Ցեղասպանության ճանաչումը՝ սպառալիք Թուրքիայի նկատմամբ

Ցեղասպանության ճանաչումը՝ սպառալիք Թուրքիայի նկատմամբ
Oրերս աննախադեպ այցով Հայաստանում էր Իսրայելի փոխարտգործնախարար Ալեքսանդր Բեն-Ցվին։ Նա այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, գրառում կատարել տպավորությունների մատյանում։ Սա Իսրայելի ԱԳՆ-ի մակարդակով առաջին նմանատիպ այցն էր Հայաստան։



«Հայերի ողբերգության հարցը երբեք կասկածի տակ չի դրվել, մենք դա միշտ բաց հայտարարում ենք։ Կան պատմական վեճեր, թե ինչպես անվանել այդ ողբերգությունը։ Պատմաբանները թող որոշեն՝ ինչ կոչել այդ ողբերգությունը։ Չեմ կարծում, որ դա քաղաքական քննարկումների հարց պետք է դառնա։ Հայ-իսրայելական հարաբերությունները շատ լավն են, և վստահ եմ՝ այդպես էլ շարունակվելու է։ Քնեսեթում ամեն ինչ կընթանա իր հունով։ Միշտ ցանակացած որոշում ունի ենթատեքստերը՝ հաճախ քաղաքական, հաճախ մեկ այլ։ Թե Քնեսեթում ինչպես կկոչեն այդ իրադարձությունները, այդ հարցերը թողնում եմ պատմաբաններին»,- ասել էր փոխարտգործնախարարը։



ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպան ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը Իսրայելի ԱԳՆ փոխնախարարի հետ զրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։



**Հայոց ցեղասպանության ճանաչումը ճնշման գործիք**



Հետաքրքրական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի պատգամավորների, հանձանաժողովների կողմից սկսում է շոշափվել, երբ լարվում են Թուրքիայի հետ փոխհարաբերությունները: Օրինակ՝ մայիսին, երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիցից Երուսաղեմ տեղափոխելուց հետո արյունալի բախումներ էին սկսվել Գազայի հատվածում: Զոհվել էին տասնյակ պաղեստինցիներ, հարյուրավորները՝ վիրավորվել:



Սա բավականին կոշտ արձագանքի արժանացավ Թուրքիայի կողմից: Անկարան Իսրայելի իշխանություններին մեղադրեց ցեղասպանության մեջ. «Տեղի ունեցածը մարդկային ողբերգություն է, ցեղասպանություն է: Անիծվեն դրա կազմակերպիչը՝ անկախ նրանից՝ ով է այդ կազմակերպիչը` Իսրայե՞լը, թե՞ Միացյալ Նահանգները», - հայտարարել էր Էրդողանը:



Անկարան հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները երբեք չեն գնա բախումների, եթե չլինի Միացյալ Նահանգների աջակցությունը: Էրդողանը Իսրայելն անվանել էր ահաբեկչական պետություն և պնդել, թե այն աջակցում է «Իսլամական պետությանը»: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոշտ էր արձագանքել Էրդողանի հայտարարություններին. «Անշուշտ, որևէ մեկը չի կարող մրցել Էրդողանի հետ ահաբեկչության ու կոտորածների մասին գիտելիքներով: Կարծում եմ՝ Էրդողանը չէ, որ պետք է մեզ բարոյականություն քարոզի»:



Ընդ որում՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բաց տեքստով դառնում է շահարկման, սպառնալիքի առարկա: Իսրայելցի պատգամավորները վերջերս հայտարարել էին, թե եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատեհ պահը՝ նշելով՝ մինչ այս Իսրայելը չէր գնում այդ քայլին՝ Անկարայի հետ հարաբերությունները չվնասելու համար. «Մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել էր Քնեսեթի պատգամավոր Ամիր Օհանան: Փետրվարին պատգամավորների կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը մերժվել էր արտգործնախարարության բացասական եզրակացությունից հետո:



Իսրայելի ԱԳ փոխնախարարերից մեկն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին՝ պնդելով, թե կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և իրենք՝ հրեաները, հասկանում են դա. «բայց մենք չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը, քանի որ առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»:



**Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ**