Մահացել է արտիստ Ռոման Կարցեւը

Մահացել է արտիստ Ռոման Կարցեւը
Ռուսաստանցի հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու կինը՝ Նատալյան, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել արտիստ Ռոման Կարցեւը։ Մահվան հանգամանքները դեռեւս անհայտ են։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման Կարցեւը ծնվել էր Օդեսայում 1939 թվականին։ Դպրոցից հետո՝ 1956-ին սկսել է աշխատել կարի ֆաբրիկայում եւ աշխատանքին զուգահեռ էլ սկսել է ելույթ ունենալ գործարանային թատերական խմբակում։



Ապա արդեն հանդես է գալիս ուսանողական «Պառնաս-2» թատրոնում, որտեղ էլ ծանոթանում էր իր ապագա երկարատեւ խաղընկեր Վիկտոր Իլչենկոյի եւ տեքստերի հեղինակ Միխայիլ Ժվանեցկու հետ։ 1972-ին հեռակա ավարտում է ԳԻՏԻՍ-ը։ Կարցեւի, Իլչենկոյի եւ Ժվանեցկու առաջին մանրապատումները միանգամից արժանանում են հասարակության ուշադրությանը։ Կարցեւը խաղում է նաեւ կինոյում։ Այստեղ հատկանշական են նրա կերպարային մարմնավորումները «Վարպետն ու Մարգարիտա» ֆիլմում եւ «Ջազ ոճի մեջ» ժապավենում /2010/։