Նոր տնօրենի պաշտոնակատարը զբաղված է ամեն ինչով, բացի կոնկրետ գործից

Նոր տնօրենի պաշտոնակատարը զբաղված է ամեն ինչով, բացի կոնկրետ գործից
Հարգելի, սիրելի եւ մեծ գնահատանքի արժանի նորընտիր կառավարություն՝ հանձին մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Մեր պայքարն ավելի կարճ տեւեց, քան այն լավի ու բարու ձեռքբերումը, որ ակնթարթորեն կորցրինք՝ նույնիսկ դեռ չտեսած: Սիրով եւ համերաշխությամբ ձեռք բերեցինք նոր, արդար եւ մեծ հույսերով դեպի վառ ապագան տանող իշխանություն եւ շատ կարճ ժամանակում կորցրինք անգամ երազելու ունակություններս: Մենք Ձեզ հավատում ենք, դրա համար էլ ահազանգում ենք՝ վստահ լինելով, որ հետադարձ հայացք անպայման կլինի մեր բարձրացրած խնդիրներին եւ մտահոգություններին: Մեր նոր կառավարությունը պետք է շրջահայաց լինի, այսինքն՝ կոնկրետ անձի որեւէ պաշտոնի նշանակելուց զատ պետք է վերահսկողության ինստիտուտը գործի՝ արդյոք տվյալ պաշտոնյան կարողանո՞ւմ է պատշաճ իրականացնել իրեն վստահված աշխատանքը, թե՞ ոչ:



Ես շատ մտահոգված եմ առաջին հերթին ոչ թե իմ եւ իմ նման շուրջ 20 աշխատակիցների խորտակված ճակատագրի, այլ մեր երկրի, ավելի կոնկրետ՝ մշակույթի ասպարեզում կատարվող եւ ոչ մի կերպ մարդկային մտքում չտեղավորվող այնպիսի «որակի» նշանակմամբ, որ բաժին ընկավ մեր երկրի կարեւորագույն հաստատություններից մեկին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանը, որն առաջին օրից սկսած հայտարարում է, որ իրեն այստեղ խնդրել եւ բերել է իր ուսանողը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, եւ, որ ամենակարեւորն է, անընդհատ հայտարարում է․ «...անկախ հետագայում տնօրենի համար անցկացվելիք մրցույթի արդյունքներից, բերել են, ուրեմն տեր են...»։ Այսինքն ի՞նչ, կոռումպացված նախկին իշխանության նույն «ձեւաչափը» շարունակվո՞ւմ է, մի՞թե մենք դրա համար ենք դուրս եկել փողոց եւ պայքարել՝ վանկարկելով՝ ո՛չ կոռուպցիային: Լավ, մենք մեղավո՞ր ենք, որ Արարատ Միրզոյանը մեր ուսանողը չի եղել, կամ նորանշանակ որեւէ պաշտոնյայի չենք ճանաչում, չէ՞ որ մենք մի ազգ, մի ժողովուրդ ենք, մեր բոլորիս շահերից է բխում մեր երկրի բարօրությունը: Արդյոք կարելի՞ է մտնել մի տեղ եւ ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, բա ո՞ւր մնացին բարոյական արժեքները մարդկանց տարիների վաստակն ու իմացությունը:



Լիլիթ Սարգսյանի առաջին գործը պետք է լիներ կազմակերպության գործունեությանը ծանոթանալը, ինչը ոնց անելը, բայց ոչ՝ նա սկսեց ազատվել խեղճուկրակ աշխատողներից, որոնք տարիներով ամեն ինչ արել են կազմակերպության անունը եւ բարի համբավը բարձր պահելու համար: Նա առաջին հերթին բերեց մի երկու հոգու, որոնք իրեն կսովորեցնեն, թե ինչպես ազատվել աշխատողներից, մեկն իրավական կարգավորումները պետք է տար, մյուսը, ինչպես շատ շուտ պարզ դարձավ, իր «սիրած տղամարդն է» (դա այնքան բացահայտ է, որ ստիպված ենք հրապարակել), որը կատարում է մի քանի ֆունկցիա՝ տեղակալ, թիկնապահ, աշխատողներին ահ տվող: Ու սկսվեց կադրային ջարդը՝ հավաքարարից մինչեւ գլխավոր հաշվապահ, այնպես արեց, որ դիմում գրեն, իսկ ով էլ դիմանում էր ամենօրյա վիրավորանքներին, նրանց ստիպված ասում էր՝ դիմում գրեք, թե չէ ձեր նախկին տնօրենի արածների համար դուք էլ եք պատասխան տալու (չնայած այդպես էլ չիմացանք, թե ինչ է արել նախկին տնօրենը, որ մենք էլ պիտի պատասխան տանք), եւ արդյունքում, ուղղակի բարեխիղճ աշխատելու համար, ստացանք «պարգեւատրում»՝ աշխատանքից ազատելու տեսքով, զուտ այն պատճառով, որ աշխատել ենք նախկին տնօրենի օրոք, եւ, որ ամենակարեւորն է՝ ծանոթ-բարեկամներին աշխատանքով ապահովեց, առանց հատուկ գիտելիքների կամ մասնագիտացման:



