Հայկ Մարությանը հանդիպումների մեջ է, ՔՊ-ն էլ լուրջ նախապատրաստվում է ընտրություններին

Հայկ Մարությանը հանդիպումների մեջ է, ՔՊ-ն էլ լուրջ նախապատրաստվում է ընտրություններին
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող դերասան Հայկ Մարությանն այսօր օրերին հանդիպումներ է ունեցել ՔՊ-ի տարածքային կառույցների ակտիվի հետ․ դրանք ընթանում են հավաքագրելու այն խնդիրները, որոնք գործում են համայնքներում, միեւնույն ժամանակ աշխատում են թիմի ծրագրի վրա։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։



**-Այս քարոզարշավին ի՞նչ PR նոր տեխնոլոգիաներ են կիրառվելու։**



-Ինձ թվում է՝ հանրությունը սովոր է, որ ամեն անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» որեւէ նորույթով հանդես է գալիս, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում թե՛ քարոզարշավը, թե՛ մատչելի է դարձնում հաղորդագրությունները քաղաքացուն հասցնելու մեխանիզմը։



**-Քարոզարշավին միայն ՔՊ-ն է մասնակցելո՞ւ, թե՞ հասարակական կառույցներ եւս միանալու են։**



-Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ հանդես ենք գալու հեղափոխությունն իրականացրած ուժի անունից, ինչը ենթադրում է, որ մեր ցուցակում կլինեն ոչ միայն ՔՊ-անդամներ, այլ նաեւ հանրային ճանաչում ունեցող դեմքեր, ովքեր պրոֆեսիոնալ են եւ մեծ օգուտ կարող են տալ Երեւանի կառավարմանը, մեծ մասնակցություն են ունեցել հեղափոխության գործընթացում։



**-Առաջադրումը ե՞րբ եք ներկայացնելու ԿԸՀ։**



-Կարծում եմ կհասցնենք, վերջին կամ նախավերջին օրը։



**-Քաղաքական ուժեր կան, որ քարոզչությունը տեղափոխել են վիրտուալ հարթակ, հիմնականում «լայվերի» միջոցով են անում։ Դուք եւս օգտվելո՞ւ եք այդ ֆորմատից։**



-Ինձ թվում է սոցիալական մեդիան իր տեղն ունի, բայց քաղաքացիների հետ հանդիպումները պարտադիր են, որպեսզի շատ ավելի անմիջական շփում լինի։



**-12 օրը քիչ չէ՞ քարոզարշավի համար, կտեղավորվե՞ք այդ ժամանակահատվածում։**



-Վստահ եմ, որ կտեղավորվենք, որովհետեւ շատ լուրջ նախապատրաստական պրոցեսի մեջ ենք գտնվում։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**