Իշխանական անհողմություն ու դատարկաբանություն

Իշխանական անհողմություն ու դատարկաբանություն

Եկեք վերջնականապես պարզենք, թե ինչով էին զբաղված Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող հայ պաշտոնյաները Վլադիվոստոկում: Ես կասեի` քաղաքական օնանիզմով, այսինքն՝ գրեթե ոչնչով: Փաշինյանի ելույթը, ֆորումը վարողի հարցերին տված նրա բոլոր պատասխանները, Պուտինին հղած իր պատասխան խոսքը, տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ սուտ ոգեւորությունը եւ անգամ Պուտինին նվիրված դիֆերամբները դատարկ ժամավաճառություն էին եւ ինքնամխիթարություն: Նույն վիճակում էին նաեւ Փաշինյանին ուղեկցող, այսպես ասած՝ անձինք: Նրանք հո չէի՞ն գնացել որեւէ գործ անելու:

Օրինակ՝ Հակոբ Արշակյանն ուրիշ ի՞նչ պետք է աներ արեւելյան տնտեսական ֆորումում, քան իր շեֆի գործողություններին հետեւելն ու կրկնօրինակելը:

Վլադիվոստոկի թեման կարելի էր փակել, եթե Նիկոլ Փաշինյանը մինչեւ Վլադիվոստոկ մեկնելն ու Վլադիվոստոկից վերադառնալուց հետո չշարունակեր դատարկաբանությունը: Զրո արդյունք, զրո քայլ, զրո որոշում: Երբ ես ասում եմ՝ Նիկոլը, միշտ նկատի ունեմ նրա ողջ թիմը: Այսօր այդ թիմում քաղաքական օնանիստներ կան, որ նույնիսկ Նիկոլին են գերազանցում: Հետեւաբար, ես չէի կարող նրանց աչքաթող անել: Դուք՝ բոլորդ, տեսաք 8-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի բացումն ու նիստի ժամանակ իշխանական պատգամավորների վիճակը: Բոլորը հանցանքի մեջ բռնվածի պես էին պահում իրենց: Պատճառն էլ այն էր, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր աշնանային նստաշրջանի մեկնարկն ու իր համար առանձին նիստ էր գումարել «Անի Գրանդ» հյուրանոցի հարմարավետ դահլիճում: ԱԺ-ում հավաքված ՔՊ-ական պատգամավորները երբեք իրենց այդքան միայնակ չէին զգացել: Արդար լինենք՝ ընդդիմությունը կարողացել էր անակնկալ մատուցել իշխանականներին, որոնք մի կերպ էին քվորում ապահովել նիստը բացելու համար: Իսկ ինչ վերաբերում է իշխանականների օրակարգին, ապա պետք է ասել, որ այն լիովին համապատասխանում էր իշխանությունների վերջին օրերի որդեգրած քաղաքականությանը, այն է՝ օրակարգ ոչնչի մասին: Այդ օրակարգը, բնականաբար, նրանց դարձյալ տրամադրելու է քաղաքական օնանիզմի՝ ոչինչ չանել եւ հաճույք ստանալ: Պատկերացրեք, որ այդ օրակարգի ամենազիլ հարցը ՍԴ նոր դատավորների ընտրությունն է լինելու: ՔՊ-ն, իբր, վիզ է դրել, որ Սաֆարյան Սծյոպիկի քվորը տանի ՍԴ: Բայց մենք հո գիտենք, որ վիզ դնողը Նիկոլն է, իսկ մյուսները, որոնց մեջ հաստատ ավելի լավ թեկնածուներ կան, ստիպված են սպասարկել Փաշինյանի այդ որոշումը: Ախպեր, բա ինձ պետք ա՞ էս խառը ժամանակներում Նիկոլի հետ քյալլա տալ, մի կոճակ չի՞, կսեղմեմ՝ թող գնա․ այ, այս աուրան էր տիրում ընդդիմության քննարկումներին զուգահեռ ընթացող ԱԺ նիստում:

Քանի որ որոշել եմ այսօր արդար լինել, կփորձեմ արդար լինել նաեւ իշխանության առանձին ներկայացուցիչների հանդեպ: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է արտահայտվել վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի քաղաքական օնանիզմը: Ասեմ, նա միշտ խոսում է այն բանից հետո, երբ այդ մասին նրան հիշեցնում են՝ խոսա, արա, մի բան ասա, թե չէ խելքդ տվել ես պաշտոնիդ: Եվ թունդ պահին անակնկալի եկած դեսպանը հանկարծ սկսում է գյուտ արածի պես հայտարարել, որ ադրբեջանցիներն արդեն որերորդ անգամ մեզ են մեղադրում սահմանին տիրող «լռությունը» խախտելու մեջ: Բայց այդ մասին մեզ ամեն օր տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, եւ, ուրեմն, ո՞րն է դեսպանի հայտնած նորությունը: Ոչ մի նորություն, 0 օգուտ նրա աշխատանքից, 0 էֆեկտիվություն, 0՝ բոլոր առումներով:

