Ի՞նչ է գրված ադրբեջանցի ցուցարարների համազգեստներին

 Ի՞նչ է գրված ադրբեջանցի ցուցարարների համազգեստներին

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

«Համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր կան, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի ցուցարարները հատուկ պատվիրված ավտովուսներով գնում այնտեղ, որտեղ պետք է գնային։ Ես ուզում եմ ցույց տալ այդ լուսանկարներից մի քանիսը։ Օրինակ այս մեկում, ինչպես տեսնում եք, ցուցարարծը գորշ գայլերի նշանն է ձեռքով ցույց տալիս։ Նրանք նաև երգեր են երգում, որոնցում ասվում է, թե այդ լեռները նորից պիտի տեսնեն գորշ գայլերին, իսկ այնտեղի մարդիկ պիտի թողնեն թուրքերի հողերն ու փախչեն այտնեղից»,- լսումների ժամանակ քիչ առաջ ասաց Հայաստանի անունից ելույթ ունեցող արտասահմանցի ներկայացուցիչներից մեկը։

«Երբ ուսումնասիրում ենք այդ ցուցարարների ֆեյսբուքյան կամ թվիթերյան էջերը, կարող ենք տեսնել, որ այնտեղ հստակ կան ատելության խոսքի ծանրագույն դրսևորումներ։  Հայաստանի դիմումում բազմաթիվ օրինակներ են բերված։ Ես կուզեի բոլորիդ ներկայությամբ ևս մեկ լուսանկար ցուցադրել վերոնշյալի հետ կապված։ Այս ցուցարարը, օրինակ, լուսանկար է տեղադրել, որում համազգեստի վրա պատկերված է մի նշան, ինչի վրա գրված է, թե հայերը չպիտի փախչեն, քանի որ ինչ էլ պատահի նրանք ուժասպառությունից մեռնելու են»,- հավելեց նա։