Միշտ ցանկացած որոշում ունի ենթատեքստեր․ Իսրայելի փոխարտգործնախարար

Միշտ ցանկացած որոշում ունի ենթատեքստեր․ Իսրայելի փոխարտգործնախարար
Այսօր աննախադեպ այցով Հայաստանում էր Իսրայելի փոխարտգործնախարար Ալեքսանդր Բեն-Ցվին։ Նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, գրառում կատարեց տպավորությունների մատյանում․«Կատարվածի մասին հիշողությունների պահպանումը լավագույն ճանապարհն է կանխելու, որ այդօրինակ բաներ էլ տեղի չունենան»։



Սա Իսրայելի ԱԳՆ-ի մակարդակով առաջին նմանատիպ այցն էր Հայաստան, նախկինում Ցեղասպանության հուշահամալիր էր այցելել Իսրայելի տարածքային զարգացման նախարարը։ Փոխարտգործնախարարից հետաքրքրվեցինք՝ այս քայլը կարո՞ղ ենք համարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նշանակալի քայլ։



«Հայերի ողբերգության հարցը երբեք կասկածի տակ չի դրվել, մենք դա միշտ բաց հայտարարում ենք։ Կան պատմական վեճեր, թե ինչպես անվանել այդ ողբերգությունը։ Պատմաբանները թող որոշեն՝ ինչ կոչել այդ ողբերգությունը։ Չեմ կարծում, որ դա քաղաքական քննարկումների հարց պետք է դառնա։ Հայ-իսրայելական հարաբերությունները շատ լավն են, և վստահ եմ՝ այդպես էլ շարունակվելու է։ Քնեսեթում ամեն ինչ կընթանա իր հունով։ Միշտ ցանակացած որոշում ունի ենթատեքստեր՝ հաճախ քաղաքական, հաճախ մեկ այլ։ Թե Քնեսեթում ինչպես կկոչեն այդ իրադարձությունները, այդ հարցերը թողնում եմ պատմաբաններին»,- ասաց Բեն-Ցվինը։



Իսրայելում Հայաստանի արտակարգ և լրազոր դեսպան Արմեն Սմբատյանը **«Հրապարակ»**-ի հետ զրուցում ասաց, որ հայ-իսրայելական հարաբերությունները փայլուն ապագա ունեն․«Կարծում եմ հրեա ժողովրդի հետ շատ ընդհանուր բաներ ունենք։ Հիմա մենք նորովի ենք կառուցում մեր հարաբերությունները։ Ցավոք, հայ-իսրայելական հարաբերությունները այդքան ակտիվ չեն եղել։ Մեր հարաբերությունների ամրապնդման միջոցով կարող ենք լուծել շատ խնդիրներ, օրինակ, հումանիտար, քաղաքական ոլորտներում»։



Բեն Ցվինը ավելացրեց, որ ամբողջովին համաձայն է դեսպանի խոսքին․«Իրոք, եղել են պահեր, երբ ինչ-որ բան այդքան էլ լավ մակարդակի վրա չի եղել։ Մեր հարաբերությունները այժմ գտնվում են լավ մակարդակի վրա։ Լավ հեռանկարներ եմ տեսնում»։



**Սլավա Բադալյան**