«Բաժանորդն անհասանելի է»․ քաղաքացին վրդովված է, որ կառավարության ոչ մի հեռախոս չի պատասխանում

«Բաժանորդն անհասանելի է»․ քաղաքացին վրդովված է, որ կառավարության ոչ մի հեռախոս չի պատասխանում

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել մի վրդովված քաղաքացի, որը հայտնեց, որ առավոտվանից զանգահարում է կառավարության կայքում տեղադրված հեռախոսահամարներից 32-ին , բայց որևէ մեկը չի պատասխանում։ «Դա պատահականություն չի կարող լինել, նշանակում է՝ ինչ-որ ցուցում է տրված՝ չպատասխանել։ Ինչի՞ համար են դրանք, ի վերջո, այդ հեռախոսները նրա համար, որ զանգենք, չէ՞։ Նույն պատմությունն էր մեկ շաբաթ առաջ։ Ասի՝ լավ, ոտքով գնամ»,-ասաց Սեյրան Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ զանգահարել է առավոտյան ժամերին, հետևաբար, կառավարությունից չեն կարող արդարանալ, թե ընդմիջման ժամ է։Նա խորհուրդ տվեց, որ որպես լրագրող զանգահարեմ այդ համարներով և ինքս դրանում համոզվեմ։ Սկսեցինք վերևից՝ աշխատակազմի էդուարդ Աղաջանյան, չէին պատասխանում, նրա տեղակալներ՝ Լիաննա Ղալթախչյան, Ծովինար Սողոմոնյան, Սարգիս Թորոսյան, չէին պատասխանում։ Խորհրդականներ՝ Լևոն Մազմանյան, Հակոբ Ճաղարյան, Արշակ Կարապետյան, չէին պատասխանում։ Միայն խորհրդականներից Ջեմմա Հակոբյանը պատասխանեց ու անմիջապես հարցրեց՝ էն քաղաքացի՞ն է, որ զանգել,ասում էր՝ Դավթաշենում շունը կծել է։ Ներողություն խնդրեցի և ասացի, որ փոքրիկ լրագրողական հետաքննություն եմ անում, տեսնեմ՝ վերցնու՞մ են թե ոչ։ Տիկին Ջեմման ի պատասխան ասաց, որ տարբերակ չկա, որ իր մոտից չպատասխանեն, եթե գործավարն էլ սենյակում չի լինում, անձամբ է պատասխանում։ Քաղաքային հեռախոսին պատասխանեց նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ում ինչ-որ բան բացատրելու հարկ չեղավ, ասաց, որ ավելի ուշ զանգեմ, իր մոտ մարդ կա։ Նշենք, որ իհարկե, 20 զանգից հետո ստուգումը դադարեցրեցի։

Քաղաքացին նշեց նաև, որ կառավարությունում Հակառակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժինը հունվարին կլրանա 5-րդ ամիսը, որ նիստեր չի անցկացնում։«Նախկին կոռուպցիայի խորհուրդն է սա։ Ըստ որում, նախկինում ամիսը մեկ նիստեր էր անում, հետո որոշվեց՝ նոր իշխանությունների կողմից, հրահանգված որոշման, ըստ որի ՝  պետք է նիստերը գումարեր 3 ամիսը մեկ։ Այսինքն՝ տարին 4 անգամ, բայց արի ու տես, որ  վերջին անգամ նիստ գումարվել է օգոստոսին վերջին անգամ»։

Քաղաքացին ամփոփելով՝ ասաց, որ, փաստորեն, նախկին կոռումպացված իշխանությունների ժամանակ ավելի հաճախ էին կոռուպցիայի դեմ նիստեր անցկացնում։