Զաքիր  Հասանովը վստահությունը կորցրե՞լ է

Զաքիր  Հասանովը վստահությունը կորցրե՞լ է

Իլհամ Ալիեւի աշխատակազմում կատարված կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների թեմայով ադրբեջանական մամուլում վերլուծական բնույթի հրապարակումներ չեն արվում: Բացառություն է «Թուրան» գործակալության մեկնաբանի թռուցիկ ակնարկը նախագահի աշխատակազմում ռազմական հարցերով օգնականի-բաժնի պետի հաստիքի վերականգնման, այդ պաշտոնում Մահեռամ Ալիեւի նշանակման եւ, հատկապես, հընթացս նրան գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին: «Այդ կոչումը սովորաբար շնորհվում է ուժային գերատեսչության առաջին դեմքին»- ենթատեքստային ակնարկ է արել Ադրբեջանի միակ անկախ գործակալությունը: Ո՞վ է Մահեռամ Ալիեւը՝ բաց աղբյուրներում բավարար տեղեկատվություն չկա: Հայտնի է միայն, որ նա պրոֆեսիոնալ զինվորական չէ, ինչ-որ ժամանակ զբաղեցրել է ՆԳՆ Բաքվի վարչության պետի պաշտոնը, որտեղից տեղափոխվել է նախագահի աշխատակազմ՝ նշանակվել ռազմական հարցերով նախագահի խորհրդականի ապարատի բաժանմունքի ղեկավար:

Երկու տարի առաջ Իլհամ Ալիեւի հրամանագրով ռազմական հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը լուծարվել է, ստեղծվել է իրավապահ մարմինների հետ աշխատանքների եւ ռազմական հարցերով նախագահի օգնականի պաշտոն, որն զբաղեցրել է Ֆուադ Ալեսկերովը՝ Միլլի մեջլիսի երկարամյա խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի որդին: Կառուցվածքային այդ փոփոխության կապակցությամբ ադրբեջանցի փորձագետները կարծիք էին հայտնել, որ դա տեղի է ունեցել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ջանքերով: Չափազանց լարված էին պաշտպանության նախարարի եւ նախագահի ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւի հարաբերությունները: Վերջինս հասել էր պաշտպանության երկարամյա նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնանկությունը եւ համարվում էր նրա ամենահավանական փոխանորդը, բայց վերջին պահին Իլհամ Ալիեւը նախապատվությունը տվել էր ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին, իսկ լուծարված կառույցի բաժանմունքի պետ Մահեռամ Ալիեւը նշանակվել էր արդարադատության փոխնախարար: Ահա այդ պաշտոնից էլ նա տեղափոխվում է նախագահի աշխատակազմ եւ ստանում բարձրագույն զինվորական կոչում:

Ըստ էության, կարելի է ենթադրել, որ նրան պատրաստում են պաշտպանության նախարարի պաշտոնին: Վերջին երկու ամիսների ադրբեջանական մամուլի ուսումնասիրությունը բացահայտում է մի իրողություն՝ լրահոսից չքացել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անունը: Ադրբեջանական վտարանդիության մեդիա-ռեսուրսներից մեկում տեղեկություն է սպրդել, որ Զաքիր Հասանովի դեմ ցուցմունքներ են տվել Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող մի քանի նախկին բարձրաստիճան զինվորականներ: Ըստ այդմ, 2016թ. ապրիլյան պատերազմի որոշումը միանձնա կայացրել է Զաքիր Հասանովը: Նպատակը մեկն է եղել՝ «կայծակնային հաղթանակով» բարձրացնել սեփական հեղինակությունը եւ Թուրքիայում ռազմական հեղաշրջումից, Էրդողանին իշխանությունից հեռացնելուց հետո նույն սցենարով տապալել Իլհամ Ալիեւին, հաստատել զինվորական իշխանություն, ապա «ընտրվել»  նախագահ: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, բարդ է ասել:

Փաստ է, որ 2016թ. ապրիլի  2-ին Իլհամ Ալիեւը Զաքիր Հասանովին Թարթառի հրամանատարական կետից հետ է կանչել Բաքու:  Ներքին ի՞նչ քննարկումներ են հետեւել դրան՝ որեւէ տեղեկություն չկա: Ակնհայտ է մի բան՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի շուրջ ստեղծված է տեղեկատվական վակուում: Պաշտպանության նախարարի հարցը, հավանաբար, կլուծվի խորհրդարանական ընտրություններից հետո: Տրամաբանական է թվում, որ կնշանակվի գեներալ-գնդապետի զինվորական կոչման արժանացած, նախկին ոստիկան Մահեռամ Ալիեւը: Դա Իլհամ Ալիեւի՞, թե Մեհրիբան Ալիեւայի ընտրությու՞նն է արդեն:

Վտարանդի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը գտնում է, որ Ադրբեջանում արմատական փոփոխություն է կատարվել՝ Փաշաեւների (Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքի) կլանը հաղթել է նախիջեւանցիներին: