Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը

Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը
Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնվորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը` հուշարձանի անվանման վերաբերյալ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների խոսքով «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան:



«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ահնրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։



Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ:



«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» 



ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին