Հայաստանը նախօրոք զգուշացրեց Ռուսաստանին, որ կփակի Ադրբեջանի ճանապարհը դեպի ՀԱՊԿ

Հայաստանը նախօրոք զգուշացրեց Ռուսաստանին, որ կփակի Ադրբեջանի ճանապարհը դեպի ՀԱՊԿ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի մեդիափորձագիտական դաշտում լրջորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի Հանրապետության անդամակցման հնարավորությունը:



Այս քննարկումներն իրականում օգոստոսի կեսերին նախաձեռնել էր Իլհամ Ալիեւի ընտանիքի ամենահավատարիմ քարոզչամիջոցներից մեկը՝ Haqqin.az կայքը, որը հարց է ուղղել ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլիին, թե ինչպես են Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները վերաբերվում անդամակցմանը ՀԱՊԿ-ին: Հուսեյնլին ասել է, թե ամբողջովին համամիտ է Ալիեւի հայտարարության հետ, որ Ադրբեջանը պետք է էլ ավելի խորացնի հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ ինչպես տարբեր համատեղ նախագծերին մասնակցելու միջոցով, այնպես էլ տարածաշրջանային բնույթի միջազգային կազմակերպությունների շրջանակներում․ «Կարծում եմ՝ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է նույնիսկ դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը»:



Այստեղ տեղին է հիշել, որ 1993 թ. Ադրբեջանը միացել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրին, որը հետագայում վերանվանվել է ՀԱՊԿ: Սակայն 1999 թ. Վրաստանի հետ դուրս եկավ ՀԱՊԿ-ից՝ իր քայլը պատճառաբանելով, որ այս կազմակերպությունը չի օգնում հակամարտությունների կարգավորմանը:



**ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն եՎ Բաքվի առեՎտուրը Մոսկվայի հետ**



Հիմա կարելի է տրամաբանական հարց բարձրացնել, թե ինչու է Ադրբեջանը փոխել իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատամբ: Անշուշտ, նախ պետք է հասկանալ, թե Ադրբեջանի ղեկավարությունն իսկապե՞ս ուզում է միանալ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող այս կառույցին, թե՞ սա հերթական խաղն է Մոսկվայի հետ՝ վերջինիս աջակցությունն այս կամ այն հարցում կորզելու նպատակով: Հիշենք՝ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի հիմնումից հետո մի քանի անգամ տարբեր պաշտոնյաների միջոցով առաջարկել է Ադրբեջանին միանալ այս կառույցին: Ադրբեջանական կողմն էլ իր հերթին փորձում էր ճկուն խաղ խաղալ՝ բացահայտորեն ակնարկելով, թե կմիանա ԵԱՏՄ-ին այն դեպքում, եթե Ռուսաստանը ստիպի Հայաստանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում: Եվ ամենեւին պատահական չէ այն, որ երկու-երեք տարի առաջ մամուլն Ադրբեջանի եվրասիականացման հարցը քննարկում էր հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու մասնավորապես ռուսական ենթադրյալ ծրագրի՝ «Լավրովի պլանի» իրագործման համատեքստում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գոհունակությամբ հայտարարում էր, թե Լավրովի առաջարկները կարող են նպաստել հիմնախնդրի լուծմանը:



**Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը**



Այժմ կարծես նույն իրավիճակն է ստեղծվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման հարցի շուրջ: Կրկին առաջացել է վտանգ, որ Բաքուն կփորձի ՀԱՊԿ-ին միանալու հարցի միջոցով նոր սակարկություն սկսել Մոսկվայի հետ՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանին քաշել իր կողմը: Բայց, մյուս կողմից՝ Հայաստանն էլ տեսականորեն կարող է սակարկել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցների ամրապնդմամբ եւ ընդլայնմամբ ամենաշատը շահագրգռված Մոսկվայի հետ՝ թելադրելով իր պայմանները: Դա, իհարկե, կլինի այն դեպքում, եթե պաշտոնապես բարձրացվի Ադրբեջանի անդամակցման հարցը, եւ Մոսկվան ու կազմակերպության մյուս անդամ պետությունները փորձեն ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի Հայաստանն էլ տա իր համաձայնությունն Ադրբեջանի անդամակցմանը: Սակայն սրանք ընդամենը ենթադրություններ են, տեսական դատողություններ: Մինչ այդ պետք է արձանագրենք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արդեն հայտնի է: Այս շաբաթ լրագրողների խնդրանքով հարցին անդրադարձել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը: Հիշեցնելով, որ թե՛ ՀԱՊԿ-ում եւ թե՛ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նկատել է, որ Ադրբեջանի անդամակցության շուրջ քննարկումներն այս պահի դրությամբ տեղի են ունենում վերլուծական շրջանակներում՝ ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա:



