Ձեռքերը լվանալու ամիս

Ձեռքերը լվանալու ամիս

«Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը։ Այսօր ձեռքերը լվանալու կոչն արդիական է, ինչպես երբեք, քանի որ ձեռքերը լվանալը համարվում է կորոնավիրուսի վարակումը կանխարգելելու կարևոր միջոցներից մեկը՝ դիմակների կրման և սոցիալական հեռավորության պահպանման հետ միասին»։ 

Սա մեջբերում է լրատվակայքերից մեկից, որտեղ, այնուհետև, մանրամասնորեն նկարագրվում է ձեռքերը լվանալու «տեխնիկան»։ Պատմվում է ժամանակակից այն միջոցների մասին, որոնցով ձեռքերը հնարավոր է լվանալ․․․ ավելի արդյունավետ։

Փաստորեն աշխարհը այսօր ձեռքերը լվանում է։

Բայց ձեռքերը լվանալու այս կոչը հայերիս համար միմիայն ողբերգական զուգորդումներ է արթնացնում Հայաստան-Արցախ հայրենիքում ստեղծված  իրավիճակի հետ, և այդ զուգորդումները որքան էլ անուղղակի, նաև չափազանց խորհրդանշական են։ Այսօր թուրք-ադրբեջանական երամակա-հոտային ագրեսիայի դեմ մեր ժողովրդին միայնակ թողել՝ ձեռքերը լվացել են բոլո՛րը․ ո՛չ դաշնակիցն է խառնվում բնավեր այս կռվին, ո՛չ բարեկամը, ո՛չ Հյուսիսը, ո՛չ Արևմուտքը։ Աշխարհն իր անզգա ձեռքերը սեփական գրպանը դրած՝ մատներով իր շահն է թաքուն հաշվում, թե ի՛նչ կմնա իրեն ամբողջ այս արյունոտ որբերգությունից, ոչի՛նչ ավելի։ Երկիրս հայտնվել է  վճռական մենակի կարգավիճակում, որովհետև միմիայն իր ձեռքերում է  մնացել փրկության հույսը։ Եվ այլևս միասնական է դարձել իրավիճակի այնպիսի ընկալումը, որ եթե ուզում ենք այսուհետ ևս արժանապատիվ ապրել այս արևի տակ, ուրեմն  հույսներս պիտի դնենք միմիայն մեզ վրա։ Մեզ դրսից ոչ մեկը չի օգնելու․ բոլո՛րը ձեռքե՛րը լվացե՛լ են։

Եվ հոկտեմբեր ամիսը ձեռքերը լվանալու համաշխարհային ամիսն է։