Քաղաքաշինություն.«Ժառանգություն» առանց կտակի

Քաղաքաշինություն.«Ժառանգություն» առանց կտակի
_«Եթե կառավարությունը չկարողանա ստեղծել նոր ուժ և դառնա վատ արատների կազմաքանդող, ինչպիսիք պետք է վերացվեն,ապա վերակառուցման և նորի ստեղծման գործում վերջինս կդառնա անպետք»:_ **Նիցշե**



Ներկայացնենք այն իրողությունները, որոնք ժառանգաբար «հնից» փոխանցվել են Նոր Կառավարությանը, փորձենք հասկանալ և վերաիմաստավորել դրանք ժամանակի և տարածության մեջ՝ թե ինչ տրամաբանությամբ են կյանքի կոչվել և ըստ այդմ, որքանով են ընդունելի՝ նպատակային և կառուցողական, որպեսզի ինտեգրվեն ներկայիս քաղաքական օրակարգին՝ Հայաստանի քաղաքաշինության առողջացման և զարգացման ձգտումներին:



**Ժառանգություն 1.**



ՀՀ կառավարության 13.10.2016 թվականի թիվ 1111-ն որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության փոխարեն ստեղծված կառավարությանն առընթեր մարմինը՝ ՀՀ քաղաքաշինության պետական Կոմիտեն.



Նախ ներկայացնենք Կոմիտեի ստեղծման համառոտ խրոնիկան, հասկանալու համար, թե նախկին կառավարությունն ինչպիսի տրամաբանությամբ և ինչ նպատակով է վերակազմավորել քաղաքաշինության նախարարությունը, այսինքն, որքանով է գիտակցվել քաղաքաշինության բնագավառի բարեփոխումների անհրաժեշտությունը և նպատակը հենց առաջինն իր՝ կառավարության կողմից:



Ասվածի ապացույցը, երբ քաղաքաշինության նախարարության կողմից կառավարության սեղանին դրվեց նախարարությունը վերակազմավորելու և փոխարենը «Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության պետական կոմիտե» ստեղծելու «անսպասելի» առաջարկությունը:



Դա քաղաքաշինության բնագավառի հետ որևէ աղերս չունեցող առնվազն անհասկանալի (եթե ոչ՝ տարօրինակ) քայլ էր, քանի որ առաջարկությունը շեշտադրելով պատմամշակութային հուշարձանների պահպանության կարևորությունը, դրանով հանդերձ մերժում էր ոչ միայն քաղաքաշինության, այլև շինարարության, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտների և ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման և զարգացման անհրաժեշտությունն ու պետական պահանջարկը:



Միամիտ պետք է լինել կարծելու, որ պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների պահպանությունը ապահովելու համար անհրաժեշտ է նոր պետական կառույց ստեղծել, այն էլ ՀՀ մշակույթի նախարարությանը օրենսդրությամբ վերապահված իրավասությունների և գործառույթների տիրույթում:



Բարեբախտաբար, ինչպես և սպասվում էր, մասնագիտական հանրությունը կտրականապես մերժեց դա: Արդյունքում, որպես ելք և այլընտրանք, օրակարգ մտավ արդեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծման «գաղափարը»:



Թույլ տրված «սխալը» շտկելու, նոր անակնկալներից խուսափելու նպատակով՝ շահառու կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ Կոմիտեի կանոնադրությունը քննության ենթարկվեց և շտկվեց բնագավառին վերապահված ոլորտների, դրանց հիմնական խնդիրների, գործառույթների և աշխատակազմի կառուցվածքի առումներով:



Ի վերջո, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծումը վավերացվեց ՀՀ Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանագրով:



Ուշադրության է արժանի, որ կոմիտեի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի հիմնավորման ձևաթղթի մեջ «Անհրաժեշտությունը», «Ընթացիկ վիճակը և խնդիրները», «Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը», «Կարգավորման նպատակը և բնույթը», «Ակնկալվող արդյունքը» բաժիններում, համարժեք մեկնաբանումների և հիմնավոր փաստարկների փոխարեն, ընդամենը հղում է կատարվել միայն Հրամանագրի հանձնարարականներին, ուրիշ՝ ոչինչ:



Փաստաթղթի ներկայացման նման ձևաչափը, բնականաբար, հնարավորություն չէր կարող ընձեռել, որպեսզի այն պատճառաբանված լիներ պետական, հասարակական և մասնագիտական լայն շրջանակների համար, դրանով իսկ ապահովեր վերջիններիս ակտիվ, շահագրգիռ և արդյունավետ մասնակցությունն այդ որոշման ընդունմանը: Այսինքն, կոմիտեի ստեղծման վերջնագիրն արդեն պարտադրված էր «վերևից» և ենթակա չէր այլոց քննարկմանը:



