Նիկոլ Փաշինյանի 2019-ի «բոցերը»

Նիկոլ Փաշինյանի 2019-ի «բոցերը»

Շուտով կճանապարհենք 2019 թվականը, որի ավարտին տառացիորեն մի քանի օր է մնացել։ Ինչպիսի տարի էր այն եւ ինչ տվեց մեր երկրին։ Տարին, միանշանակ, քաղաքական էր՝ քաղականությամբ լի։ Բայց հատկապես «առատ» էր իշխանությունների «կիքս»-երով, զվարճալի արտահայտություններով, թեւավոր խոսքերով ու զավեշտալի իրավիճակներով։ Տարվա ամենաթեւավոր խոսքերն ու արտառոց արտահայտությունները, բնականաբար, հնչել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում։ Ամեն մի նման դեպքից հետ սոցիալական ցանցերը ողողվում էին մեմ դարձած հայտնի արտահայտություններով, ծաղրանկարներով, հումորով ու անեկդոտներով, ապա դրանք մտնում էին մարդկանց լեքսիկոն եւ օգտագործվում ողջ տարվա ընթացքում, եւ կարծում ենք՝ առաջիկա տարիներին էլ կօգտագործվեն։

«Հրապարակ»-ը ներկայացնում է 2019 թվականի ընթացքում վարչապետի «բոցերը»․

1. Տարին սկսվեց Փաշինյանի՝ մինչեւ հիմա ամենաակտուալ համարվող արտահայտություններից մեկով, երբ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղ գյուղում, խոսեց վերջինիս անունից եւ կոչ արեց ժողովրդին վեր կենալ եւ քայլել։ «Թումանյանի անունից հայ ժողովրդին ասում եմ՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր»,- ասաց վարչապետը, եւ մարդիկ տարակուսեցին։

2. Պակաս «բոց» չէր նաեւ Փաշինյանի համեմատականը մեքենաների թեմայով, երբ իր հերթական «լայվի» ընթացքում, խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար, հայտարարեց՝ դու ո՞վ ես, արա, որ «06»-ին բան ես ասում։

3. Կառավարության նիստում Փաշինյանը վրդովված խոսում էր նախարարության աշխատակիցների՝ տեղից չշարժվելու, պարապության, անգրագիտության եւ հեղափոխությանը նկատմամբ ցուցաբերած դիմադրության մասին։ Ապա հայտարարեց, թե պետք է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» ու հավելեց․ «Տվյալ դեպքում էլ Հռոմի պապը ես եմ»։ Հռոմի պապի հետ վարչապետի համեմատվելը եւս որոշ մարդկանց զվարճացրեց։

4. Նախկինում «ասֆալտին փռելու ու պառկըցնելու», «պատերին ծեփելու» սպառնալիքներ հնչեցրած վարչապետի վերջին ելույթը «թաթիկները կտրելու» մասին էր։ Ազգային ժողովում նա, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հայտարարեց․ «Պետական արժանապատվությանը կպնողի կեղտոտ թաթիկները կկտրենք»։

5. Մինչ Հռոմի պապի հետ համեմատվելը, Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ էր անցկացրել նաեւ Հիսուս Քրիստոսի ու իր միջեւ։ Իտալիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց․ «Ես քարոզում եմ սեր, ինչպես Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճար ու շուռ տվեց սեղանները»։

6. Բայց Միլանում արված հայտարարությունը միակ դեպքը չէր, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան իրեն Հիսուսի հետ նույն հարթության վրա դրեց։ Վերջին դեպքը նոյեմբերի վերջին էր, երբ Հատուկ քննչական ծառայությունում ասաց, թե պետական պաշտոնյայի «բդեշխի բարդույթը» պետք է փոխակերպվի «Հիսուսի բարդույթով»։

7. Փաշինյանի հաջորդ «բոցը» կրկին համեմատությունն էր՝ կառավարության նիստին, երբ խոսում էր խելացի անասնագոմերի մասին․ «Նայում եմ Հ1-ի լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի՞ ա, թե՞ ոչ»։

8. Վերջին «բոցն էլ» կառավարության այս տարվա ավարտական նիստին էր։ Փաշինյանը խոսեց մանկատան շրջանավարտների բնակարաններից, որոնք նախկին իշխանությունը չի ապահովել, հետո հայտարարեց, որ հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսողները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Եվ հոմերական ծիծաղը շուրթերին՝ ասաց․ «Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզչություն ա իրականացնում»։