Դուք էլ, ձեր ԲԴԽ-ն էլ. Նախշուն Տավարացյանը հրաժարվեց Գագիկ Հարությունյանի ստեղծած «գենդերային» դրախտից

Դուք էլ, ձեր ԲԴԽ-ն էլ. Նախշուն Տավարացյանը հրաժարվեց Գագիկ Հարությունյանի ստեղծած «գենդերային» դրախտից
ԲԴԽ-ն այդպես էլ չի ունենալու կին անդամ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը, որն առաջադրվել էր որպես թեկնածու, հաղթեց մրցույթում, ստանալով ձայների ամենաքիչ քանակը՝ 22 ձայն: Հիշեցնենք․ ԲԴԽ անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ վճռա­բեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո նրա տեղը խորհրդում թափուր էր մնացել, եւ նոյեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողովը նոր անդամի ընտրություն անցկացրեց: Թեկնածուները՝ վճռաբեկ դա­տարանի անդամներ Սուրեն Անտոնյանը եւ Ստե­փան Միքայելյանը, ստացան համապատասխանաբար 72 եւ 70 ձայն, բայց հաղթեց Նախշուն Տավարացյանը, քանի որ Դատական օրենսգիրքը պահանջում է պահպանել գենդերային համամասնության սկզբունքը:



Նոյեմբերի 12-ին, ընդհանուր ժողովի նիստի ժամանակ, Տավարացյանը հրաժարվեց խորհրդի անդամ դառնալուց: Պատճառն իր գործընկերների, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում հնչած կարծիքներն ու գնահատականներն էին, թե, իբր, նա ուժեղ եւ ինքնուրույն դատավոր չէ, այլ Գագիկ Հարությունյանի հովանավորյալն է, հարմարվող տեսակի դատավորներից, որին ԲԴԽ նախագահն ամեն կերպ փորձելու է ԲԴԽ անդամ դարձնել: Նախշուն Տավարացյանն էլ ապացուցեց բոլորին, որ շատ տղամարդկանցից էլ սկզբունքային է, եւ որ իր համար ինքնասիրությունն ավելի բարձր է, քան ԲԴԽ անդամությունը: Իրեն չընտրած, իրեն քննադատող գործընկերներին նա հասկացրեց՝ դուք էլ, ձեր ԲԴԽ-ն էլ, ու «հրաժարական» տվեց՝ դիմում գրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ հրաժարվում է հաղթանակից: Այժմ ԲԴԽ-ն նոր մրցույթ է հայտարարելու, որին իրավունք ունեն վճռաբեկ դատարանի նաեւ այլ անդամներ թեկնածություն դնել: Սակայն կազուսն այն է, որ վճռաբեկ դատարանում այլեւս չկան կին դատավորներ, եւ գենդերային հավասարության մասին օրենքի պահանջը հնարավոր չի լինի ապահովել: Դատական օրենսգրքի ԲԴԽ-ին վերաբերող բոլոր կետերի հեղինակը Գագիկ Հարությունյանն է, քանի որ վաղուց էր որոշված, որ հենց նա է ղեկավարելու այս մարմինը: 76-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամների սեռերի ներկայացվածության նպատակով միեւնույն սեռի ներկայացուցիչների թվակազմը հնարավորին չափ պետք է սահմանափակվի առավելագույնը երեք անդամով:



«Հնարավորին չափ» արտահայտությունը նշանակում է, որ այս պահանջն այնքան էլ պարտադիր չէ: Իրականում այստեղ մեկնաբանության խնդիր է: Նույն օրենսգրքի 12 եւ 13-րդ կետերը բացառություններ են սահմանում: 13-րդ կետում, օրինակ, գրված է. «Եթե սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված գործընթացի հետեւանքով չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա... գործընթացը մեկ անգամ եւս կրկնվում է՝ առանց դիտարկելու սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը: Եթե կրկնության դեպքում դարձյալ չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա իրականացվում է նոր ընտրություն»:



Այո, Գագիկ Հարությունյանի շարադրանքը «միջակ ուղեղների համար» չէ եւ բարձրագույն մաթեմատիկայի դասագիրք է հիշեցնում՝ բարդ, խրթին, տարատեսակ գործակիցներով եւ դրանց հաշվարկի բանաձեւերով հագեցած: Մի պարզ իրողություն իրավաբանը չի հաշվարկել՝ ի՞նչ է լինելու, եթե վճռաբեկ դատարանում, որի դատավորները միայն կարող են ընտրվել ԲԴԽ անդամ, կին դատավոր չլինի: Հենց այսպիսի իրավիճակի առաջ է կանգնած ԲԴԽ-ն այսօր: «Մեկնաբանության խնդիր է», «դա պարտադիր պահանջ չէ»,- ասում են իրավաբանները, բայց հարց է ծագում․ եթե Գագիկ Հարությունյանի կիբեռնետիկական գրառումները պարտադիր չեն կատարման համար եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալու, որոնց ընտրության մասնակիցները կարող են պարզապես չհավատալ, ապա էլ ո՞ւմ են դրանք պետք: ԲԴԽ-ն չի շտապում պարզաբանել ստեղծված իրավիճակը: Մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը «ցրում» է լրագրողներին: Նա հրաժարվեց մեզ հասարակ տեղեկություններ ներկայացնել մրցույթի վերաբերյալ՝ ասելով. «Պաշտոնականը լինի, կտրամադրեմ»: Արդեն երրորդ օրն է՝ պաշտոնականը դեռ չկա: ԲԴԽ կայքում այս թեմայով դատարկություն է:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**