Ինչում են մեղադրում «Իզմիրլյանի» տնօրենին

Ինչում են մեղադրում «Իզմիրլյանի» տնօրենին

Մենք նոյեմբերի 16-ին հրապարակում ունեինք՝ «Սպեկուլյացիա՝ հաց բերողի անվան շահարկմամբ», որտեղ ներկայացրել էինք, որ գլխավոր դատախազը պատրաստվում է դիմել Ազգային ժողով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ պատգամավորները իմունիտետ ունեն՝ նրանց նկատմամբ կարելի է քրեական վարույթ հարուցել միայն ԱԺ թույլտվությամբ, ԱԺ նիստում այդ հարցի քննարկման եւ մեծամասնության կողմից հավանություն տալու դեպքում։ 

Դատախազության այսօր տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 23-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: 

Դատախազը կարծում է, որ «Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին՝ Արթուր Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թ․ փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը»:

Այժմ ներկայացնենք այն, ինչ գրել էինք նոյեմբերի 16-ի մեր հրապարակման մեջ․

«Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ հանձնաժողովի կազմում էր նաեւ բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի տված եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն բանն այն է, որ բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել` Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, քանի որ չէր ներկայացվել հանձնաժողովին: Ավելին՝ Արմեն Չարչյանը եզրակացության մեջ կամ դրանից զատ հատուկ շեշտել էր, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե իրենց եզրակացությունն այլ լիներ»։