Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաչելության ճանապարհը» նոր է սկսվելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաչելության ճանապարհը» նոր է սկսվելու
Արդեն կարելի է վստահորեն ասել, որ պառլամենտական արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի իրականություն են դառնալու, իհարկե, եթե ինչ-որ աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակներ առաջ չգան։ Հայաստանյան իշխանափոխության համար այդ ընտրությունները կարեւոր հանգրվան են, իհարկե, սակայն նաեւ չափազանց լուրջ մարտահրավեր։ Հարցը ոչ այնքան բուն ընտրություններն են, որքան այն հնարավոր զարգացումները, որոնց հետ Հայաստանը կարող է առերեսվել արդեն ընտրություններից հետո։



Այս պահին, միջազգային տեսանկյունից, Հայաստանն ունի լեգալ, բայց ոչ լեգիտիմ գործադիր իշխանություն, ընդ որում՝ լեգալությունը պայմանավորված է ներքին հանրային վստահությամբ։ Միջազգային տեսանկյունից լեգալ, բայց ոչ լեգիտիմ գործադիր իշխանությունը Հայաստանում, ի դեմս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, ձեւավորվել է որպես ժամանակավոր անցումային իշխանություն՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Ներկայացվածից հետեւություն անենք․ գործադիր իշխանությունը կարիք ունի իր լեգալությունն ամրապնդել նաեւ միջազգային ճանաչվածությամբ կամ միջազգային լեգիտիմությամբ։ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը նման լեգիտիմացման մի ճանապարհ ունի՝ ընտրությունները։ Հայաստանի դեպքում դա պառլամենտական արտահերթ ընտրություններն են։ Այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր պառլամենտի եւ պառլամենտի կողմից ըստ Սահմանադրության պահանջի կազմած կառավարությամբ էլ Հայաստանում կսկսի գործել ե՛ւ լեգալ, ե՛ւ լեգիտիմ գործադիր իշխանություն։



Սակայն, որքան էլ աբսուրդային հնչի, ներկայիս վիճակը, որը կարելի է բնորոշել որպես անցումային փուլ, միջազգային եւ արտաքին քաղաքական տեսանկյունից շատ ավելի բարենպաստ է վարչապետ Փաշինյանի թիմի համար, քան այն փուլը, որը գալու է ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո կայուն պառլամենտական մեծամասնության պայմաններում ձեւավորված կառավարության ուսերին կընկնի այն ողջ բեռը, որն այսօր ունի Հայաստանն ընդհանուր առմամբ։ Իսկ այդ բեռը փոքր չէ։ Խոսքը ե՛ւ արտաքին կամ պետական պարտքին է վերաբերում ու դրա սպասարկմանը, ե՛ւ բնակչության կենսամակարդակի հետ կապված խնդիրներին, ե՛ւ տնտեսական հարցերին ու, վերջապես՝ արտաքին քաղաքական, տարածաշրջանային եւ գեոպոլիտիկ հարափոփոխ աշխարհում ճիշտ կողմնորոշվելուն ու ղարաբաղյան կարգավորմանը։ Ներկայիս փուլում այս խնդիրների լուծումները կամ կարգավորումները թե՛ արտաքին աշխարհի, թե՛ ներքին լսարանի առաջ դեռեւս կարելի է հետաձգել, պատճառաբանել ոչ սովորական ներքաղաքական վիճակով, նախկին համակարգի ապամոնտաժման քայլերով, հակահեղափոխության առասպելական հրեշի առկայությամբ եւ դրա դեմ պայքարով։ Ի վերջո, կարելի է պատճառաբանել հենց միջազգային լեգիտիմության բացակայությամբ, ներքին անկայուն վիճակով ու ժամանակ շահել։ Սակայն ընտրություններից հետո արդեն իշխանությունների համար ժամանակ շահելու արգումենտացիան էապես կրճատվելու է։ Ե՛վ ներքին լսարանում հասարակ քաղաքացուն, ե՛ւ վարկատու դոնոր կառույցներին կամ համանախագահող երկրների իշխանություններին պետք է պատասխաններ տալ, ասենք՝ ե՞րբ են մարդիկ Հայաստանում լավ ապրելու, ե՞րբ է էականորեն կրճատվելու արտաքին պարտքը, կամ էլ ղարաբաղյան կարգավորման հարցի հաջորդ հանգրվանի մեկնարկը ե՞րբ է տրվելու։ Ասել է թե՝ փորձությունները դեռ նոր են սկսվելու։ Եվ նախկին ընդդիմադիր, սուր քննադատության վարպետ վարչապետ Փաշինյանը, այդ փուլից սկսած, ինքն է դառնալու քննադատությունների թիրախ, գուցեեւ շատ ավելի սուր, քան նախկինում էր։ Պատկերավոր ասած՝ վարչապետ Փաշինյանի «խաչելության ճանապարհը» դեռ նոր-նոր է սկսվում։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**