2000-ական դրամ են պահել հաշմանդամություն ունեցող անձանցից

2000-ական դրամ են պահել հաշմանդամություն ունեցող անձանցից
«Լույս» դաշինքի՝ «Դեպի ներառական Երեւան» թեմայով այսօր հրավիրած քննարկման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր հարցեր ուղղեցին դաշինքի ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին։ Ներկաներից մի կին ասաց, որ ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, ունի 14 տարեկան դուստր, որն ունի հաշմանդամություն, մի քանի տարի առաջ են երեխային սայլակ նվիրել։ Նա տեղեկացրեց, որ Էրեբունու սոցիալական ծառայության աշխատակիցները հաշմանդամության նպաստից ամեն ամիս երկու հազարական դրամ են պահում։ Նա նշեց նաեւ, որ երբ ինքը բողոքել է, նրան սպառնացել են, որ կզրկեն նպաստից, ուղեգրից, որով ինքը բուժումներ է ստանում, ասել են, որ իր տեսքից չի երեւում, թե հաշմանդամության խնդիրներ ունի։



Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ կնոջ հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, որեւէ մեկը չի կարող կամայական ձեւով զրկել քաղաքացուն նպաստից։ Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ կառավարությունն այսօր պայքարում է կոռուպցիայի դեմ, ռեֆորմներ են նախաձեռնել, որ հանրային ծառայությունները քաղաքացիների համար դառնան մատչելի, յուրաքանչյուր փոստային բաժանմունք մատուցի ծառայություններ։ Քաղաքացիների կողմից հնչեցին դժգոհություններ, որ 21500 դրամը հաշմանդամություն ունեցող երեխայի համար բավարար գումար չէ։ Մանե Թանդիլյանն էլ խոստացավ իրենց խնդիրները բարձրաձայնող քաղաքացիների համար կազմակերպել առանձին հանդիպում։ Իսկ մի աղջիկ էլ հայտարարեց, որ իրենք չպետք է նստեն տանը եւ սպասեն, թե ինչ են առաջարկում իրենց, այլ ստեղծեն աշխատատեղեր, որպեսզի իրենք աշխատեն եւ հարկեր վճարեն։