Այդպիսով «նախարարություն, թե՝ կոմիտե», երկընտրանքը դուրս գրվեց օրակարգից:



Արդյունքում Կոմիտեի կանոնադրությունը բնականաբար դարձավ նախարարության կանոնադրության կրկնությունը, բացառությամբ որոշ գործառույթների շարադրանքում կատարած փոփոխությունների:



Բովանդակային-որակական առումով աշխատակազմի կառուցվածքն ըստ էության նույնպես չփոխվեց, իսկ քանակական համեմատությունը մի փոքր այլ է՝ եթե քաղաքաշինության նախարարության աշխատակազմն ուներ թվով վեց վարչություն և վեց բաժին, ապա կոմիտեի աշխատակազմն ունեցավ յոթ վարչություն և երեք բաժին: Այսինքն, դարձյալ կառուցվածքային փոփոխություն և դարձյալ ոչինչ:



Բնականաբար հարց է ծագում՝ այդ դեպքում որն էր քաղաքաշինության նախարարության վերակազմավորման մոտիվացիան, ինչ նպատակ էր այն հետապնդում:



Այնպես է ստացվում, որ Կառավարության կազմում կարող են լինել, օրինակ՝ սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարություններ, բայց չի կարող լինել քաղաքաշինության նախարարություն, որի գործունեությունը ոլորտային բազմազանության, գիտագործնական, ինժեներատեխնիկական, կառավարչական և վերահսկողական գործառույթների առումներով անհամեմատ բարդ է, բազմաբնույթ, ծավալուն և աշխատատար:



**Եզրահանգում**՝



ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի վերակազմավորելու քայլը Հայաստանի քաղաքաշինության բնագավառում տիրող ճգնաժամային վիճակի հերթական դրսևորումներից է: Անցած կառավարությունների օրոք բնագավառի առողջացմանն ուղղված զարգացման ծրագրերի և գործնական քայլերի փոխարեն կառավարման պրոցեսն ուղղակի ենթարկվել է իմիտացիայի և փոխարինվել խաղի այլ կանոններով՝ բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնում պարբերաբար իրականացվող «կառուցվածքային» անվանափոխություններով:



Այս դեպքում ևս՝ հերթական անգամ փոխվում է անունը, իսկ կառուցվածքն ու բովանդակությունը դարձյալ մնում են նույնը:



Տեղին է ասված՝ «Ամենամեծ անմտությունը - դա նույն բանն անելն է՝ այլ արդյունքի ակնկալիքով» (Ալբ. Էյնշտեյն):



Կարող ենք եզրակացնել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության վերակազմավորումը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծումը չունի հիմնավորում ոչ բնագավառում իրականացվելիք նոր ռազմավարությամբ, ոչ դրանից բխող այժմեական և հեռանկարային զարգացման ծրագրերով և ոչ էլ բնագավառում հայտարարված համակարգային բարեփոխումներով: Այն ստեղծվել է սուբյեկտիվության և կամայականության դրսևորման անընդունելի «սկզբունքով»:



Այնպես որ, Նոր Կառավարության կազմում քաղաքաշինության նախարարությունը վերականգնելու հարցը պետք է հայտարարվի օրակարգային:



Այս քայլն անկասկած ընդունելի կլինի մասնագիտական հանրության ճնշող մեծամասնության համար, քանի որ ակնհայտ է, որ մեր երկրի առջև և բնագավառում տարիներով կուտակված մեծահոգս անելիքներն այսօր գիտակցված են և համարժեք, ծանրակշիռ կառույցի պահանջ ունեն:



Այսինքն, Կոմիտեն որպես «հնի» ժառանգություն՝ ենթակա է մերժման:



**Ժառանգություն 2.**



ՀՀ ԱԺ-ի կողմից 06.12.2017 թվականին ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՕ-235-Ն օրենքը և այդ օրենքի ուժով ստեղծված ՀՀ ճարտարապետների պալատը:



Մասնագիտական և իրավական պարզ վերլուծությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտումներով, նախագծում տեղ գտած իրավական և մասնագիտական բազմաթիվ հակասությունների ու թերությունների առկայության պայմաններում:



Ընդունված օրենքն ակնհայտ հակասություններ ունի ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի, ինչպես նաև՝ «Քաղաքաշինության մասին», «Իրավական ակտերի մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների հետ:



Նման գնահատական հնչեցնելու համար փաստերն ու փաստարկները բազմաթիվ են և հիմնավոր: Դրանում որևէ կասկած չի կարող լինել:



Այդ ամենով հանդերձ, ամենաարտառոցը թերևս առաջին ընթերցումից հետո («առաջին և երկրորդ» ընթերցման միջակայքում) օրենքի նախագծում կատարած անսպասելի փոփոխություններն են, ավելի ճիշտ՝ լրացումները, որոնք արմատապես փոխել են օրինագծի նախնական տրամաբանությունը: Արդյունքում՝ ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ (իհարկե, առանց ընթերցման) ընդունված օրենքն, իր ակնհայտ նպատակադրությամբ, վճռականորեն տարբերվեց առաջին ընթերցմամբ հավանության արժանացած նախագծից՝



1. հիմնովին փոխվեց իրավական ակտի թերևս ամենահիմնական և կարևոր դրույթը՝ օրենքի կարգավորման առարկան:



Եթե առաջին ընթերցմամբ այն ինքնակարգավորվող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևի սահմանումն էր (ինչն, ի դեպ բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից), ապա ընդունված օրենքով, կարգավորման առարկան փոխվեց և դարձավ՝ ՀՀ ճարտարապետների Պալատի ձևավորման կարգի սահմանումը: Ակնհայտ է, որ այս երկու «առարկաներն» իրար հետ ոչ մի կապ և ընդհանրություն չունեն՝ խիստ հակասական են,



1. «Առաջին ընթերցմամբ» Պալատի կառավարման մարմիններին վերապահված և նրանց կողմից իրականացվող հիմնական գործառույթները և լիազորությունները վերադասության կարգով փոխանցվեցին բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին՝ զրկելով կազմակերպությանը գործունեության ամենակարևոր սկզբունքից՝ ինքնուրույնությունից:



Ասվածը առարկայական դարձնելու համար, անդրադառնանք երկրորդ ընթերցումից առաջ, «վերջին պահին», օրինագծի համապատասխան հոդվածներում կատարած փոփոխություններին, որոնք բնականաբար վավերացվեցին «երկրորդ ընթերցմամբ» (շեղատառերով ընդգծվածները կատարած փոփոխություններն են՝ լրացումները)՝



Խորհուրդը սույն օրենքով նախատեսված դեպքերում Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում դադարեցնելու կամ կասեցնելու ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը, ++որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին.++



Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում եւ հրապարակվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով:



. . . հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով . . .



Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը Պալատի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:



Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Խորհրդի որոշմամբ սահմանված եւ լիազորված մարմնի հաստատած որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։



Որակավորման քննությունների արդյունքները հավակնորդը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկել լիազորված մարմնի ղեկավարին:



Համապատասխան կարգի (դասի) արտոնագիր տալու մասին հանձնաժողովի որոշումը լիազորված մարմնի ղեկավարի կողմից տասնօրյա ժամկետում հաստատվելուց հետո Պալատի նախագահը արտոնագիրը հանձնում է արտոնագրված ճարտարապետին (ճարտարագետ-կոնստրուկտորին)՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով: Արտոնագրի ձեւը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմինը: Արտոնագիրը ստորագրում են լիազորված մարմնի ղեկավարը եւ Պալատի նախագահը, կնքվում է լիազորված մարմնի կնիքով:



. . . վերապատրաստման դասընթացների ծրագրերը, հաստատվում ու հրապարակվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով:



Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը Խորհրդի որոշման հիման վրա դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով,



Պալատի նախագահը Արտոնագրի կասեցման մասին Խորհրդի որոշումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին, որը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում . . .



Մեջբերումների «նշանակությունը» շեշտադրելու համար նշենք, որ «առաջին ընթերցման» նախագծում «լիազորված մարմին» արտահայտությունն օգտագործված է ընդամենը մեկ անգամ, այն էլ որակավորման քննությունների ծրագրերի համաձայնեցման գործառույթի շրջանակում (հոդված 15):



Չափազանց «հետաքրքրական» է և ինտրիգային «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում «վերջին պահին» (նույնպես երկրորդ ընթերցումից առաջ) հայտնված հետևյալ պարբերությունը՝



«Սահմանված ժամկետում վերակազմավորման մասին որոշում չընդունվելու դեպքում Պալատը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով»:



