Իրանի հարվածներն ավիաթռիչքների համար աննախադեպ ծավալի խնդիրներ են ստեղծել 

Իրանի հարվածներն ավիաթռիչքների համար աննախադեպ ծավալի խնդիրներ են ստեղծել 

Այն բանից հետո, երբ Իրանը հարձակվեց Իսրայելի վրա, մի շարք միջազգային խոշորագույն ավիաընկերություններ բախվեցին ավիաթռիչքների հետ կապված խնդիրների հետ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Վերջին երկու օրերին,- ըստ հրապարակման, առնվազն տասից ավելի ավիաընկերություններ ստիպված են եղել չեղարկել իրենց թռիչքները, այդ թվում Qantas (QAN.AX), Lufthansa (LHAG.DE), United Airlines, Air India եւ այլ ավիաընկերություններ։ Այս խափանումները, ըստ մասնագետների, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ավիափոխադրումների ոլորտում արձանագրված խոշորագույն խափանումներն են եղել։

Սա, ըստ ոլորտի մասնագետների, կարող է ավիափոխադրումների սեկտորում բերել քաոսային իրավիճակի։ Ռուս-ուկրաինական ռազմական առճակատման, պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս էսկալացիայից հետո արդեն իսկ ավիափոխադրողները շարունակաբար վերանայել են իրենց թռիչքները եւ թռիչքների ուղիները, կատարել որոշակի կորեկցիաներ։ Իրանի օդային տարածքը օգտագործվում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ օդային հաղորդակցություն ապահովող ավիաընկերությունների կողմից եւ այժմ իրանական տարածքով սահմանափակումները երկու այլընտրանք են թողնում՝ կամ թռիչքներ իրականացնել Թուրքիայի վրայով, կամ՝ Սաուդյան Արաբիայի։ Իսրայելւ շաբաթ օրը փակեց իր օդային տարածքը, սակայն հետո նորից բացեց՝ կիրակի առավոտյան։

Հորդանանը, Իրաքն ու Լիբանանը եւս վերականգնել են իրենց տարածքներով օդային հաղորդակցությունը։ Մերձավոր Արեւելյան խոշորագույն ավիաընկերությունները, այդ թվում՝ Emirates Airlines, Qatar Airways եւ Etihad Airways ավիաընկերությունները, հայտարարել են, որ թռիչքուղիների կորեկցիայից հետո կվերականգնեն իրենց թռիչքները։