Պաշտոնական Բաքուն՝ Փաշինյան-Ալիեւ խոսակցության մասին

Պաշտոնական Բաքուն՝ Փաշինյան-Ալիեւ խոսակցության մասին
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Azertag-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսակցությանը, որը տեղի էր ունեցել Դուշանբեում, եւ որի մասին բարձրաձայնել էր Հայաստանի վարչապետը։ Հաջիեւը ասել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ԱՊՀ պետությունների գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ եւ բանակցելու են Հայաստանն ու Ադրբեջանը որպես հակամարտության կողմեր»,- ասել է Հաջիեւը՝ մանրամասնելով, որ սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳՎ շրջանակներում ԱԳ նախարարների հանդիպումն էլ նույն ֆորմատով է կայացել, ինչպես միշտ, այսինքն, հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։



Անդրադառնալով առաջնագծում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցին՝ Հաջիեւն ասել է, որ հիմնական խնդիրը հրադադարի ռեժիմի խախտումների՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է եւ ռազմական օկուպացիայի փաստը, ուստիեւ հայկական կողմը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, համապատասխան ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ վերացնի այդպիսով հրադադարի խախտման դեպքերը»։ Այս պարագայում, ըստ Ադրբեջանի նախագահի խորհրդականի, լայն հնարավորություններ են բացվելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, որով ռեգիոնում կվերականգնվեն տեւական խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը։