Աշխատում են` իրենց չխնայելով… Վույ աման

Աշխատում են` իրենց չխնայելով… Վույ աման
Փաշինյանի կառավարության առանձին ներկայացուցիչներ, հայտնվելով իրենց համար անչափ անսպասելի պաշտոններում, արդեն մտածում են, որ իրենք են օրենքը եւ կարող են մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես իրենց է հարմար: Ըստ երեւույթին, Փաշինյանը նրանցից պահանջել է ցույց տալ, որ շատ են աշխատում: Եվ դա է, հավանաբար, պատճառը, որ առանձին նախարարներ ու համեմատաբար պստիկ ղեկավարներ իրենց չեն խնայում եւ արտաժամյա աշխատանքը դարձրել են շատ աշխատելու առհավատչյա: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` եթե ոչինչ չեք կարողանում անել աշխատավայրում արտաժամ մնալով, ապա ի՞նչ կկարողանաք անել միայն աշխատանքային ժամերին կաբինետներում թթվելով:



Օրերս աշխատանքից ազատված մի կին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»: Վահան Պապիկյանը պատասխան ունի՞: Իհարկե` ոչ: Նա կարող է միայն արդարանալ` որ մենք հերոս ենք, պայքարում ենք հեղափոխության համար, մնում ենք արտաժամ… Բարբաջանք է: Պարոն Պապիկյանը վճարո՞ւմ է արտաժամյա աշխատանքի համար: Ես խիստ կասկածում եմ: Ես խիստ կասկածում եմ, որ այդ Պապիկյանը հասկանում է, թե ինչ է ու ինչերի հետ է կապված մարդկանց արտաժամ պահելու խնդիրը:



Տեղյակ ենք, որ որոշ նախարարներ, արտաժամից բացի, աշխատակազմից պահանջում են նաեւ շաբաթ օրերին աշխատել: Մեկ-երկու` դեռ հասկանալի է, իսկ երբ դա դառնում է ամեն շաբաթ եւ անվճար, մեղմ ասած` սիրուն չէ: Մարդիկ, ի վերջո, ընտանիք ունեն, դպրոցահասակ երեխաներ, որոնց չեն կարող շաբաթ օրերը տանը թողնել ու գալ աշխատանքի, չեն կարող արտաժամ մնալ եւ երեխաներին չվերցնել մանկապարտեզից ու նախակրթարաններից:



Պրոբլեմն ակտուալ է նաեւ այնպիսի արական կառույցում, ինչպիսին ոստիկանությունն է: Այստեղ կենտրոնական ապարատի ծառայությունների պետերին թվում է, թե տղամարդիկ իրավապահությանը ծառայելուց զատ այլ հոգս ու խնդիր չունեն: Նրանց համար շատ կարեւոր է ղեկավարությանը ցույց տալ, որ աշխատում են մինչեւ ժամը հազարը, իրենց հետ էլ՝ ողջ ծառայությունը: Մեզ հետ զրույցում համակարգի աշխատակիցը բողոքում է` ամեն օր ստիպված ենք 2 անգամ ընդմիջում անել: Ստացածներս ի՞նչ է, հազիվ է հերիքում: Տուն կա, ընտանիք կա, չէ՞: Գնում եմ տուն` տնեցիք քնած են, գալիս եմ գործի` էլի քնած են: Ես հասկանում եմ, սա ծառայություն է, պատասխանատվություն, բայց պե՞տք է լինի մի սահման, թե՞ ոչ:



ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Քոչարյանի` կենտրոնական ապարատի ծառայությունների պետերին հղված հեռախոսագրով սահմանված է աշխատանքի ներկայանալու եւ աշխատանքն ավարտված համարելու ժամանակացույցը: Ծանոթանալով այդ փաստաթղթին` ակամա հիշում ես «Տերն ու ծառայի» պատմությունը. «Սիմո՞ն, էս լուսնյակն ի՞նչ պակաս լույս է տալիս, վեր կաց, արտը հնձիր»: Հեռախոսագիրը` հեռախոսագիր, բայց ծառայության պետերն էլ իրենց հերթին են երկարացնում աշխատաժամերը` փոխարենը չտալով ոչինչ: Եվ, ուրեմն, անհիմն չեն այն խոսակցությունները, որ ոստիկանությունում մարդկանց պահում են հրամանի եւ ուժի շնորհիվ, որպեսզի նրանք խմբերով չհեռանան համակարգից:



Կարծում ենք` ժամանակն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրջորեն զբաղվի այս հարցով, եթե, իհարկե, չի մոռացել, որ սիրո եւ համերաշխության «հեղափոխությամբ» սկիզբ է դրել երկրում օրինականության եւ կարգուկանոնի հաստատմանը: Նա ումի՞ց պետք է առաջին հերթին օրինականություն եւ կարգուկանոն պահանջի, եթե ոչ իր «հեղափոխական» կառավարիչներից:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**