եւ նրանց համար ծնվող վտանգները նրանք անգամ բնազդով են զգում: 

Թուրքերը գիտակցել են, որ եթե ընդամենը երկու-երեք շաբաթում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով դիտորդներ են տեղակայվում՝ երկու ամսով, եւ իրենք էլ հնարավոր է նույն ժամանակահատվածում հայ-թուրքական սահմանը բացեն, ապա ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հաստատվում են Հայաստանում եւ Հարավային Կովկասում: Ընդսմին, Անկարայում այնքան հիմար չեն, որ չգիտակցեն` քաղաքացիական առաքելությունը հիմք է ստեղծում հետագայում սպառազեն խաղաղարար ուժերի տեղակայման համար` լինեն դրանք ԵԱՀԿ խաղաղապահներ, թե EU Security Compass-ով նախատեսված ԵՄ մանդատի ներքո գործող ուժեր:

Եվ Թուրքիայում այնքան հիմար չեն, որ չգիտակցեն, որ այդքան արմատական տեղաշարժ Հարավային Կովկասում չէր կարող կատարվել առանց Ռուսաստանի գիտության եւ առնվազն չառարկելու: Եվ հենց դա էլ գուժում է աղետ Թուրքիայի համար: Հայաստանում եւ Հարավային Կովկասում հաստատվող Արեւմուտքը մեկընդմիշտ փակում է Թուրքիային իր արեւելյան սահմաններում` առանց դեպի Միջին Ասիայի, Հեռավոր Արեւելքի թյուրքալեզու տարածքներ, անգամ Ադրբեջան ազդեցություն արտահանելու հնարավորությունների: Արեւմուտքը շարժվում է Թուրքիան օղակելու ուղղությամբ, եւ դա բխում է Ռուսաստանի հեռահար շահերից: 

Թուրքիայում այնպես են իրար խառնվել, որ երեկ Էրդողանը զանգահարել էր ՌԴ նախագահ Պուտինին, ում ծննդյան 70 ամյակն էր երեկ, սակայն, դատելով հաղորդագրությունից, ցուգցվանգի մեջ՝ անգամ չէր շնորհավորել: Փոխարենը խոսել էր Ուկրաինայից, Սիրիայից եւ այլն: Կրեմլն Էրդողանի հեռախոսազանգն անտեսել է՝ միայն նշել էին, որ Պուտինը շնորհավորանքներ է ստացել միջազգային գործընկերներից, եւ թվարկել էին նաեւ Էրդողանին: Տպավորություն էր, թե Թուրքիայից եւ Ռուսաստանից նույն հեռախոսազանգի մասին չեն հաղորդում: Տանդեմը ճեղքված է, եւ գուցե արդեն շահերը չեն համընկնում: