Մի ուրվական է շրջում մեր գլուխներում՝ միջազգային հանրության կարծիքի ուրվականը

Մի ուրվական է շրջում մեր գլուխներում՝ միջազգային հանրության կարծիքի ուրվականը

Հայ ժողովուրդն իր վճռական խոսքով ասում է՝ այս անգամ թշնամուն պետք է տապալել, որ այլեւս ոտքի չկանգնի, իսկ այդպիսի նպատակի հասնել կարող ենք միայն նրա կենսական օբյեկտներին վճռական հարված հասցնելով: Բայց, արի ու տես, մեզնից շատերի գլխում մի ուրվական է շրջում՝ «միջազգային հանրության կարծիք» ուրվականը, որի խոսքը ոչ ոք չի տեսել եւ չգիտի, թե այդ համր «կինոն» ինչ օբյեկտիվից ու պրիզմայից է այսօր մեզ նկարում: Միջազգային հանրության աչքի առաջ 1915 թվականին Թուրքիան ցեղասպանեց հայ ազգին ու տիրացավ նրա հողերին, նույնը կատարվում է այսօր հայոց արեւելյան հողերի վրա, որոնք թուրքերին ու թուրք ներկայացողներին պետք են դարձյալ առանց հայի ու քրիստոնյայի: Եվ դարձյալ հայոց ֆիզիկական գոյության համար ազգիս զավակները հերոսական մարտեր են մղում:  

Բոլոր կողմերից նայենք, տեսնենք, զգանք, հասկանանք ու խոսենք կամ ցույց տանք, առավել եւս՝ քննենք այսօրվա դաժանագույն պատերազմը, որը թշնամին, նախորդ դարից ի վեր, մղում է «մարտեր առանց կանոնների» սկզբունքով: Խփում է խաղաղ բնակչությանը, մշակութային ու կրոնական օջախներին, հրադադար է պայմանավորվում ու ոչ միայն փորձում է գրավել պատերազմական գոտու քաղաքը, այլեւ հարվածում է ՀՀ-ին եւ սադրում է: Աշխարհն ամեն օր տեսնում է թուրքերի վայրագությունները, սուտը, միջազգային օրենքներին դեմ գնացող գազանությունները․․․ եւ լռում է: Բայց մենք դեռ դանդաղում ենք`մեջտեղ բերելով միջազգային հանրության կարծիքը եւ չցանկանալով խփել միջազգային սեփականատերերի եկամուտների օբյեկտներին, որ նրանց հետ խնդիր չունենանք ու նոր բացահայտ թշնամի չվաստակենք: 
Եթե մինչեւ հիմա չենք խփել Ադրբեջանին պատկանող եւ նրան հեշտ ծնկի բերող կենսական օբյեկտներին, Ադրբեջանը սուտ լուրեր ու իր նման սարքովի տեսանյութեր չի՞ տարածում, չի՞ ասում, թե իբր խփում ենք: Կամ՝ խփել ենք, բայց չի պայթել, խփել ենք, բայց՝ ոչ թե օդանավակայանին, այլ՝ բնակչությանը: Էլ ի՞նչ պետք է անի միջազգային հանրության կարծիքի վրա թքած ունեցող Ադրբեջան վայրագը, իսկ միջազգային հանրությունն ու կառույցները քանի՞ անգամ պետք է մեր երեսին շպրտեն «հակամարտող կողմերին հորդորում ենք բախումը դադարեցնել» անվերաբերմունք որակումը, որ հասկանանք, թե այդ հանրության ու կառույցների անփոփոխ ու համահարթեցնող դիրքորոշումը հիմնված է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքի վրա: 

Մեր մեջ ասած՝ միջազգային հանրությունն ու գերտերությունները հայ ազգի տարածքային հարցերը ժամանակին լուծել են, երբ Վուդրո Վիլսոնին հանձնարարում էին գծել հայոց կենսական տարածքների քարտեզը: Եվ հիմա մեր հերթն է տեր կանգնելու մեր իրավունքներին: Օգտվելով պատերազմական իրավիճակից՝ պետք է վերջապես հրապարակ բերել Իրավարար վճիռը եւ, հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից ու կազանյան փաստաթղթերից, դեռ ուժը չկորցրած Իրավարար վճռի օրինական պահանջո՛վ վարել այս պատերազմը, որպեսզի բանակցելիս հնարավոր լինի խոսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողի դիրքերից, ոչ թե անհասկանալի ինքնորոշման: Իսկ եթե ոչ, ուրեմն միջազգային կարեւորագույն ու կենսական վճիռն արհամարհելով՝ ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ենք սպասում աշխարհից: Այսքան վարանելով, ինչպես նաեւ վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ից չպոկվելով՝ արդյո՞ք մենք աշխարհից որեւէ բան խնդրելու երես ունենք:

Է՞լ ինչ միջազգային օրենքներ խախտող հարվածներ պիտի կիրառեն Թուրքիան ու Ադրբեջանը, որ հասկանանք, թե մեր հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, այլ ամբողջ տարածաշրջանի փրկությունն է լինելու, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի ժողովրդի, որի համար այդպես անհանգստանում էինք: Մեր հաղթանակն է ազատագրելու նրանց, ում թուրքերը քշում են առաջնագիծ եւ զոհաբերում, իսկ հրադադարի ժամանակ չեն շտապում նրանց մարմինները տանել: Եթե միջազգային հանրությունը, որ հայտարարում է, թե չի կարող միջամտել գործընթացին, իրոք ուզում է, որ կռիվ չլինի ու ամեն անգամ պատերազմ սկսող, այս անգամ լայնամասշտաբ հարձակում գործած Ադրբեջանի ժողովուրդն ու հատկապես այլազգիները չզոհաբերվեն, պետք է ոչ թե մե՛զ մեղադրի, այլ Թուրքիայի՛ն սաստի եւ ընդունի, որ արդարության վերականգնմամբ ու օրինական պահանջով պետք է կասեցվի, անգամ կազմաքանդվի սարքովի Ադրբեջանի բռնի ուժը: Դե, ուրեմն հիմա, քանի դեռ անկախ ենք, պետք է աշխատեցնենք ժամանակին մեզ ընձեռված միջազգային անժամկետ փաստաթուղթը, իրավատիրոջ դիրքերից խոսենք մե՛ր տարածքների ամբողջականության մասին եւ փրկողի ազնիվ կեցվածքով այս ամե՛նը բացատրենք միջազգային հանրությանը, որի կարծիքն իրենց ամեն մի քայլով կոխկրտում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Եվ հետո, աշխարհի կուշտերի ու անտեղյակների կարծիքների հետեւից ընկնելու փոխարեն լավ կլինի մեր ներսում, մեր հանրության կարծիքի մասին մտածենք:

Օրինակ,շատ տարակուսելի է մեկ տարի առաջ զորացրված զինվորից շորուկոշիկ, սաղավարտ հայթայթելու հրապարակային խնդրանքը (այլ ձեւ չկա՞ր), պատերազմի գոտի փիառվող պետական դավաճանների մուտքը թույլատրելը եւ հետո զարմանալը, թե սահմանագծում սադրիչներ են հայտնվել: Ընդհանրապես, ի՞նչ է կատարվում այսօր: Ինչո՞ւ անփորձ մարդիկ ու անհասկանալի կամավորականներն անմիջապես հասան առաջնագիծ, ինչո՞ւ դատվողներին թույլատրեցին անցնել Արցախ, իսկ հանուն Արցախի նույն հողի քաղբանտարկյալ դարձածներին մերժեցին գնալ հայրենիքը պաշտպանելու, իսկ փորձառու հրամանատարների կամավորագրվածներից շատերին ոչ միայն դեռ թույլ չեն տալիս, այլեւ որեւէ հանձնարարություն կամ նախավարժանքային ցուցում էլ չեն տալիս:

Ինչո՞ւ մինչեւ վերջ գնալուց ու հաղթելուց խոսելու հետ դեռ օգտագործվում են «ինքնորոշում» բառը՝ առանց հստակեցնելու, թե ում կազմում են ինքնորոշում, եւ Արցախի անկախություն պահանջելիս չեն հստակեցնում, թե արդյո՞ք հետո Արցախը միացվելու է Հայաստանին: Ի վերջո, ինքնորոշվում են որեւէ պետության կազմում, ասենք, որպես ինքնավարություն: Ուրեմն ումի՞ց ենք ինքնորոշում Արցախը, որն իրեն անկախ է հռչակել, մենք էլ աջակցել ենք: Ընդհանրապես, ո՞վ ում իրավահաջորդությունն է շարունակում այսօր առաջ տանել:

ԽՍՀՄ-ից անկախանալուց, վերցնելով Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը, մեր երկիրն արդեն ընդունել է ոչ թե ԽՍՀՄ-ի, այլ 1918 թվականի ՀՀ իրահավահաջորդությունը: Ադրբեջանը նույնպես հրաժարվել է ԽՍՀՄ-ի իրավահաջորդությունից: Հետեւաբար, ինչ որ կատարվում է այսօր ռազմաճակատի գծում, եւ ինչ խնամքով ու հոգատարությամբ էլ որ խոսենք «միջազգային հանրություն» կոչված անհասցե ու անդեմ ուրվականի մասին, հայոց հարցը պետք է քննվի եւ իրագործվի այս ելակետից: Եթե ներկա իրավիճակում «ինքնորոշում» բառի կողքը Արցախ ենք դնում, հասկացվում է՝ ինքնորոշում ՀՀ-ից, իսկ եթե նկատի ունենք Արցախի ինքնորոշում Ադրբեջանից, պետք է չմոռանանք, որ միայն ԼՂԻՄ-ի ու նրա նախկին տարածքի մասին կարող է խոսք լինել, այն ժամանակ «Արցախ» բառն անգամ չի հնչել: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ազատագրված մյուս շրջաննե՞րը… Ուրեմն հանձնենք այդ շրջանառվող փաստաթղթերում հիշատակվող կարգավիճակի դիմա՞ց: Դրա՞ համար ենք հիմա արյուն թափում եւ որդիներ զոհաբերում: 

ԼՂԻՄ-ի տարածքն ամբողջովին կտրված է եղել եւ ինքնորոշվելուց հետո էլ կտրված է լինելու Մայր Հայաստանից: Շատ-շատ՝ թողնվի մեր իմացած «մարդասիրական միջանցքը», որն իրենից ներկայացնելու է օտարի կողմից վերահսկվող բարձունքների տակով անցնող ոլորուն նեղ ճանապարհ, որն էլ երեւի հայաթափության համար է: Այս հարցն անգամ քննելու չէ, այլ մերժելու՝ ինչ խաղաղապահ էլ որ վերահսկի այդ շրջանները: 

Պատճառաբանում էին, թե Հայաստանին Արցախի միացումը պատերազմի կբերի: Չմիացանք, պատերազմ չեղա՞վ: Ավելին, հայտնի դաշնագրային պայմանագիրը գործում է միայն ՀՀ-ի համար՝ չի գործում Արցախի տարածքում, որի անկումը նշանակելու է ողջ Հայաստանի մոտալուտ կործանումը: Իսկ եթե Արցախը Հայաստանի մաս լիներ, պատկերը, իհարկե, այլ կլիներ: Թե չէ՝ անկախ է Արցախը, թե ՀՀ-ին միացած, ցույց է տալիս այս պատերազմական Աստծո ամեն օրվա այն ակնհայտությունը, թե ում քաղաքացիներն են կռվում ու զոհվում Արցախում: Սա է իրականությունը, որը վճռում է հայ ազգը՝ իր քայլով վերջ դնելով «պետություն-պետություն» խաղալու ամեն տեսակ քաղաքական մոտեցման: Այս պատերազմը ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Հայաստանի դեմ է, իսկ հերոսամարտը՝ ամբողջ Հայաստանի ու հայ ազգի համար: Այս պատերազմը չի կարող նախորդների մտածողությամբ, փաստաթղթերով  ու ձեռագրով վարվել, չի կարող 2016-ի անփառունակ ճակատագրին արժանանալ: Այլեւս պետք է լայն ու հեռահար մտածել: Ուստի ինչ գնով էլ լինի, պետք է հասնել կենսական տարածքների ազատագրման եւ նպաստավոր բարձունքների գրավման, թշնամու անձնատուր լինելուն ու ռազմատուգանքի պարտադրման: Այլեւս ոչ մի թղթե շերեփ ու փայտե պոչ ընկալելի չէ, որպեսզի մեր անտառը հերթական անգամ չփրթվի՝ արդեն մինչեւ վերջին ծառը, մինչեւ վերջին սերունդ տվող 18-21 տարեկանը:


Անահիտ ԱՐՓԵՆ