Դոն Պիպոյի համար ստորագրահավաք են իրականացնում

Դոն Պիպոյի համար ստորագրահավաք են իրականացնում
Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը՝ նշելով, որ նիստի օրը դեռ հայտնի չէ։



Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրա ազատ արձակման համար քաղաքացիները, մասնավորապես՝ Արարատի մարզի բնակիչները, ստորագրահավաք են իրականացնում, պաշտպանը դրա վերաբերյալ ասաց․ «Մարդիկ ինքնաբուխ ստորագրահավաք են իրականացնում ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի։ Էս պահին չեմ կարող ասել ինչքան մարդ է մասնակցել ստորագրահավաքին»։



Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Ասարյանը, պաշտպանը պատասխանեց․ «Կալանավորված է մարդը, ոնց պիտի լինի»։



Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:



Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ: