Գորիսի քաղաքապետն իշխանության հետ լեզո՞ւ է գտել. ազատվում է անցանկալի կադրերից

Գորիսի քաղաքապետն իշխանության հետ լեզո՞ւ է գտել. ազատվում է անցանկալի կադրերից
Եթե մի քանի ամիս առաջ Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ խոսակցություններ էին պտտվում, թե հնարավոր է կարճ ժամանակում հրաժեշտ տա պաշտոնին, ապա վերջերս գորիսեցիներից այլ բան լսեցինք: Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետն այստեղ-այնտեղ հպարտանում է՝ ասելով, թե գործարար հայրը կարողացել է վերևների հետ լեզու գտնել եւ ամրապնդել որդու դիրքերը քաղաքապետի պաշտոնում: Վերևների «դաբրոն» քաղաքապետին նոր հնարավորություններ է տվել. շարժվել այնպես, ինչպես սիրտն է ուզում եւ փորձեր է անում ազատվել նրանցից, ովքեր նախկին իշխանությունների հետ որևէ կերպ առնչվում են: Նման խնդրի առաջ է կանգնել Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի գիտաշխատող Արմանուշ Բակունցը, ով մեր տեղեկություններով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրն է:



Արմանուշ Բակունցի խոսքերով ներկայիս քաղաքապետը փորձել է նսեմացնել իրեն՝ աշխատանքից ազատելու նպատակով: Տիկնոջը համայնքապետարանից ծանուցում է եկել, որ 49 օրվա ընթացքում պետք է սովորի ռուսերեն և անգլերեն, հակառակ դեպքում իրենք միակողմանի իր հետ ունեցած աշխատանքային պայամանգիրը կխզեն: «2008 թ-ից այս թանգարանի վարիչն եմ: Հիմա, երբ թանգարանն իր կոչմանը պետք է ծառայեր, գիտական աշխատանքով պիտի զբաղվեի, ինձ ազատում են աշխատանքից: Լեզուների իմացության առաջարկությունը հավանաբար արվել է համայնքի ղեկավարի կողմից՝ ինձ աշխատանքից հեռացնելը արդարացնելու նպատակով: Չնայած ես ունեմ բավականաչափ ռուսերենի և անգլերենի իմացություն՝ թանգարան այցելողներին գրողի գրական և հասարակական- քաղաքական գործունեությունը ներկայացնելու համար, որի մասին նրանք վկայել են իրենց գրառումներով՝ տպավորությունների մատյանում: Իմ խնդրանքին, որ թանգարանին հատկացվող վարիչի հաստիքը կարող են ինձ հատկացնել, գիտաշխատողի հաստիքը հատկացնելով օտար լեզուներ կատարյալ տիրապետող մեկ ուրիշի, պարոն Առուշ Առուշանյանը պատասխանել է, որ ինքը չի ուզում վարիչի հաստիք պահել: Ինքը կամենում է, որ լինի մեկ գիտաշխատող և մեկ պահակ: Ավելացնեմ, որ արդեն սեպտեմբերի 17-ին, առանց իմ ռուսերենի և անգլերենի իմացությունը ստուգելու, Գորիսի մշակույթի կենտրոնից ինձ հիշեցվել է, որ ես մինչև սեպտեմբերի 20-ն եմ աշխատանքի մեջ, 20-ից ես աշխատանքից հեռացված եմ...Երբ ես այդ մասին համայնքի ղեկավարին ասացի, ասացի նաև, որ զոհված ազատամարտիկի այրի եմ, տղաս ոտքի ջարդվածք և այլ առողջական խնդիրներ ունի՝ չի աշխատում, ես այլ եկամտի աղբյուր չունեմ, մնում եմ գործազուրկ, ինձ պատասխանեց, որ դա իրեն չի վերաբերում:



Պատճառաբանում է նաև, որ դու լավ աշխատող չես՝ թանգարանի տարածքի խոտահանման, շենքի հավաքարարի աշխատանքները լավ չես կատարել: Այդ ամենը ես պետք է գիտաշխատողի աշխատանքի հետ համատեղ կատարեի՝ մինիմալ 55000 աշխատավարձով, որպեսզի իրենց աշխատանքային չափորոշիչներին համապատասխանեի: Ինձ ասում է՝ մենք աշխատող մարդիկ ենք... մեզ քո նման աշխատող պետք չէ»,-**hraparak.am**-ին պատմեց Արմանուշ Բակունցը:Նա վստահ է, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ վերջերս լրագրողների եւ այցելուների առջև հանդես է եկել ելույթով՝ ասելով, որ նախկին իշխանությունների օրոք է թանգարանը քաղաքային կադաստրով հաստատվել եւ վերանորոգվել : Հնչեցրել է անուններ, որը քաղաքապետին դուր չի եկել: «Ինձ ասում է դրանց անունը չտաս, իմ թշնամիներն են, ինչ պրիմիտիվ է չէ՞ հնչում: Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները 100 տոկոսանոց էին: Ես ասել եմ, որ պատրաստ եմ հաճույքով իր հետ էլ աշխատել, բայց իր կողմից մոտեցումը կոշտ է»,-ավելացրեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ անգամ քաղաքապետի հովանավոր, նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր նկատմամբ նման թշնամություն չի դրսևորել, ավելին՝ թանգարանին սեղան եւ աթոռներ է նվիրել: Արմանուշ Բակունցի հետ զրուցելուց հետո փորձեցինք կապ հաստատել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Մեզ հաջողվեց զրուցել փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ, նա էլ ներկայացրեց համայնքապետարանի դիրքորոշումը։



«Քանի որ Գորիսը զբոսաշրջային քաղաք է, հատուկ ուշադրություն ենք դարձնում թանգարանների ծառայությունների մատուցման որակին: Աշխատանքային պայմանների էական փոփոխություն է կատարվել, գիտաշխատողի եւ զբոսավարի հաստիք պետք է լինի հիմա:Առաջիկայում հանձնաժողով կձևավորվի եւ մրցակցային ձևով աշխատանքի կընդունվի համապատասխան մեկը: Առանձնակի որակումներ չտամ, բայց պետք է ասեմ, որ տիկին Արմանուշը այս մի քանի ամիսների ընթացքում անտարբերություն է ցուցաբերել աշխատանքի նկատմամբ: Եթե հաշվի առնենք, որ երկար տարիներ աշխատելով որևէ բարելավում չի եղել, թանգարանը հաճախ փակ է եղել, Խանզադյանի անձնական իրերից անուշադրության են մատնված եղել, պահարանը երկար ժամանակ բակում էր գնվում, որոշ իրեր նկուղում էին, մշակույթի նախարարությունից էլ եկել են, տեսել, ինքը նույնիսկ նկատողություն է ստացել»,-ասաց փոխքաղաքապետը՝ նշելով, որ տիկնոջ եւ քաղաքապետի միջև որևէ անձնական խնդիր չկա:



«Քաղաքապետը երկար ժամանակ է՝ աշխատում է, եթե անձնական հարցեր լինեին, ավելի շուտ կարող էր գնալ դրան, բայց տիկին Արմանուշին երկար ժամանակ էր տրվել աշխատանքի որակը բարելավելու համար »,-ավելացրեց նա: Փոխքաղաքապետից հետաքրքրվեցինք՝ կարող է արդյո՞ք աշխատանքի ընդունվելու մրցույթին մասնակցել նաև Արմանուշ Բակունցը՝ վերականգնելով նախկին աշխատանքը: «Իհարկե, հանձնաժողովը կարող է հաշվի առնել նրա երկար տարիների փորձը, ինչպես նաև մոտեցումները աշխատանքի նկատմամբ եւ շարունակի աշխատել»,-ասաց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ թանգարանի համար շատ բան է արել նաև ներկայիս քաղաքապետը. Խանզադյանի որդու, ընտանիքի հետ կապ է հաստատել, ովքեր նրա անձնական իրերից թանգարանին են նվիրել, համայնքի միջոցներով թանգարանը կահավորվել է, ինչպես նաև ցուցափեղկեր են տեղադրվել: Ի դեպ, գորիսեցիների խոսքերով՝ թանգարանի վերանորոգման հարցում մեծ դեր է խաղացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Թեև պետք է նշենք, որ այն ոչ թե նախկին մարզպետի անձնական գումարներով է վերանորոգվել, այլ միջազգային ծրագրի շրջանակում, որին նախկին մարզպետը միջնորդություն էր ներկայացրել:



**Արևիկ Հակոբյան**