Հասարակության չնչին մասը կցանկանա ունենալ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար

Հասարակության չնչին մասը կցանկանա ունենալ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար
Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ԱԺ ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական պատգամավորները ստորագրություններ հավաքեցին եւ միջնորդություն ներկայացրեցին գլխավոր դատախազություն՝ նրա խափանման միջոցը փոխելու համար, քաղաքագիտական շրջանակներում սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի նրանք տեսնում են ղեկավարի, որը կարող է պայքարել համաժողովրդական շարժման միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի դեմ։ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ունի՞ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու շանս։



«Ես կարծում եմ, որ կան այնպիսի շերտեր, որոնք կցանկանային ունենալ նման տիպի քաղաքական ղեկավար։ Միաժամանակ կարծում եմ, որ նրանք կազմում են հասարակության չնչին մասը, եւ հաշվի առնելով անցած տարիների փորձը, հասարակական աջակցություն չեն ստանա։ Դրանք այն շերտերն են, որոնք սովոր են օրենքը շրջանցելով ապրել»,- արձագանքեց Վիգեն Խաչատրյանը։ Ռոբերտ Քոչարյանի թե՛ կալանավորումը, թե՛ խափանման միջոցի փոփոխությունն անակնկալ էին հասարակության համար, խափանման միջոցի փոփոխությունը չի՞ ազդի արդյոք նախաքննության վրա։ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ իրավապահ մարմիններն անհրաժեշտ լծակները կկիրառեն, որպեսզի խափանման միջոցի փոփոխությունը չազդի նախաքննության վրա։ Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ հայտնվելը պայմանավորված լինի արտաքին ուժերի ազդեցությամբ։



«Ես արտաքին ուժերի հետ կապ չունեմ, դրա համար չեմ կարող մեկնաբանել»,- ասաց մեր զրուցակիցը։ ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, անցած ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բախտորոշ սխալներ չի գործել, եւ հակահեղափոխությունը չունի հեռանկար։