«Պողպատե» մանդատը «ջրվել» է

«Պողպատե» մանդատը «ջրվել» է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյան Ալեն. «Ադրբեջանի կողմից մշտապես սպասում ենք սադրանքների. ուզում են ազդել բանակցային գործընթացի վրա: … Ճնշումները կանխել ենք, կանխելու ենք եւ Հայաստանի շահն առաջ ենք տանելու»: Հատուկ  հանձնարարություններով դեսպան Մարուքյան Էդմոն. «Միջազգային հանրության բոլոր դերակատարները… պետք է շատ ուշադիր հետեւեն եւ հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այս երկու հայտարարություններն իրար հակասում են: Եթե կանխում ենք ճնշումները՝ առաջ տանելով մեր շահերը, ապա ինչո՞ւ ենք մեր հույսը դնում միջազգային թիրախավորված արձագանքի վրա: Ինչը նշանակում է, որ «առաջնորդի» ձախ ձեռքը (ենթադրաբար՝ Մարուքյանը) տեղյակ չէ, թե ինչ պետք է ասի աջ ձեռքը՝ Սիմոնյանը: Ինչը պետական կառավարման առումով հեչ լավ երեւույթ չէ: Իսկ եթե ընդունենք, որ մեր շահերն առաջ տանելը նշանակում է հենց միջազգային թիրախավորված արձագանք ստանալը, ապա վա՜յ այն երկրին, որի բարձրաստիճան պաշտոնյաներն այդպիսի մտածողություն են դրսեւորում: Իմ համեստ կարծիքով, առկա է հենց առաջին դեպքը, քանի որ Փաշինյան Նիկոլի կառավարման չորսուկես տարին վկայել է հենց դրա մասին:

Այլ հարց է, թե ինչպես ենք առաջ տանում մեր շահերը: Եվ, միաժամանակ, ինչ է տալիս միջազգային թիրախավորված արձագանքը: Դժբախտաբար, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է: Մեր շահերը վիրտուալ առաջ տանելու դեպքում մենք անընդհատ տարածքներ ենք կորցնում՝ էլ չասած սահմանին կանգնած զինվորների մահերի մասին: Վիրտուալ ճիշտ այնպես, ինչպես Գեղարքունիքի մարզի սահմանի ամրացումն էր վիրտուալ՝ վկայված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից: Ինչ մնում է միջազգային արձագանքին, ապա այն սովորաբար թիրախավորված չէ եւ չի եղել՝ առանձին բացառությունները չհաշված: Բայց եթե լիներ նույնիսկ թիրախավորված, ապա գրոշի արժեք չի ունեցել, եւ չեմ կարծում, թե երբեւէ կունենա որեւէ արժեք: Բայց դա չի նշանակում, թե դա գիտակցվում է գործող իշխանության կողմից: Փաշինյան Նիկոլը շարունակելու է Հայաստանի հաշվին առաջ տանել «խաղաղության դարաշրջանի մեկնարկը»։ Հատկապես որ 2021 թվականի հունիսին ընտրողից ստացել էր մանդատ՝ անելու այն, ինչ խելքին փչեր: 

Սակայն ավելի քան մեկ տարի անց, ըստ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումների, նրան չի վստահում հայաստանցիների մեծամասնությունը՝ 64 տոկոսը: Միաժամանակ, 42 տոկոսի կարծիքով Հայաստանը սխալ ուղղությամբ է առաջ գնում։ 54%-ը, համարում է, որ երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրը ՀՀ ազգային անվտանգությունն ու սահմանային հարցերն են։ 48 տոկոսը լիովին բացասական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այսինքն, եթե հրաշք պատահեր ու Փաշինյան Նիկոլը հանկարծ ազնիվ մարդ դառնար, ապա ինքը կտեսներ, որ մեկ տարի առաջ նրան տրված «պողպատե» մանդատն ուղղակի «ջրվել» է: Եթե, իհարկե, պողպատը կարող է ջրվել: Չնայած Նիկոլի դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է:  Այսպիսով, կարող ենք ասել, որ ամերիկյան կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումը վկայեց, որ ժողովուրդը Նիկոլին մանդատ չի տվել, որպեսզի նա անվտանգության հաշվին «խաղաղության դարաշրջան» բացի: Իսկ դա այն է, ինչ դրոշակ սարքած՝ անընդհատ թափահարում էր Նիկոլը: