Կլինի՞ արդյոք Իսրայել - Իրան պատերազմ

Կլինի՞ արդյոք Իսրայել - Իրան պատերազմ

Անցյալ շաբաթ օրը` 2023-ի հոկտեմբերի 6- լույս 7-ին, 1973-ի Յոմ-Կիպպուրի պատերազմի 50 ամյա-տարելիցի օրը Պաղեստինի Ինքնավարության Գազայի գոտին վերահսկող արաբական HAMAS խմբավորման զինյալները միաժամանակյա համակցված ծովային, օդային եւ ցամաքային գործողություններով հարձակում սկսեցին Գազայի գոտուն մերձակա իսրայելական բնակավայրերի նկատմամբ։   

HAMAS-ի հարձակման արդյունքում ծավալված եռօրյա բախումների արդյունքում սպանվել է նվազագույնը 900 անձ` իսրայելյան կողմում, 700 անձ` Պաղեստինում (երկու կողմում էլ սպանվածները գերազանցապես քաղաքացիական անձինք են), երկու կողմում էլ կան 3000-4000-ի կարգի վիրավորներ, երկու կողմն էլ գերեվարել է հակառակորդ կողմի հարյուրից ավելի անձանց։

Հենց այս՝ առաջին 2-3 օրերի ընթացքում կողմերի արձանագրած գործնականում հավասար արդյունավետությունն ու հավասար արդյունքներն ամենից հետաքրքիր եւ նշանակալից իրողությունն է ընթացող պատերազմում։ Անշուշտ, ցավալի է, երբ այդքան մարդ է մահանում՝ առանց տարբերության` մահացողներն արաբ են թե հրեա, անզեն են թե զինված, եւ, ինչ խոսք, ցանկալին այն է, որ արյունահեղությունը հնարավորինս արագ կանգնեցվի։

Այլ հարց, որ, որքան էլ ցավալի, արյունահեղությունը ներկա պահին կանգնեցնելու հեռանկարներ առանձնապես տեսանելի չեն․ ներկա պահին որքան հավանականություն կա ռազմական գործողությունները դադարեցվելու, նույնքան էլ հավանականության կա դրանց տարածվելու՝ վերածվելով Իսրայել-«Հզբոլլահ» բախումների, իսկ վերջնահաշվում՝ ուղիղ Իրան-Իսրայել պատերազմի։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացում կլինի։ Նշենք միայն, որ Իրան-Իսրայել պատերազմը եթե սանձազերծվի, այն առանձնակի հետաքրքիր կլինի Հայաստանի համար։ Ինչո՞ւ։ 
Խնդիրն այն է, որ 2020-ի արցախյան երկրորդ պատերազմը, անկախ կողմերի համար ունեցած հետեւանքներից, ավելի լայն մերձավորարեւելյան տարածաշրջանի համար ունեցավ այն հիմնական արդյունքը, որ ԼՂՀ-ի կողմից վերահսկված Ջեբրաիլի, Ֆիզուլիի, եւ Իրանին սահմանակից մյուս գրեթե անմարդաբնակ շրջաններն անցան ադրբեջանական վերսհսկողության տակ, որտեղ այնուհետեւ, ինչպես բազմիցս հայտարարվել է թե Թեհրանից, թե այլ մայրաքաղաքներից, տեղակայվեցին իսրայելական հետախուզական ենթակառուցվածքներ։ Ընդսմին, Արցախյան պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները երեւի թե միակ վայրն են երկրագնդի վրա, որտեղ Իսրայելը կարողացել է ֆիզիկապես Իրանի սահմանին մոտենալ։ 

Հետեւաբար, կասկածից վեր է, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում առաջին քայլերից մեկը, որ Իրանը հարկադրված է լինելու անել, ռազմական ուժով Ադրբեջանի տարածքում իսրայելական լրտեսական ենթակառուցվածքները ոչնչացնելը եւ այդ տարածքները սեփական վերահսկողության տակ վերցնելն է լինելու՝ առնվազն մինչեւ Իսրայելի հետ պատերազմի ավարտը։ Իսկ դա դժվար թե չհանգեցնի Ադրբեջանի հակազդեցության, որի արդյունքում կամ Ալիեւների ընտանիքը եւ կլանը գահընկեց կարվեն, եւ իշխանության կբերվի պրոիրանական առաջնորդ, ով հոժարակամ կօժանդակի Իրանին եւ կխզի կապերն Իսրայելի հետ, կամ էլ կարճատեւ պատերազմ լծավալվի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, որը, անշուշտ, ամենացանկալի սցենարն է Հայաստանի համար։ Նման պատերազմում Ադրբեջանի պետականության ջախջախումը երաշխավորված է։ 

Ընդ որում հազիվ թե Ադրբեջանի երկու գլխավոր հովանավորները՝ Ռուսաստանը կամ Թուրքիան միջամտեն։ Մոսկվայի համար Ադրբեջանը որեւէ նշանակություն չունի` Իրանի համեմատությամբ։ Թուրքիայի համար, իհարկե, Ադրբեջանը նշանակություն ունի, բայց Թուրքիան երբեք Իրանի հետ ուղիղ ռազմական հակամարտության չի գնա, որովհետեւ Իրանը Թուրքիայի դեմ կպատերազմի ամենից առաջ հենց Թուրքիայի տարածքում՝ թուրքաբնակ քրդերի ուժերով։ 
Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ բռնկված ներկա պատերազմում միայն ժամանակը ցույց կտա` արդյո՞ք ուղիղ ռազմական գործողություններ կծավալվեն Իրանի եւ Իսրայելի միջեւ, թե՝ ոչ։ Ինքս այս մասին գրել եմ մի քանի ամիս առաջ, երբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարվեց, եւ այսօր էլ պատկերը նույնն է․ ինչպես կան ծանրակշիռ գործոններ ու հաշվարկներ, որոնք այդ երկու երդվյալ թշնամիներին՝ Իսրայելին եւ Իրանին մղում են միմյանց դեմ պատերազմելու, նույնկերպ էլ կան ծանրակշիռ գործոններ, որ նրանց ետ են պահում ուղիղ բախումից։ Ի վերջո, ծանրության առանցքը ո՞ր կողմ կթեքվի՝ պատերազմելու՞, թե՞ պատերազմից ձեռնպահ մնալու՝ ոչ ոք չի կարող ասել։ Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ 

Ամեն պարագայում, Իսրայելի կառավարության անդամների երեկվա՝ հոկտեմբերի 9-ի կարգադրություններից հետո առ այն, որ Գազայի գոտին լիակատար շրջափակման մեջ վերցվի՝ դադարեցնելով անգամ սննդի եւ ջրի մատակարարումը, Իրանի լիբանանյան վստահորդին՝  «Հզբոլլահին» այդ կարգադրությունները պատերազմական հանցագործություններ որակելու եւ Իսրայելի դեմ երկրորդ ճակատ բացելու հիմք են տալիս։ Իհարկե, այնպես չէ, թե «Հզբոլլահը» եթե որոշում կայացներ` ռազմական բախումներ սկսելու, պատրվակի էր սպասելու, իրենք հենց Գազայի բախումների առաջին օրը հայտարարեցին, որ կանգնած են HAMAS-ի կողքին։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան փոխադարձ ռմբակոծություններ եղան «Հզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ։ Հոկտեմբերի 9-ի ընթացքում Իսրայելից հայտարարեցին, որ զինված ուժեր են կենտրոնացնում Լիբանանի հետ սահմանին, հետո հաղորդում եղավ Իսրայելի տարածք անցած զինյալների վերացնելու մասին, հետո` Լիբանանի տարածքի ուղղությամբ ռումբեր արձակելու։ Լիբանանի զինված ուժերի հրամանատարը երեկ հանդիպեց ՄԱԿ խաղաղապահ զորագնդի հրամանատարին, քննարկելու «Հզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ լայնածավալ բախումը կանխելու հնարավորությունները։ Օրվա վերջին էլ Լիբանանում գտնվող պաղեստինյան խմբավորումները հայտարարեցին, թե հաստատուն կապ է գործում HAMAS-ի եւ «Հզբոլլահի» ղեկավարությունների միջեւ, քայլերը համակարգվում են, եւ «Հզբոլլահը» ռազմական գործողությունների կդիմի անհրաժեշտ պահին, որին սպասում եւ պատրաստվում են միանալ Լիբանանում գտնվող պաղեստինյան  խմբավորումները։ Դարձյալ՝ տեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերը։ Պարզ է միայն, որ «Հզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ ռազմական գործողությունների ծավալվելը կբարձրացնի Իսրայել-Իրան պատերազմի հավանականությունը։ 