Ռուս-ուկրաինական հակամարտության գծի վրա էլ քաղաքական օնանիզմով են զբաղված Փաշինյանի հետ օրումեջ քննարկումներ անող հակառուսները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Սանասարյան, Տիգրան Խզմալյան, արանք-արանք՝ Արման Բաբաջանյան, Սաֆարյան Սծյոպիկ… Դե իսկ ամենաանսպասելին այս ցանկում Լեւոն Շիրինյանն է: Ասա՝ էդ տարիքում քաղաքական օնանիզմը քո ի՞նչ խելքի բանն է…

Մի փոքր ավելի ներքեւ իջնենք՝ ԱԺ, որտեղ երեկ նիստ էր անում ՔՊ-ի մնացորդացը՝ մոտ 60 պատգամավոր: Կուզենայի այդքանից առանձնացնել Ալեն Սիմոնյանին, որ ՔՊ-ի բուն զբաղմունքը թողած՝ ընդդիմությանն էր փորձում քլնգել: Նրան մասնավորապես դուր չէր եկել, որ ընդդիմությունը, ԱԺ դահլիճը թողած, հավաքվել էր «Անի Գրանդ» հոթելում եւ նիստ էր անում իր օրակարգով: Այդ «այլընտրանքային» նիստը լեգիտիմ չէ, որովհետեւ լեգիտիմ չէ նաեւ ընդդիմությունը՝ ասել է Ալեն Սիմոնյանը եւ շուրջը նայել, որպեսզի տեսնի, թե ինչ տպավորություն ստացան իր շուրջը հավաքված լրագրողները: Տեսնելով, որ չկարողացավ տպավորություն գործել վերջիններիս վրա՝ Ալեն Սիմոնյանն ավելի է խստացրել տոնն ու համարյա անցել մուննաթի՝ ընդդիմությունը թող մի հատ էլ այլընտրանքային պետություն ստեղծի…

Պարոն Սիմոնյան, հարցս ուղղում եմ հենց Ձեզ, որովհետեւ միակ մարդն էիք իշխանության մեջ, որ այդ պահին այլ գործով էիք զբաղված: Ո՞ւր էին փոխխոսնակները, որ չէին բարեհաճել անգամ նստաշրջանի առաջին նիստին ներկայանալ: Ռուբեն Ռուբինյանը՝ հասկացանք, Քըլըչի հետ է քաղաքական օնանիզմով զբաղվում, իսկ Հակոբ Արշակյա՞նը… Նիկոլը մի անգամ հետը Վլադիվոստոկ տարավ՝ մեծամտացավ, հա՞: Եվ հետո, պարոն Սիմոնյան, ես չէի համարձակվի ընդդիմությանը ոչ լեգիտիմ ասել: ԱԺ-ն, ինչպես գիտեք, բաղկացած է իշխանական մեծամասնությունից եւ ընդդիմությունից, եւ նրանցից մեկի ոչ լեգիտիմության պարագայում ոչ լեգիտիմ է դառնում նաեւ մյուսը: Ձեր ասելուց ստացվում է, որ մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն, հետեւաբար՝ նաեւ ոչ լեգիտիմ իշխանություն: Նիկոլն այսքան բան իմանա՝ ի՞նչ կասի: Ի՞նչ եղան 680 հազար քվեի մասին Ձեր երգերը: Չէ՞ որ ընդդիմությունն էլ 350 հազար է հավաքել, ու հենց այդ թվերի հարաբերակցությամբ է ձեւավորվել այս իշխանությունը: Եվ կամ՝ ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հայտարարի: Ինչո՞ւ գնալ այդքան հեռու, պարոն Սիմոնյան, եթե ընդդիմությունը կարող է այլընտրանքային կառավարություն ձեւավորել եւ հայտարարել, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է ընդդիմության կառավարությունը: Եվ վերջ…

Պարոն Սիմոնյան, բոլորն արդեն հասկացել են, որ երկիր են կորցնում, ու հիմա ուրիշ բաներով զբաղվելու ժամանակը չէ: Սա համարեք տագնապի ազդանշան ու տարածեք ձերոնց շրջանում: Դե հիմա ո՞ւմ հետ չի պատահում…