Նախարարներին փոխարինեցին տեղակալներով

Նախարարներին փոխարինեցին տեղակալներով

Մենք հոկտեմբերի 18-ին գրել էինք, որ «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության նախաձեռնության» անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հոկտեմբերի 22-ին «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երեւան» հյուրանոցում քննարկում է կազմակերպել, թեման՝ «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը եւ օրակարգը», նպատակը՝ «ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները եւ հանրային ընկալման մեջ ոստիկանության դերի բարձրացման ուղղությունները»։

Այսինքն, Սորոսի հիմնադրամը դանդաղ եւ հետեւողականորեն մուտք է գործում պետական կառավարման համակարգ եւ հատկապես՝ ուժայիններ եւ դրանք փորձում է «ձեւել» իր պատկերացումներին համապատասխան։ Բանն այն է, որ քննարկման օրակարգի նախնական տարբերակում նշված է, որ առաջին ելույթն ունենալու է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, հաջորդն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանինն է։

Մյուս ելույթներն արդեն սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչներինն են։ Այսօր մենք ստացանք օրակարգի վերջնական տարբերակը, որտեղ բանախոսները փոխվել են։ Ոստիկանության բարեփոխումների օրակարգը և առաջնահերթությունները թեմայով խոսելու է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, իսկ Ոստիկանության բարեփոխումները ՀՀ ռազմավարական փաստաթղթերում թեմայով արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Կարող ենք ենթադրել, որ մեր հրապարակումը որոշ դեր խաղացել է, սակայն պետք է նկատենք, որ տեղակալների մակարդակը եւս խոսում է այն մասին, որ Բաց հասարակության հիմնադրամներն ակտիվ մասնակցություն ունեն ինչպես բարեփոխումների, այնպես էլ պետական կառավարման գործընթացին։