Մինչեւ տարեվերջ պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ

Մինչեւ տարեվերջ պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ
Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց ստանալ ընտրողների 81,06 տոկոս քվեն, երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն՝ իր 6,95 տոկոս քվեով, իսկ երրորդ տեղը՝ «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս քվեով։ Ակնհայտ է, որ Երեւանի ավագանիում ծանրակշիռ մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքի ուսերին նույնքան ծանրակշիռ էլ պատասխանատվություն է դրվում, եւ երեւանցիներն այսուհետ իրենց խնդիրների լուծումը կապելու են այս ուժի հետ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ պայքարած, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ այս թվերի մեջ կան ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ փաստեր։ «Դրականն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ ժողովուրդը պաշտպանում է հեղափոխությանը։ «Իմ քայլը» նախընտրական քարոզչության ընթացքում փոխեց քարոզչության ձեւաչափը՝ ուղղորդելով, որ եթե քվեարկում են «Իմ քայլ»-ի օգտին, ապա քվեարկում են ԱԺ արտահերթ ընտրության օգտին։ Եվ ժողովուրդը դա ընկալեց։ Այստեղ դերակատարում ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի շատ մեծ ակտիվությունը, ինչին էլ ժողովուրդը արձագանքեց անմիջապես։ Կարեւորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։ Իսկ Մակեյանն իր մտահոգությունը հնչեցրել է դեռ ամիսներ առաջ, որ կարող է լինել արդար քվերակություն, բայց լինի ընտրության խնդիր։ Եվ այն ժամանակ էլ նա կոչ է արել, որ հեղափոխությանն աջակցած ուժերը համախմբվեն, որպեսզի նրանք էլ զբաղեցնեն երկրորդ հորիզոնականը։ Մինչդեռ՝ ականջալուր չեղան եւ չհամախմբվեցին, ինչի պատճառով էլ զբաղեցրին հինգերորդ-վեցերորդ տեղերը։ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչպես են երկու տասնամյակ ասպատակել քաղաքական դաշտը, եւ այդ հարցը շարունակում է մնալ օրակարգում։ «Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը ողջ ժողովուրդը ցնծության մեջ էր, իսկ երբ ակտիվացավ Ռոբերտ Քոչարյանը, առաջացավ մտավախություն, որ կարող ենք կորցնել հեղափոխության արդյունքները։ Եվ այս ընտրություններով ժողովուրդն արձանագրեց, որ ինքը հեղափոխության տերն է»,-նշեց Մակեյանը։ 86,01 տոկոս քվեները դյուրացնո՞ւմ են հեղափոխության միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի կողմից ԱԺ-ն ցրելու ու խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը։ «Իմ կարծիքով՝ այն խնդիրը, որ դրել էր Նիկոլ Փաշինյանը, ստացավ դրա պատասխանը։ Նա ստացավ լիազորություն եւ պետք է սկսի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը։ Դիմադրություններ կարող են ցույց տալ հանրապետականները, սակայն դա կնշանակի, որ նրանք դեմ են գնում ամբողջ ժողովրդին։ Դա շատ լուրջ սխալ կլինի, նրանք պետք է բանակցությունների նստեն գործող իշխանությունների հետ եւ գտնեն այդ հարցի լուծումը։ Ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ պետք է լուծվի ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը»,- կարծում է Պետրոս Մակեյանը։