Քաղաքական մաֆիան անմահ է

Քաղաքական մաֆիան անմահ է
Կարծում եմ` փոքրիկ նախաբանը չէր խանգարի հասկանալ, թե ինչպես հրապարակում հայտնվեց մի «փաստաթուղթ», որն առանձնանում է ոչ միայն այն կազմողի «գրագիտությամբ», այլև հրապարակ գալու ժամանակով և քաղաքական մոմենտի ընտրությամբ: Այս օրերին քաղաքական ոչ անհայտ շրջանակներ «թեժացրել են» հակադաշնակցական քարոզչությունը, «վատ տանելով» Դաշնակցության ինքնավստահ եւ սկզբունքային գործունեությունը, ինչպես եւ վստահաբար, զգալով, որ իրենց չի հաջողվելու ՀՀ երկրորդ նախագահի վրա բարդել 2008 թվականի մարտի 1-ի արյունը և խուսափել պատասխանատվությունից:



ՀՅԴ-ն հանդես է եկել մի հայտարարությամբ, որով հասկացրել է բոլորին` Երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում չպետք է լինի: Սակայն, դա բավական էր, որպեսզի առանձին լրատվամիջոցներ իսկական վայնասուն բարձրացնեին ՀՅԴ-ի շուրջ` չխնայելով ոչինչ, անգամ` գործող իշխանությանը, որի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը ոսկոր է դարձել այդ լրատվամիջոցների հովանավորությամբ զբաղվող ուժերի կոկորդում: Խեղաթյուրում են մեր նոր անկախության ողջ պատմությունը, սևացնում են արցախյան հերոսամարտի նվիրյալներին: Մամուլով, ընտրողաբար, անհիմն և ծանր մեղադրվանքներ են հնչեցվում մարդկանց հասցեին, փորձեր են արվում ամեն գնով արդարացնելու բուն հանցագործներին: Այլ խոսքով` ամեն ինչ արվում է Հայաստանի և Արցախի պառակտման, Հայաստանում և Արցախում հասարակությանը վերջնականապես շփոթի մատնելու համար:



Տեղին կլինի, կարծում եմ, այդ շրջանակներին ևս մեկ անգամ հուշել` Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված` ՀՅԴ-ին և Հայաստանի նոր իշխանություններին առճակատման տանելու փորձերը դատապարտված են անհաջողության: Մենք սա ասում ենք վստահ, քանզի յուրաքանչյուր նման առճակատում հղի է Հայաստանում և Արցախում 1994-1998 թվականների մթնոլորտի վերականգնման տխուր հեռանկարով:



Իսկ այժմ գանք մեր այսօրվա հրապարակման շարժառիթին` վերևում հիշատակված «փաստաթղթին», որի հրապարակումը «հույժ կարևոր» գրիֆով, մեղմ ասած, նույնիսկ դիլետանտություն չէ: Դատեք ինքներդ` այդ «փաստաթուղթն» իր ֆեյսբուքյան էջում «հրապարակել է» ոմն կապիտան Նեմո` «Արթուր Սաֆարյան» անվամբ, իսկ հետո այն նույնությամբ հայտնվել է [hayastan24.com](http://hayastan24.com/hy/politics/artur-safaryan-huyz-gagtni-pastatugt-e-hraparakel-hyd-gekavarneric-meki-veraberyal-lusankar) կայքում, որտեղ ծաղկեցրել են «փաստաթուղթը», չմոռանալով «փաստել», որ ֆեսբուքյան ֆեյքը, այո, «հույժ կարևոր» փաստաթուղթ է հրապարակել: Իսկապե՞ս: Հարց է առաջանում` իսկ ո՞ւր մնաց լրատվամիջոցի պատասխանատվությունը սեփական հրապարակման համար: Պատասխանատվության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև կայքի տակ չկա ոչ հետադարձ կապ, ոչ էլեկտրոնային հասցե, ոչ հեռախոս:



Բնականաբար, աչքի անցկացրինք նաև «Արթուր Սաֆարյան» օգտատիրոջ էջը, որպեսզի հասկանայինք, թե այդ ինչ «ֆրուկտ է» նա, որ ձեռնահասություն ունի ԿԳԲ-ի արխիվներին: Այնտեղ մեր ուշադրությունը գրավեց մի ծաղրանկար, ուր կատվի և մկան տեսքով պատկերված են, հավանաբար, ԱԱԾ պետ Վանեցյանը և Հովիկ Աբրահամյանը: Շատ խնդալու նկար է: Իսկ ամենախնդալուն էլ այն է, որ դա նրա էջի ամենալուրջ հրապարակումն է: Վերցնել ու անհայտ թեթևսոլիկի գրառումը հրապարակել սեփական կայքում, լավագույն որոշումը չէր, իհարկե, բայց, ինչպես ասում են, ամեն մեկն իր գործն անում է այնքանով, որքանով կարողանում է, այնքանով, որքանով դա կերակրում է իրեն:



Ինչևէ, այդ «փաստաթղթից» հանկարծ իմացա, որ իմ ընկերներից Հրայր Կարապետյանը դեռ «1987 թվականին հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ)-ի կողմից»: Այո, խոսքը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանի մասին է: «Կապիտան Նեմոյի» գրառման մեջ, բնականաբար, խոսք չկա այն մասին, որ նույն Հրայր Կարապետյանը, մի շարք անկախականների հետ, 1988 թվականին ձերբակալվել, իսկ հետագա տարիներին հալածվել և խուզարկությունների ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Ինչ-որ անհասկանալի բան է ստացվում` ՊԱԿ-ը ձերբակալել է, հետապնդել և խուզարկել իր գործակալի՞ն: Կատարյալ ապուշություն:



Սլաքը տարել էի, որ փակեմ ֆեյք էջը, մեկ էլ գրառման ներքևում աչքիս ընկավ Զոյա Թադևոսյանի արձագանքը: Տիկինը, նկատի ունենալով Դաշնակցությանը, գրել է. «իրենք դավաճան, դավաճան են փնտրում»: Ահա թե ինչ, ահա թե ում նմաններին էր այդքան պետք այս «խնդալու» հույժ կարևոր փաստաթղթն ու դրա հրապարակումը: Հետագա արձագանքների 90 տոկոսի մեջ Татевосян Зоя-ն է` ՀԱԿ-ի Զոյան, ով ոչ մի կերպ ուշքի չի գալիս իր պարտվողական հայտարարություններից սկիզբ առած հասարակական պարսավանքից ու ՀՅԴ-ի քննադատություններից: Դա այն նույն Զոյան է, ով ՀՅԴ-ին 24 ժամ էր տվել և սպառնացել` «պատժել», եթե իրենից ներողություն չխնդրեն: Այստեղ էլ ավարտվում է «կանաչ խիյարի» մասին հերթական պատմությունը, որն այս անգամ, իբր, ՊԱԿ արխիվից թռցրած «հույժ կարևոր փաստաթղթի» մասին էր:



Ստիպված եմ խոստովանել, որ Տեր-Պետրոսյանի շկոլան անմահ է, գործիքակազմն` անփոփոխ: Ժամանակին այս շկոլան ՊԱԿ գործակալներ է անվանել ՀՅԴ ղեկավարներ Հրայր Մարուխյանին, Հրաչ Տասնապետյանին եւ ուրիշների, ովքեր այդ շրջանում կազմակերպում էին Դաշնակցության վերադարձը հայրենիք եւ կուսակցության մասնակցությունը Արցախյան ազատագրական շարժմանը: Ի՞նչ ասեմ՝ նույն ձեռագիրն է:



**Էդիկ Անդրեասյան**