Իշխանափոխություն հանուն Արցախի փրկության եւ ոչ թե Արցախի կորստի գնով

Իշխանափոխություն հանուն Արցախի փրկության եւ ոչ թե Արցախի կորստի գնով

Նիկոլ Փաշինյանին հիմա ավելի շատ մտահոգում է ոչ թե Արցախի խնդիրը, այլ արցախցիներից իրեն սպառնացող վտանգը: Մտածում է` ի՞նչ պետք է անի հայրենիք, տուն, ապրուստ կորցրած ու այլեւս կորցնելու ոչինչ չունեցող 120 հազար արցախցիների հետ, ովքեր մի պահ կարող են հայտնվել Երեւանի փողոցներում, Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց: Կարծես այդ սարսափելի հեռանկարը կանխազգալով է Փաշինյանը տեղափոխվել Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայր՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով ու պաշտպանված կլինի: Բայց դժվար թե նստավայրի փոփոխությունը փրկի նրա իշխանությունը:

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ պատգամավորը հայտարարում է, որ իրենց իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի հանձնարարությամբ ՔՊ-ական պատգամավորները կհայտարարեն, որ իրենք արցախցիներին ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիներ, Հայաստանի իշխանությունը հրաժարվում է ճանաչել նրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, չնայած նրանք ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր: Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն ու նախարարները կհիմնավորեն, որ այդ անձնագրերը տրվել են ապօրինաբար, բազմաթիվ օրենքների խախտումներով. եթե Հայաստանն Արցախը չի ճանաչել Հայաստանի մաս, ինչպե՞ս է այնտեղ բնակվողներին ՀՀ քաղաքացու անձնագիր տվել: Հիմա արդեն Արցախում նոր անձնագրեր չեն տրամադրվում, պատճառաբանությունն այն է, որ շրջափակման պատճառով Հայաստանից անձնագրեր չեն կարողանում տանել Արցախ, իրականում Փաշինյանը հանձնարարել է՝ արցախցիներին զրկել ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու իրավունքից, որ չհարուցի Ալիեւի զայրույթը:

Ինչպես արդեն գրել ենք, Փաշինյանի համար իդեալական լուծումը կլինի, եթե Արցախի հայ բնակչությունը, ենթարկվելով ճնշումներին, համաձայնի բանակցությունների, այսպես կոչված, Ստեփանակերտ-Բաքու ֆորմատին, ընդունի Ադրբեջանի իշխանության ներկայացրած ուլտիմատումը` Պաշտպանության բանակի զինաթափում, Արցախի Հանրապետության կառավարման մարմինների լուծարում, Ադրբեջանի քաղաքացիության ընդունում, հայ լինելուց հրաժարում, իրենց ազատ ընտրությամբ նոր ազգային պատկանելության ընդունում` աղվանցի կամ ուդի: Երբ ամեն անգամ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները խոսում են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին, նրանք շատ լավ հասկանում են, որ երկխոսությունը սրա մասին է, եւ Արցախի իշխանություններին հորդորելով՝ երկխոսել, ընդամենը պարտադրում են, որ նրանք ընդունեն Ադրբեջանի վերոնշյալ պահանջները:

Արցախի գործող իշխանությունը եւ բնակչությունը հրաժարվում են նման երկխոսությունից, եւ դրանով են պայմանավորված Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ նույնիսկ հեռախոսային կապի բացակայության մասին լուրերը: Հայաստանի իշխանությունները հասկացնում են, որ Արցախի իշխանության մարմինների հետ իրենք խոսելու, քննարկելու բան չունեն, եթե Արցախի իշխանություններն ինչ-որ հարց են ուզում քննարկել, ապա ճիշտ կանեն, եթե զանգահարեն Բաքու, հնարավոր է՝ այնտեղ իրենց հեռախոսազանգերին պատասխանող լինի: Արցախի իշխանությունները համառորեն դիմադրում են, ինչը հարուցում է Փաշինյանի ակնհայտ դժգոհությունը: Փաշինյանը դժգոհելու իրավունք ունի, քանի որ իրեն չհաջողվեց Արցախում հեղաշրջում իրականացնել եւ իշխանության բերել բանակցությունների կողմնակից, Արցախի եւ արցախցիների ադրբեջանականացման գծի կողմնակից Սամվել Բաբայանին:

Քանի որ բոլորի համար պարզ է, որ ներկա իրավիճակը երկար շարունակվել չի կարող, եւ ինչ-որ հանգուցալուծում, այնուամենայնիվ, պետք է տեղի ունենա, փորձենք հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել հանգուցալուծումը: Ամենալավատեսական սցենարն այն է, որ Հայաստանի ընդդիմությունը եւ հասարակությունը, գիտակցելով Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը, Հայաստանում կազմակերպեն եւ իրականացնեն իշխանափոխություն: Նոր իշխանությունը ստանձնի Արցախի փրկության առաքելությունը, ինչն այնքան էլ անիրատեսական չէ, ի վերջո՝ 1990-94 թվականներին իրավիճակն ավելի անհուսալի էր: Հայաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներն էլ արցախցիներն են, եւ այդ հանգամանքը նրանց ավելի է պարտավորեցնում՝ իրենց ձեռքը վերցնելու Արցախի փրկության գործը: Քանի որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը փաստացի հրաժարվել է մասնակցել քաղաքական պրոցեսներին, տեսակետ է հայտնում բացառապես միայն այն դեպքերում, երբ իրեն ուղղված քննադատություն է հնչում, եւ հիմնականում զբաղված է իր անձը պաշտպանելով՝ հրաժարվելով հանրային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունից, պետք է հուսալ, որ գոնե Սերժ Սարգսյանն այդ գործում ավելի ակտիվ եւ նախաձեռնող կլինի:

Եթե Հայաստանում մինչեւ տարեվերջ իշխանափոխություն տեղի չունենա, Արցախում հումանիտար ճգնաժամը կարող է այնքան խորանալ, որ իշխանությունը, որպես այդպիսին, դադարի գոյություն ունենալ: Եթե իշխանությունը չի կարող ապահովել մարդկանց ամենատարրական պահանջների բավարարումը, այն արդեն իշխանություն չէ, որեւէ մեկը նրան չի ճանաչի որպես իշխանություն: Անիշխանության պայմաններում յուրաքանչյուրը որոշելու է, որ ինքն է լուծելու իր եւ իր ընտանիքի ապահովության, ասել է թե`փրկության հարցը: Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ որոշեն մնալ Արցախում՝ ճանաչելով Ադրբեջանի իշխանությունը, բայց մեծամասնությունը նախընտրելու է ճեղքել շրջափակումը եւ անցնել Հակարիի անցակետը, այն հույսով, որ Ադրբեջանի սահմանապահները չեն կրակի անզեն ու գաղթական հայերի վրա: Այդ դեպքի համար Փաշինյանը մտածում է, որ կկարողանա այդ մարդկանց գնել, մեղմել նրանց զայրույթն ու դժգոհությունը՝ Երեւանում բնակարան եւ փոխհատուցում առաջարկելով: Նա համոզված է, որ անլուծելի թվացող ցանկացած հարց կարելի է լուծել փողի միջոցով, բայց այս անգամ այդ մարտավարությունը տապալվելու է: Հնարավոր չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ հայրենիքի կորուստը փոխանակեն երեւանյան բնակարանի հետ:
Այնպես որ, մինչեւ տարեվերջ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն. ցանկալի է, որ այն տեղի ունենա հանուն Արցախի փրկության եւ ոչ թե Արցախի վերջնական կորստի հաշվին:

Ավետիս Բաբաջանյան