Որ համակարգից խոսում են, բոլորը նույնն են ասում, որ հին կադրերին չեն վստահում, իսկ միգուցե այդ կադրերից մի բան էլ պետք է սովորե՞լ: Մենք ի՞նչ մեղավորություն ունենք մեր ղեկավարների սխալ որոշումների կամ վատ արարքների համար: Նշանակել եք, մեկ-մեկ էլ հետադարձ հայացք գցեք, թե ձեր նշանակածներն ինչով են զբաղված, արդյոք կարողանո՞ւմ են իրենց գործը կատարել: Փորձագիտական կենտրոնի ժամանակավոր տնօրենը՝ Լիլիթ Սարգսյանը, զբաղված է ամեն ինչով, բացի կոնկրետ գործից, իրեն թվում է, որ եկել է աշխարհը փրկելու։ Ամեն օր ժողով է անում, ներկայացնում է իր բերած կադրերին որպես աստվածներ եւ փրկիչներ, իհարկե, որոշ ժամանակ հետո լինում են մարդիկ, որոնց սկսում է կասկածել կամ անգամ ազատել: Անընդհատ մարդկային ճակատագրերի հետ է խաղում՝ կարող է այսօր ընդունի, մեկ օր հետո՝ հանի։ Այսինքն, պաշտոն են տվել մի մարդու, ով գործ անելու փոխարեն օգտագործում է իր դիրքն ու տեղը, որպեսզի ցույց տա՝ ես եմ, ինչ կուզեմ, կանեմ։ Միգուցե երբ սկսեք պահանջել կոնկրետ անելիքներ, սթափվեն եւ սկսեն աշխատե՞լ, որպեսզի մեր ճակատագրին չարժանանան նաեւ այն մարդիկ, ում բախտը բերեց՝ չազատվեցին (դրանք շատ չեն՝ ընդամենը 3-4 հոգի նախկին կադրերից), եւ նույնիսկ նրանք, ովքեր նոր են ընդունվել, որովհետեւ նրանք էլ ապահովագրված չեն վաղը դրսում հայտնվելու կարգավիճակից:



Լիլիթ Սարգսյանը շատ ակտիվ զբաղվում է կենտրոնի «ուբոռկայով»՝ մաքրող միջոցներ, ավել, «սավոկ», պոլի փայտ, փոշեկուլ, դռան փական, ամեն ինչ թափում ենք եւ նորն ենք ձեռք բերում՝ մարդկանց նման։ Նորմալ է, եթե մարդիկ արժանանում են այդ վերաբերմունքին, ինչո՞ւ իրերը հետ մնան։



Հիմա ասեք խնդրեմ՝ մենք պայքարեցինք բարեկեցիկ, լավ ու պայծառ ապագայի համար, բայց արդյունքում մնացինք առանց աշխատանքի: Սակայն դեռ ուշ չէ, հնարավոր է ձեր շրջահայացության եւ վերահսկողության պայմաններում փրկվեն շատ ու շատ խելացի ու բանիմաց մարդիկ, եւ, իհարկե, չտուժեն կարեւորագույն օջախներ, որոնցից է մեր փորձագիտական կենտրոնը:



**Գործազուրկ մի շարք ՀՀ քաղաքացիներ՝ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» նախկին աշխատակիցներ**