«Մայրիկի օրագիրը» գրքի փակ միջոցառումը համախմբել է շոու-բիզնեսի հայտնի մայրերին

«Մայրիկի օրագիրը» գրքի փակ միջոցառումը համախմբել է շոու-բիզնեսի հայտնի մայրերին
Համացանցում Emily and Mommy անվամբ հայտնի մայրիկ Մերի Սարիկյանի առաջին գիրքն արդեն հրատարակվել է։ «Մայրիկի օրագիրը» գիրքը նախքան պաշտոնական շնորհանդեսին ներկայացնելը, Մերին առաջինն այն ներկայացրել է իր մտերիմ ընկերուհիներին, որոնց շարքում են շոու-բիզնեսում հայտնի մայրեր։ Միջոցառմանը ներկա էին Գոհար Հարությունյանը, Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները, Նելլին, Իրինա Թովմասյանը, Ձյունիկը, Վակցինան, Լիլիթ Մուրադյանը, Մանե Հարությունյանը, Մաշրումը, Լիա Զախարյանը եւ այլք։



Առավոտյան կայացած փակ բրանչին ներկա ու ապագա մայրերը միասին քննարկել են «աղջկական» հարցեր, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը հետծննդաբերական շրջանում ճիշտ սնվելու եւ նիհարելու մասնագիտական խորհուրդներ է տվել։ Ներկաները նաեւ միասին սրճել են, կարդացել ցիտատներ գրքից եւ, իհարկե, միասին լուսանկարվել։



Խնամքով գրված ու կազմված գրքում Մերին զետեղել է բրոշյուրներ հղիության ընթացքում և հղիությունից հետո ճիշտ մարզվելու, սննդակարգերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչի շնորհիվ ավելի արագ կկողմնորոշվեն բազմազբաղ մայրերը։



Հղիության մասին իմանալուց հետո նա սկսել է հաճախել Մանհայմի ծնողների դպրոց, ուսումնասիրել մասնագիտական գրականություն։ Միաժամանակ սկսել է այդ ամենի մասին պատմել ինստագրամում` հայտնվելով երիտասարդ մայրերի ուշադրության կենտրոնում։



300 եւ ավելի էջ ունեցող գրքում Մերի Սարիկյանն տալիս է կնոջ հղիության, ծննդաբերության, ընտանեկան հարաբերությունների, հետծննդաբերական փուլի ու երեխայի խնամքին վերաբերող հարցերի պատասխաններ։ Ինչպես նա է պատմում, այս գիրքն իր համար իսկապես թանկ ու կարեւոր է, քանի որ ներդրել է իր սիրտն ու էներգիան. «Գրքում տեղ գտած պատմություններն իմ կյանքի կախարդական շրջանից են, տարբեր գրառումներ անելով, փորձել եմ լինել ազնիվ ու անմիջական, ինչն ընթերցողը կզգա առաջին էջերից։ Այն ուղեցույց կլինի մայրերին, մի ամբողջ ճամփորդություն՝ հղիության առաջին օրվանից մինչեւ երեխայի տասն ամսականը»։



Նրա փոխանցմամբ՝ գրքի գաղափարը հասունացել է մայրանալուց հետո. «Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, ընտանեկան նոր կյանք։ Ուզում եմ՝ ապագա մայրերին ասել, որ միայնակ չեն, գրեթե բոլորն ունենում են միանման մտահոգություններ եւ զգացմունքներ։ Այս հետաքրքրիր ճամփորդությունը գրքի միջոցով միասին կանցնենք։ Այս գրքում կկարդաք, թե ինչպես է երեխան շարժվում որովայնում, կարծես, թիթեռնիկներ լինեն որովայնում, մեկ օր էլ թիթեռն այնքան ուժ է ունենում, որ մի հարվածքով Ձեր ստամոքսից դուրս է բերում վերջին խմած կաթով սուրճն ու թխվածքալիթները»։



«Մայրիկի օրագիրը» հավակնում է դառնալ հանրագիտարան բոլոր մայրերի, առհասարակ, կանանց համար: Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արևիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե)Սարգսյանը, ում շնորհիվ գրքում անդրադարձ կա նաև միջազգային փորձին:



Գիրքն անձամբ կարող եք ձեռք բերել շնորհանդեսին՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, Մոսկաֆե սրճարանում։ «Մայրիկի օրագիրը»կարող է հետաքրքրել նաեւ հայրիկներին, քանի որ Մերին անդրադառնում է նրանց նոր պարտականություններին, խնդիրներին և լուծումներին։ Գրքում կա նաև հնարավորություն, որպեսզի մայրիկներն էլ նշումներ կատարեն եւ լուսանկարներ փակցնեն։