Երբ տեղի կունենա «Գավիթ» հարթակի հաջորդ քննարկումը
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձևավորման նախընթաց պատմությունը, նպատակը և ձևաչափը, մասնավորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։
Այնուհետև համակարգող Սրբազանը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։ «Հրապարակը» զրուցել է հանդիպման մասնակիցներից իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկին Ալավերդյան, ինչի՞ մասին էր «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, ի՞նչ տպավորություններ ունեք:
- Սուրբ Էջմիածնի հոգևորականները` Վեհափառի գլխավորությամբ հրավիրել էին այսպես ասած աշխարհիկ փորձագետների, որոնք զբաղվել են հասարակական գործունեությամբ և ունեն ինչ-որ չափանիշ, որով ընտրվել է մասնակիցների կազմը, սա ամենևին չի նշանակում, որ մենք ընտրյալներ ենք, պարզապես մենք տարիներ շարունակ զբաղվել ենք այն հարցերով, որոնք այսօր հուզում են համայն հայությանը: Խոսքը ոչ միայն Արցախի մասին է, այլև` առհասարակ մեր արժեհամակարգի ու պետականության: Հույս ունեմ դրական զարգացումներ կլինեն, եթե «եթե»-ներ չառաջանան: Երկու բանախոս կար` պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն ու ԱԳՆ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հանդիպումը մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին էր, բավականին լակոնիկ բանախոսները ներկայացրին իրենց տեսլականը, որից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Ձևաչափն ավելի շատ մտքերի փոխանակման ֆորմատով էր, բոլորն էլ կարծիք հայտնելու և արտահայտվելու իրավունք ունեին: Մի բան է հստակ, որ համախոհներ էին հավաքված, որոնք գուցե ունեն տարբեր պատկերացումներ` իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ:
- «Գավիթ» հարթակի հաջորդ քննարկումը ե՞րբ է լինելու, և առհասարակ, ի՞նչ պարբերականությամբ եք հանդիպելու:
- Դեռևս այդ հարցը չի որոշվել, քանի որ հայտարարության նախագիծ է ներկայացվել, խոսվել է այն մասին, որ պետք է լրամշակման պրոցես լինի, ինչից հետո կորոշվեն մեր հետագա անելիքները: Առայժմ հաջորդ հանդիպման մասին չի խոսվել, պարբերականության մասին ևս ոչինչ չի խոսվել, սակայն ակնհայտ է, որ այնտեղ հավաքվածներին կար միավորող մի բան` անհանգստություն:
Կարծիքներ