Սանիթեքը «գրպաններում» տեղ չունի, առնետների աչքը լույս (տեսանյութ)

Սանիթեքը «գրպաններում» տեղ չունի, առնետների աչքը լույս (տեսանյութ)
Այն, որ Սանիթեքի աշխատանքի հետևանքով բազմիցս ահազանգեր ենք ստանում, այլևս մեզ չի զարմացնում, սակայն պատկերը, որը տեսանք Սարյան 38 հասցեում, բառիս բուն և փոխաբերական իմաստներով ցնցեց մեզ։ Չնայած որ ահազանգի հետքերով էինք գնացել ու գիտեինք շենքի հասցեն, բայց և այնպես շենքը կարելի էր գտնել՝ շարժվելով անտանելի գարշահոտության ուղղությամբ։



Սարյան 38 շենքի հենց մուտքի մոտ մի ամբողջ աղբաբլուր է գոյացել, բնակիչների պնդմամբ՝ Սանիթեքի աշխատակիցները ամեն օր գալիս են «աղբը դատարկելու», սակայն տանում են միայն աղբարկղի մեջ հավաքված աղբը, իսկ աղբատարը այդպես էլ մնում է լցված։ Բնակիչները բազմիցս զանգահարել են Սանիթեքի թեժ գիծ, ասել են՝ այսօր, վաղը, «գրպաններում տեղ չունեն, որ աղբը տեղափոխեն» և այլն, բնակիչներն էլ հույսը կորցրել են, որ «Ավգյան ախոռները» մի օր կարող են մաքրվել։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40228889_322372748322980_2190085707781898240_n.jpg?_nc_cat=0&oh=5edb901d1c601b2c5badeda298a2724b&oe=5C385746)



«Խնդրում եմ, մեզ հասեք օգնության, էս առնետներից, կեղտահոտից, աղբանոցից մեզ ազատեք։ Ամենախուլ գյուղերում էսպիսի բան չկա, որ անունով իբր թե կենտրոն է, բազմիցս դիմել ենք ԺԵԿ-ին, ասել են կօգնենք, բայց ո՞ւր է օգնությունը, ոչ մի բան։ Էսպես բերում, 4 կողմից լցնում են, ո՞ւր գնանք։ Հիմա տուն առնելն էլ հեշտ չէ, թոշակ եմ ստանում, ո՞նց տուն առնեմ, ո՞նց ապրեմ ես։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ անենք։ Մաքրողին խնդրում եմ, ասում է՝ ի՞նչ անեմ, գրպանումս էլ չի տեղավորվում, որ տանեմ, իսկ աղբատարը 3-4 ամիս է՝ այսպես մնացել է, էսպես ապրել կլինի՞, էս ինչ երկիր է, չեն ամաչում, գոնե ամաչեն։ Էդքան մեր երկրի ղեկավարին երկրպագում ենք, հավանում ենք, հարգում ենք։ Սանիթեքի թեժ գիծը գլխիս մազերի չափ զանգել եմ, 80-90, անգիր եմ արել, ասում է՝ Ձեր տարածքին կասենք, բայց մեր տարածքը անտեր է, խնդրում ենք, եթե մեռած են, տարեք սաղ-սաղ թաղեք, եթե կենդանի են, թող օգնություն անեն, սա ի՞նչ բան է։ Կարելի՞ է, որ մարդ իր սեփական ժողովրդի հետ այսպես վարվի։ Ես խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է այսպես մի օր ապրել, իսկ մենք գիշեր-ցերեկ չենք կարողանում մի հատ պատուհան բացել»,- մեզ հետ զրույցում ասաց շենքի տարեց բնակչուհի Հերմինե Ներսիսյանը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40198848_285185065411453_437840605515612160_n.jpg?_nc_cat=0&oh=9619c66e5b37ac74ded0a51dee7df3b2&oe=5C3ACE7B)



Եվ, իրավամբ, տարածքը լուսանկարանելու համար մեզնից էլ առանձնակի «կամքի ուժ» պահանջվեց, որովհետև աղբատարին մոտենալը ուղղակի «ինքնասպանության» պես մի բան էր։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40192155_328057431072891_836695891669680128_n.jpg?_nc_cat=0&oh=5084ff3af0ca88ac6270c0abb6812dcc&oe=5BF97577)



Զանգահարեցինք տխրահռչակ «80-90» հեռախոսահամարին՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով խնդրի մասին, օպերատորը, որը պատասխանեց մեր զանգին, ասաց, որ ծանրաբեռնվածության պատճառով է գուցե, որ չեն հասցնում այցելել։ Նրանց հուշեցինք, որ խնդիրը ոչ թե ծանրաբեռնվածությունն է, այլ աշխատակցի գրպաններում տեղ չլինելու հանգամանքը․ գնում են, դատարկում են աղբարկղը, իսկ աղբատարը այդպես էլ մնում է։ Խոստացան, որ խնդրի մասին կզեկուցեն։ Առաջիկայում հետևելու ենք խնդրի լուծման ընթացքին։



**Կորյուն Սիմոնյան**