Իսկ երեկվա դրությամբ ընթացքում Իսրայելն իր քաղաքացիներին Գազայի գոտուն մերձակա գրեթե բոլոր բնակավայրերից տարհանելուց հետո անցել էր Գազայի համատարած հրթիռակոծման։ Իսրայելի զինված ուժերը հաղորդում էին մոտ 200 թիրախի հարվածելու մասին։ HAMAS-ը փոխադարձաբար հրթիռակոծում էր Իսրայելի տարածքը, այդ թվում՝ Թել-Ավիվը եւ Երուսաղեմը, եւ կարծես նպատակաուղղված ջանում են արձակվող հրթիռների քանակային ճնշման ներքո վնասել Իսրայելի հիմնական Բեն-Գուրիոն օդանավակայանի հակաօդային պաշտպանական վահանը։ 

Պատերազմը սկսվել է, դեռ միայն սկզբում ենք։ Թե այն ինչ ընթացք եւ վերջաբան կունենա՝ կտեսնենք։ Սակայն ինչ ընթացք ու վերջաբան էլ ունենա HAMAS-ի եւ Իսրայելի բախումից սկսված այս պատերազմը, կասկածից վեր է, որ Yom Kippur-ի պատերազմի 50-ամյակին արաբներն  իրականացրին մի գործողություն, որի մասին ապագա հիսուն տարիներին իսրայելցիներն ի զորու չեն լինի մոռանալ։ Ինչ խոսք, հրեաները շատ են գույներ խտացնում, երբ ասում են, թե հոկտեմբերի 7-ն ամենասեւ օրն է իրենց պատմության մեջ` Հոլոքոստից հետո, կամ էլ երբ Իրանից հայտարարում են, թե պաղեստինցիներն արդեն տոնել են հաղթանակ, սակայն անշրջելի ու անշրջանցելի փաստ է, որ HAMAS-ի զինյալներն էֆեկտիվորեն կոտրեցին իսրայելցիների ինքնավստահությունն իրենց հատուկ ծառայությունների եւ զինված ուժերի կարողությունների հանդեպ եւ հաստատեցին նոր իրականություն, որտեղ Իսրայելը հարկադրված է լինելու գնալ քաղաքական լուծումների, քանի որ ռազմական անխոցելիության ինքնահնար փուչիկն ու իլյուզիան այլեւս ոչնչացված են՝ ընդհուպ մինչեւ օպտիկայի մակարդակ։  

ՀԳ․ Յոմ-Կիպպուրի պատերազմ -  Yom Kippur-ը հրեաների կրոնական տոն է, որի անվանումը մոտավորապես թարգմանվում է` Քավության օր: Շարժական տոն է, տոնվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ 1973-ի հոկտեմբերի 6-ին՝ Yom Kippur-ի տոնի օրը, Եգիպտոսը, նախագահ Անվար ալ-Սադաթի առաջնորդությամբ, անսպասելի եւ հաջողված հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, որը կանխորոշել եւ ի վերջո հանգեցրել է 1978-ի Քեմփ-Դեյվիդյան համաձայնություններին՝ Իսրայելին պարտադրելով 1967-ի Վեցօրյա պատերազմի արդյունքների վերանայում եւ Սինայի թերակղզու վերադարձ Եգիպտոսին։ Փոխադարձաբար, Եգիպտոսն էլ եղել է առաջին արաբական պետությունը, որ ճանաչել է Իսրայելի գոյության իրավունքը։ 

(Մինչ այժմ Իսրայելի գոյության իրավունքը 22 արաբական պետություններից ճանաչել են միայն 5-ը՝  Եգիպտոսը՝ 1979-ից, Հորդանանը՝ 1994-ից, Արաբական Էմիրությունները, Բահրեյնը եւ Մարոկկոն` 2020-ից)։ 

Վեցօրյա պատերազմ – Սա երեւի Իսրայելի պատմության մեջ երբեւէ մղված ամենահաջող պատերազմն է, սկսվել է 1967-ի հունիսի 5-ին, տեւել է վեց օր, որի ընթացքում հրեաներն իրենց լեգենդար գեներալ եւ պաշտպանության նախարար Մոշե Դայանի առաջնորդությամբ մուտք են գործել Հին Երուսաղեմ՝ Սուրբ քաղաք, եւ 2000 տարվա ընդմիջումից հետո հասել Լացի Պատին, հաջորդիվ վերահսկողություն հաստատելով ամբողջ Արեւելյան Երուսաղեմի հանդեպ։ Իսրայելյան բանակի այլ ստորաբաժանումներ նույն ընթացքում գրավել են Սինայի թերակղզին Եգիպտոսից եւ Գոլանի բարձունքներն ու հարակից տարածքը` Սիրիայից ու Լիբանանից։