Կարելի՞ է հակառակորդին «կիրթ» անվանել

Կարելի՞ է հակառակորդին «կիրթ» անվանել
Ֆեյսբուքի օգտատեր [Բելլա Լալայանն](https://www.facebook.com/bella.lalayan) անհանգիստ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա Ադրբեջանի նախագահը կիրթ մարդու տպավորություն է թողել: Նա կարծում է, որ չի կարող կիրթ լինել խաղաղ բնակչին գերեվարող եւ սպանող, մոլորված չոբանին հետախույզ ներկայացնող եւ կտտանքների ու խոշտանգումների ենթարկելով սպանող, քնած սպային կացնահարող սպայական ուսադիրներով գազանին հերոսի կոչում շնորհող երկրի նախագահը:



[«Ինչ-որ](https://www.facebook.com/bella.lalayan,,%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%B8%D6%80) բա՞ն է փոխվել, պարոն վարչապետ»- հարցնում է արցախցի լրագրողը եւ ավելացնում, որ իր անհագստությունը խտացած է նաեւ Սանկտ-Պետերբուրգում նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ելույթում մեր եւ ադրբեջանցի զինվորների միջեւ հավասարության նշան դնելու հանգամանքով եւ ի վերջո հույս հատնում, որ վարչապետը հաջորդ լայվի ընթացքում կպատասխանի իր մտահոգությանը: Համանման, նաեւ ավելի կոպիտ ձեւակերպումների պակաս ֆեյսբուքում չկա, բայց առանձնացնելի է արցախյան արձագանքը, քանի որ հեղինակը հանդես է գալիս որպես ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության մամուլի խոսնակ:



Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի վարչապետին հարցումներ ունի նաեւ արցախյան այդ գերատեսչությունը, թե՞ լրագրողը որոշակի հանրային տրամադրություննե՞ր է արտահայտում կամ՝ զուտ անձնական մտահոգությու՞ն: Բայց կա՞ մտահոգվելու առիթ: Վարչապետ Փաշինյանի խոսքում բանալի միտքն այն չէ, որ հանդիպել է կիրթ մարդու հետ, այլ՝ որ վստահ չէ, թե նա պայմանավորվածությունները կհարգի: Դրանով ամեն ինչ ասված է: Մնացածը դիվանագիտական պատշաճություն է: Նա չէր կարող ասել, թե Ալիեւն իր վրա թողել է հայ զոհված զինվորին գլխատողին հերոսացնող բռնապետի տպավորություն: Դրանով երկխոսության հնարավորությունը կփակվեր: Իսկ պետության ղեկավարի նպատակը պետք է լինի խնդրի խաղաղ կարգավորումը: Կարելի է հակառակորդին «կիրթ» անվանել: Դրանից չպետք է մտահոգվել: Մտահոգություն կլիներ, եթե Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ երկխոսություն չկայանար, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները միմյանց չտեսնելու տային:



Դա կնշանակեր, որ կողմերը մոտենում են վտանգավոր առճակատման սահմանին: Իսկ երկխոսությունը, անգամ եթե չկա վստահություն, որ պայմանավորվածությունները հարգվելու են, որոշակիորեն հեռացնում է պատերազմի վտանգը, թողնում հետագա համաձայնության հնարավորություն:Հուզականությունը պետական քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենա: Նույնիսկ եթե խոսքը վարչապետի տիկնոջ մասին է: Ի վերջո, նա դիմել է ադրբեջանցի մայրերին՝ որպես հայ զինվորի մայր: