Ի՞նչ է կատարվում Արթուր Ալեքսանյանի մոր դպրոցում

Ի՞նչ է կատարվում Արթուր Ալեքսանյանի մոր դպրոցում
**Hraparak.am**-ին են դիմել Գյումրու մի շարք դպրոցների մանկավարժներ՝ բարձրաձայնելով նոր ուսումնական տարվա սկզբին առաջ եկած խնդիրների մասին: Ոմանց պնդմամբ՝ Շիրակի մարզպետարանից անձամբ են միջամտում կադրերի նշանակման եւ դասաժամերի բաշխման հարցերում: Գյումրու Պարույր Սևակի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի մանկավարժներից մեկի խոսքերով՝ նման խայտառակ դասաբաշխում դեռևս ոչ մի տարի չէր եղել: «Մի դասաժամի համար իրար ենք ուտում, ես չգիտեմ՝ նոր նախարարի հրամանն էր, թե իրավիճակից մարդիկ են օգտվում, երկար տարիների մանկավարժին կանգնեցրել են փաստի առաջ, ասում են՝ աշակերտ չունես, քեզ չեն ընտրել, ուրեմն պիտի կամ թողնես հեռանաս, կամ բավարարվես մի քանի ժամ ողորմություն ստանալով: Մինչդեռ ցանկության դեպքում մեկ ուսուցչին կարող են հատկացնել երկու դասղեկական դասարան: Իսկ նոր նախարարը հայտարարում էր, թե դասվարներին այլևս չեն ընտրելու, վիճակահանությամբ է լինելու, կամայականություններն ամենուր են, ոչինչ չի փոխվել՝ վատից բացի»,-վրդովված ասաց նա:



Նկատենք, որ նմանատիպ դժգոհություններ կան նաև Շիրակի մարզի մի շարք գյուղական համայնքների դպրոցներից: Գյումրու մեկ այլ դպրոցի ծնող էլ խիստ բարկացած էր. «6-7 տարեկան աղջկաս սպիտակ համազգեստով դպրոց եմ ճանապարհում, տուն է վերադառնում փոշու մեջ թաթախված: Հավաքարարներն իրենց վարչապետ են զգում, հայտարարել են, թե դասարաններ չենք մտնելու, թող աշակերտներն ու ծնողները մաքրեն: Ամսվա մեջ մեկ անգամ ծնողն ի վիճակի է գնալ՝ մաքրելու, հասկացանք, բայց ամեն օր ստիպել երեխաներին, այն էլ այդքան տարիքով փոքր, հավաքարարություն անել, անընդունելի է: Սա էլ է նոր օրենքներից, երբ տիկին Անահիտ Բախշյանն առաջարկեց, որ դպրոցի մաքրությունն այսուհետ ընկնում է աշակերտների վրա »,-ասաց մեր զրուցակիցը:



Գյումրու թիվ 18 դպրոցի դասաժամերի անհավասար բաշխումների շուրջ զրուցեցինք դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանի հետ: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ իմ բոլոր դասղեկները մեկական դասարան են զբաղեցնում, չկա նման բան մեր դպրոցում: Ճիշտն ասաց ոչ մի տեղ ամրագրված չէ՝ կարելի է, թե չի կարելի, որ մեկ ուսուցիչը մի քանի դասարան ունենա, գուցե թողել են դպրոցի հայեցողությանը, բայց ես ինքս դեմ եմ դրան, թույլ չեմ տալիս: Իմ բոլոր դասղեկները, 20 դասարան ունեմ, բոլորն էլ տարբեր մարդիկ են, ես չեմ գնա դրան: Իսկ դասաբաշխումների հետ կապված ասեմ՝ դասաբաշխումներն արել են մեթոդմիավորումները՝ իրենց նախագահների հետ, ներկայացրել են ինձ, մանկավարժական խորհուրդին, հաստատել ենք, դասացուցակը կազմել ենք»,-ասաց տնօրենը՝ միաժամանակ նշելով, որ չի զարմանում, եթե իր դպրոցից նույնպես դժգոհություններ լինեն, քանի որ որոշակի խնդիր կա:



«Իմ դպրոցում միակ խնդիրը կարող է լինել այն, որ այս տարվանից կրթության, գիտության նախարարի հրամանով տեխնոլոգիա առարկայի ժամերը, որոնք նախկինում մասնագետներն էին դասավանդում, հիմա տարրական դասարաններում այդ դասաժամերը տրվել են դասվարներին, ովքեր վերապատրաստում են անցել: Այս դեպքում առաջացել է տեխնոլոգիաների ուսուցիչների դասաժամերի կրճատման խնդիրներ, ունեմ ուսուցչուհի, որին ընդամենը 7 ժամ է հասել, մյուսների հետ խնդիր չունեմ, քանի որ դասաբաշխումն ինքս չեմ անում»,-եզրափակեց տնօրենը:Ի դեպ, Շողիկ Ալեքսանյանը աշխարհի, օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մայրն է: Նա երկու տարի է, ինչ ստանձնել է դպրոցի տնօրենի պաշտոնը, մինչ այդ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում, մշակույթի, կրթության բաժնի առաջատար մասնագետ էր: Մարզի դպրոցներում առկա խնդիրների հետ կապված Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ ասաց. «Մարզում հատուկ դպրոցների ցանկ ունենք, որտեղ լարված իրավիճակներ կան ուսուցիչ- տնօրեն, տնօրեն-փոխտնօրեն հարաբերություններում: Մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավորվի,չազդի երեխաների ուսման վրա: Այս ընթացքում ահագին դրական տենդենց կա, մեծամասնության հետ ես հանդիպել եմ, բոլոր կողմերի հետ զրուցել եմ,-նշեց նա:



Անդրադառնալով աշակերտների հերթապահությանը, թե մաքրությունը նրանց վրա է դրված, տնօրեններից մի քանիսը նշեցին, որ փոքրիկներին հանձնարարվում է հավաքել այն, ինչ թափում են, իսկ հերթապահության հիմնական բեռը ոչ միայն ծնողների, այլև դասվարների ուսերին է:



**Արևիկ Հակոբյան**