**Հայաստանը կարող է առաջադրել իր պայմանները**



Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել հարցի վերաբերյալ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կեցվածք կընդունի Հայաստանը, եթե ՀԱՊԿ մյուս բոլոր անդամ պետությունները համաձայնեն Ադրբեջանի անդամակցմանը: Ալեքսանդրովը ենթադրում է, թե կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Հայաստանի կարծիքն ընդհանրապես հաշվի չառնեն, կամ էլ Հայաստանն ընդհանրապես դուրս գա կազմակերպությունից: Փորձագետը դատում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ ասելով, թե պետք է ծանրութեթեւ անել, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու Ռուսաստանին: «Բայց Հայաստանը կարող է գրագետ խաղարկել ՀԱՊԿ-ին Բաքվի միանալու խաղաքարտը, առաջադրել իր պայմանները, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման վերացում: Դա շատ շահավետ կլիներ Հայաստանի համար»,- ավելացրել է Ալեքսանդրովը:



**Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև**



Ռուսաստանցի քաղաքագետը նշել է մի քանի գործոն, որոնք կարող են ազդել ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշման վրա: Կարեւորագույն գործոնը, ըստ նրա, Իրանի շուրջ իրադրության սրացումն է եւ Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ ռազմական կոնֆլիկտի վտանգը: Բաքուն այս իրավիճակում կարող է հայտնվել «երկու կրակի միջեւ»:



«Մի կողմից, ամերիկացիները կարող են սաստիկ ճնշում գործադրել Ալիեւի նկատմամբ, որպեսզի վերջինս թույլ տա նրանց օգտագործել Ադրբեջանի տարածքը որպես ռազմահենադաշտ՝ առնվազն Իրանի դեմ դիվերսիոն-հետախուզական գործունեության, էլեկտրոնային հետախուզության համար: Եթե Բաքուն համաձայնի դրան, ապա Իրանը կարող է պատասխանել, նույնիսկ զորք մտցնել Ադրբեջանի տարածք: Իսկ եթե ոչ՝ ԱՄՆ-ն կարող է քայլեր սկսել Ալիեւի ռեժիմի ապակայունացման ուղղությամբ: Այս իրավիճակում Ադրբեջանը զգաց իր անպաշտպանությունը: Չէ՞ որ Ադրբեջանը ֆորմալ առումով չի հանդիսանում անվտանգության որեւէ կազմակերպության անդամ, եւ ոչ ոք նրան չի պաշտպանելու: Եթե նախկինում նա կարող էր գլուխ գովալ իր «բազմավեկտոր քաղաքականությամբ», ապա այժմ այդ բազմավեկտորությունը կարող է շրջվել նրա դեմ հակառակ կողմով»,- ասել է Ալեքսանդրովը: Փորձագետի կարծիքով՝ մյուս գործոնը Հայաստանն է: Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումից հետո Հայաստանը վատթարացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ Բաքուն ուզում է օգտվել իրավիճակից ու ստուգել, թե ինչ նախադրյալներ կան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար:



**«Ֆեյք» ինֆորմացիա**



Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման հարցը՝ Ռուսաստանի հետ սակարկության դաշտն ընդլայնելու նպատակով, սակայն կարծում է, որ Ադրբեջանի անդամակցումն իրատեսական չէ:



«Միգուցե իրոք Ադրբեջանը մտածում է ՀԱՊԿ-ի անդամ դառնալու մասին: Բայց իմ կարծիքով՝ դա ռեալիստական չէ: Դա ավելի նման է «fake news»-ի (կեղծ լուրի), այլ ոչ թե ինչ-որ քաղաքական քայլի, որպեսզի հետո սակարկության մեջ մտնի Ռուսաստանի հետ: Դա ուղղակի «fake» ինֆորմացիա է, որպեսզի մենք Հայաստանում մտահոգված լինենք, ցնցում ապրենք եւ այլն, եւ այլն: Ադրբեջանը չի կարող դառնալ ՀԱՊԿ անդամ ոչ միայն այն պատճառով, որ մենք վետոյի իրավունք ունենք ու կօգտագործենք, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանը վաղուց ընտրել է իր ճանապարհը՝ միանալով այն երկրներին, որոնք չեն ուզում միանալ անվտանգության այս կամ այն համակարգին, լինի դա ՆԱՏՕ-ն, թե ՀԱՊԿ-ն: Եվ չեմ կարծում, որ Ադրբեջանի այդ կոնցեպտը մեկ օրում կարող է փոխվել՝ նույնիսկ հաշվի առնելով Ղարաբաղի հարցը»,- «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց Գրիգորյանը:



Խոսելով պաշտոնական Երեւանի դիրքորոշման մասին՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ճիշտ էր. «Հայաստանը նախօրոք զգուշացրեց Ռուսաստանին, որ կփակի Ադրբեջանի ճանապարհը դեպի ՀԱՊԿ: Սա ճիշտ մոտեցում է: Հայաստանը նախօրոք զգուշացրեց, որպեսզի հետո Ռուսաստանն անակնկալի չգա Հայաստանի դիրքորոշումից»: Նա համոզված է, որ հայկական կողմը հետագայում էլ կպահպանի նույն դիրքորոշումը, եթե Ադրբեջանի անդամակցության հարցը սկսեն ավելի լուրջ մակարդակով քննարկել: Ու թեեւ այսօր շատերը Հայաստանում կասկածում են, որ Հայաստանը կկարողանա մերժել Մոսկվային, եթե Ադրբեջանի անդամակցության հարցը համաձայնեցվի Ռուսաստանի եւ մյուս անդամ պետությունների հետ, եւ ամեն ինչ կախված լինի Հայաստանի որոշումից, այնուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդների, ավելի սուվերեն որոշումներ կկայացնի նմանատիպ հարցերի վերաբերյալ:



Ինչ վերաբերում է Միխայիլ Ալեքսանդրովի մեկնաբանություններին, Գրիգորյանի կարծիքով՝ դա Ռուսաստանի եւ մասնավորապես տվյալ փորձագետի ցանկությունն է, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են: «Ադրբեջանը չի փորձի միանալ այս կազմակերպությանը, որովհետեւ տեսնում է, որ ՀԱՊԿ անդամ լինելն անվտանգության երաշխիք չէ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, բայց Ադրբեջանը կարողացավ պատերազմ հրահրել Արցախի, փաստացի՝ նաեւ Հայաստանի դեմ 2016 թ. ապրիլին: Ուրեմն Ադրբեջանը հասկանում է, որ ՀԱՊԿ անդամ լինելը դեռ երաշխիք չէ, որ իր վրա ռազմական հարձակում չի լինի: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգը չէ, որը հարյուր տոկոսանոց երաշխիքներ է տալիս: Հետեւաբար, սա ՀԱՊԿ-ին անդամակցելու լուրջ փաստարկ չէ Ադրբեջանի համար»:



**ՀԱՊԿ-ն ստեղծված չէ Ղարաբաղի հարցը լուծելու համար**



Իսկ եթե հարցը դիտարկենք տեսականորեն: Ենթադրենք՝ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում են ռազմաքաղաքական միեւնույն դաշինքին՝ իրար հետ լինելով հակամարտության մեջ: Դա ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Գուցե այդ դեպքում հիմնախնդիրն ավելի՞ արագ լուծվի, կամ Մոսկվան ինչ-որ լուծում պարտադրի երկու կողմերին:



Գրիգորյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը 1993-99 թթ. եղել է ՀԱՊԿ անդամ, բայց այն ժամանակ էլ այդ հանգամանքը չի ազդել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վրա: «Ես հիշում եմ այդ քննարկումները ՀԱՊԿ շրջանակներում: Ադրբեջանն անընդհատ բարձրացնում էր Ղարաբաղի հարցը, եւ ՀԱՊԿ-ն անընդհատ «ջրում էր» հարցը, քանի որ ՀԱՊԿ-ն ստեղծված չէ Ղարաբաղի հարցը լուծելու եւ ընդհանրապես հակամարտություններ կարգավորելու համար: Բացի այդ, կա ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ուրեմն ՀԱՊԿ անդամ լինելը կամ չլինելը Ղարաբաղի հարցի վրա չի ազդի»,- եզրափակեց Ս. Գրիգորյանը:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**