Ամիսներ հետո ամեն ինչ ավելի պարզ ու ճշմարիտ կլինի․ Հասմիկ Բաղդասարյանը՝ մեղադրանքի մասին

Ամիսներ հետո ամեն ինչ ավելի պարզ ու ճշմարիտ կլինի․ Հասմիկ Բաղդասարյանը՝ մեղադրանքի մասին

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին։

Ըստ հաղորդագրության՝ «քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված պաշտոնը, ձեռք բերելով կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ առանձնապես խոշոր չափերով համայնքային դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, վորոհիշյալ կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իր ազգականներին և նրանց կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, գլխավոր հաշվապահին կարգադրել է հաշվարկել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի չափով գումարային փոխանցում կատարել վերջիններիս բանկային հաշվեհամարին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 6.531.934 ՀՀ դրամի գույքային վնաս։   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասված է քննչականի տարածած հայտարարությունում։

Մենք կապվեցինք ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․

«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, բացատրություն դեռ չեմ տվել  քննչականին , գործը ընթացքի մեջ է, նախաքննության փուլում է, որի վերաբերյալ այլևս ոչինչ չեմ կարող ասել»։

Հարցրինք՝ ի՞նչ կարող է ասել հաղորդագրությունում տեղ գտած հանգամանքների վերաբերյալ, ըստ որոնց՝ ենթադրաբար իր ծանոթներին գրանցել է որպես աշխատող, վերջիններս աշխատանքի չեն եկել և աշխատավարձ  են ստացել․

«Դրանք նախաքննությամբ դեռ պարզվում են , ոչինչ չի եղել, և ամիսներ հետո Դուք կլսեք, և ամեն ինչ ավելի պարզ ու ճշմարիտ կլինի»,- պատասխանեց տնօրենը։ Հարցրինք նաև՝ դեռ շարունակո՞ւմ է զբաղեցնել տնօրենի պաշտոնը՝ «Առայժմ այո»։