Ահա հերթական անակնկալը: Պարզվում է, որ Հայաստանի ճարտարապետների միությունը հնարավոր էր «փրկել» առանց միության անդամ գործընկերներին մոլորեցնելու և ավելորդ մեքենայությունների, իսկ «Հայաստանի Ճարտարապետների պալատը» ստեղծել նույն օրենքի ուժով՝ որպես միանգամայն նոր հասարակական կազմակերպություն: Այսինքն հնարավորություն, որի արդյունքում բնագավառը կունենար ևս մեկ հասարակական ինստիտուցիոնալ կառույց:



Սակայն Հայաստանի ճարտարապետների միավորման ղեկավարությունն այլ կերպ էր տրամադրված: Համագումարում Միության վերակազմավորման հարցը, որն ամենակարևորն էր և առանցքայինը, չդրվեց բաց և շահագրգիռ քննարկման, իսկ վերը նշված ալտերնատիվ տարբերակը ընդհանրապես քողարկվեց և դրվեց օրակարգից դուրս: Այդպիսով Պալատը ստեղծվեց Միության հաշվին՝ որպես լիազորված մարմնի ենթակայության տակ գործող և ՀՀ օրենսդրությանն անհայտ կազմակերպական-իրավական ձևի «էկզոտիկ» հիմնարկ:



**Եզրահանգում**՝



Նման մեթոդներով, ստով և կեղծիքով, սուբյեկտիվ պայմանականություններով «սարքած» Պալատն այն անցանկալի ժառանգությունն է, որը ենթակա է մերժման:



Իսկ եթե պալատ ենք ուզում, եթե այսօր օբյեկտիվ պատճառաբանությամբ և ժամանակի թելադրանքով հիմնավորվում է Պալատի գոյության անհրաժեշտությունը, ապա այն կարելի է ստեղծել առանց ավելորդ օրինախախտումների՝ գործող օրենսդրության շրջանակներում:



Դրա համար անհրաժեշտ է՝



**Քայլ առաջին** - Օրենսդրությամբ ընդունելի կարգով վերականգնել Հայաստանի ճարտարապետների միությունը: Այդ նպատակով՝



Միության մարմինների նոր ընտրությամբ ամբողջովին թարմացնել կառավարման մարմինների կազմն ու ներկայացուցչությունը՝ շեշտը դնելով երիտասարդ, ակտիվ ճարտարապետների ներգրավվածությանը,



արմատապես վերանայել անգործությունից «հոգնած» Միության կանոնադրությունը՝ վերաիմաստավորել այն Նոր Ժամանակի մարտահրավերներով և հայտարարված ժողովրդավարության զարգացման պահանջարկով:



**Քայլ երկրորդ** – Միության կազմում (ՀՀ օրենսդրությամբ Միությանը վերապահված իրավունքների շրջանակում) ստեղծել «Հայաստանի ճարտարապետների պալատը» որպես հիմնարկի կարգավիճակով առանձնացված ստորաբաժանում:



Քննարկելի համարել մինչ այս Պալատին առընչվող փաստաթղթային մշակումներն օգտագործելու նպատակահարմարության հարցը:



Եվ վերջում (ինչն ի դեպ՝ վերջ չունի), որպես «վերջաբան»՝



Նման «Ժառանգականության» հանդեպ անհանդուրժողական մոտեցումն այսօր հայտարարված քաղաքական օրակարգ է՝ ինչը նշանակում է սեփական ինքնաքննությամբ ձեռբազատվել անցյալի «հիվանդություններից»: Իսկ նորի ճանապարհով գնալու համար, հարկավոր է ջանք գործադրել և «կոտրել» հնի իներցիան, մերժել ստվերային ժառանգությունը, բացառել դրա հետագա և վտանգավոր գեներացիան:



Մենք դատապարտված ենք դա անելու՝ նման այն վիրաբույժին, որը ստիպված է վիրահատելու ինքն իրեն:



Պետք է աներկբա ընդունենք, որ պետական գործերում, ինչու չէ նաև կյանքում, չկա փոքր սուտ կամ փոքր կեղծիք, որովհետև յուրաքանչյուր անգամ հաջորդով նախկինը պարտակելու կամ արդարացնելու համար դրանք կենսաբանորեն նոր ստեր և կեղծիքներ են ծնում՝ խաթարելով հանրային կյանքի և հարաբերությունների զարգացման արդար և բնականոն ընթացքը՝ ցանկալի ապագան:



**Աշոտ Հակոբյան**



**ճարտարապետ**