Աշունը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես թեժ է լինելու

Աշունը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես թեժ է լինելու
Աշունը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում խոստանում է լինել չափազանց հետաքրքիր եւ ինտրիգային, սակայն եւ բավականին ծանր։ Այսպես ասած՝ արտաքին քաղաքական նոր սեզոնը մեկնարկում է հենց այսօր, քանի որ Մոսկվա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ինքնին հասկանալի է, որ այս այցը չի կարող Հայաստանին չհետաքրքրել։ Նախ, որ արտաքին քաղաքական օրակարգում մշտապես եւ մնայուն կերպով ունենք ԼՂ հակամարտության հարցը, որում Ադրբեջանը հակամարտող կողմ է, իսկ Ռուսաստանն էլ՝ հակամարտության կարգավորման մանդատ ունեցող կառույց հանդիսացող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, եւ ապա՝ վերջին շրջանում ադրբեջանական տարբեր հարթակներում եւ ԶԼՄ-ներում համառորեն լուրեր են շրջում այն մասին, թե Ադրբեջանը հնարավոր է վերականգնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սկզբի համար էլ Բաքվին կտրվի ՀԱՊԿ-ում հատուկ ինչ-որ կարգավիճակ, լինի դա դիտորդի կամ այլ ձեւաչափով, իսկ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար՝ որպես անվտանգության համակարգի բաղադրիչ, անփոխարինելի է։



Հայաստանի համար պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, լինեն դրանք տեսանելի կամ կուլուարային։ Հատկապես Կասպյան կոնվենցիայի ստորագրումից հետո նկատվում է ռուս-ադրբեջանական նկատելի ջերմացում, եւ սա չի կարող չանհանգստացնել հայ հանրությանը, մանավանդ որ Երեւան-Մոսկվա հարաբերությունները վերջին շրջանում բավականին լրջորեն կնճռոտվել են։



Արտաքին քաղաքական ոլորտում պակաս հետաքրքրական չի լինելու նաեւ Ամուլսարի առճակատումը։ Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի սկզբին «Լիդիան Արմենիան» նախապատրաստական աշխատանքներ է սկսելու՝ միջազգային արբիտրաժ դիմելու համար։ Հասկանալի է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում Հայաստանը մտնում է բավականին ծանր փուլ՝ դատավարության հեռանկարով, որը կարող է ձգձգվել տարիներ։ Սա, ինչ խոսք, նաեւ բավականին վտանգավոր է։



Քիչ վտանգավոր չէ նաեւ դարձյալ մեր արտաքին քաղաքականության հետ կապվող մեկ այլ հնարավոր դատավարություն, որը կապված կլինի արդեն «Վեոլիա ջրի» հետ, որի մասին նախօրեին խոսեց ընկերության ֆրանսիացի տնօրենը։ Ըստ էության, երկու դեպքում էլ գործ ենք ունենալու լուրջ թիմերի հետ, որոնց թիկունքում գերհզոր տերություններ են կանգնած, որոնք պաշտպանում են իրենց ներդրողներին եւ ներդրումները, եւ հարց է, թե արդյոք այդ ամենը կլուծվի՞ ի նպաստ Հայաստանի։



Սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության վերջին արձագանքը ԼՂ հակամարտության կարգավորման մասով եղել է այն, որ հայկական կողմը դեռեւս ուսումնասիրում է բանակցային գործընթացի փաստաթղթային փաթեթը։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը՝ արձագանքելով օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասով հնչեցված հայտարարություններին։ Ասել կուզի՝ սեպտեմբերյան հանդիպմանը, կարելի է ենթադրել, պետք է կոնկրետ խոսակցություն գնա բանակցային գործընթացի հետ կապված, քանի որ ավելի քան 3-4 ամիսը բավարար է, որպեսզի բանակցային փաստաթղթային փաթեթին Երեւանը ծանոթանա։



Հայ-ռուսական եւ Երեւան-ՀԱՊԿ հարաբերություններում եւս քիչ անելիքներ չկան, եւ բավականին հետաքրքիր զարգացումներ են լինելու աշնանը, հատկապես, որ այս սեզոնին է լինելու ՀԱՊԿ բարձրագույն ղեկավար մարմնի հերթական հավաքը։ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո, հասկանալի է, ՀԱՊԿ-ում պաշտոնական Երեւանին բավականին ասելիք ունեն։ Նույնիսկ Կասպյան կոնվենցիայի ստորագրման ժամանակ Նազարբաեւ-Պուտին կարճ ռեպլիկները այդ մասին բավականին պերճախոս մեսիջներ էին պարունակում, իսկ Լավրովի հայտարարություններից եւ Փաշինյանի «ադապտացիոն սեանսից» հետո հայ-ռուսական հարաբերություններն առնվազն կարիք ունեն խնդիրների հարթման։



Արեւմտյան ուղղությամբ թերեւս պետք է սպասել, թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստան-ԵՄ խորը եւ համապարփակ համաձայնագրի՝ ԵՄ անդամ պետությունների պառլամենտներում ռատիֆիկացիոն պրոցեդուրաների մասով։ Երեւանը հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից եւ ԵՄ հայաստանյան առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու «շոկաթերապիայի» նմանվող ասուլիսից հետո կարծես թե ԵՄ-ի հետ հարաբերություններն աչքաթող է արել եւ հիմա էլ, այսպես ասած՝ ոտով-գլխով խրվել է ռուսների հետ հարաբերություններում սխալների սրբագրմանը։ Աստված տա, որ դա եվրոպացիները ճիշտ հասկանան եւ պատ չկառուցեն Երեւանի առաջ կամ փորձության չենթարկեն կնքված համաձայնագիրը։ Միակ լուսավոր կետը, ինչ խոսք, Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովն է լինելու, որը տեղի է ունենալու Երեւանում՝ հոկտեմբերի 11-12-ին։ Հուսանք՝ գոնե այս հարցում պատվով դուրս կգանք։



**Տիգրան Վահանե**