Պարզ հարցերին պատասխանելու համար թաղապետին 1 ամիս է պետք

Պարզ հարցերին պատասխանելու համար թաղապետին 1 ամիս է պետք

Մենք գրել էինք, որ Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար Ավետ Պողոսյանն ասել էր, որ մոտակա 2 շաբաթվա ընթացքում իր հետ հարցազրույցը իրատեսական չի համարում։ Այն, որ պաշտոնյան խուսափում է հարցազրույցներից, մի կերպ կարելի է հասկանալ․ գուցե նոր է, ցանկանում է մի փոքր հարմարվել տեմպին կամ գուցե բանավոր խոսքը լավը չէ և այլն, սակայն որ չեն ցանկանում նաև պաշտոնական գրավոր հարցումներին պատասխանել, այ սա նորություն է։

Քանի որ Պողոսյանը մերժել էր մեր հարցերին պատասխանելու առաջարկը՝ դա հիմնավորելով իր գերզբաղվածությամբ, որոշել էինք մեր հարցերը ուղարկել պաշտոնական գրավոր հարցման տեսքով՝ այնտեղ զետեղելով շատ պարզ հարցեր․ նախ, խնդրել էինք տրամադրել թաղապետի կենսագրական տվյալները, ապա թե ի՞նչ առաջնահերթ պլաններ ունի թաղապետը, ինչո՞ւ է նշանակվելուց անմիջապես ժամեր անց ազատել իր տեղակալներին և այլն։ Մի խոսքով՝ այնպիսի հարցեր, որոնք չեն պահանջում հավելյալ հետազոտություն, որևէ այլ հավելյալ աշխատանք, այդ հարցերը կարելի է տալ ցանկացած պաշտոնյայի՝ անգամ նրան փողոցում հանդիպելիս։ Բայց, արի ու տես, որ իր գործողություններին վերաբերող հարցերին պատասխանելու համար վարչական շրջանի ղեկավարին մի ողջ ամիս է հարկավոր։

Գուցե այդ ժամանակը նրան պետք է իր գործողությունների հիմնավորումները հորինելո՞ւ համար։ Ի դեպ՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից նույնիսկ չեն բարեհաճել մեզ տեղեկացնել, թե կոնկրետ ի՞նչ հիմքով են ուշացնում հարցման պատասխանը, միայն գրել են՝ « Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն` մենք Ձեզ կպատասխանենք երեսնօրյա ժամկետում», մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տեղեկատվության կրողը պարտավոր է տեղեկացնել նաև ուշացման պատճառների մասին․
«Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»,- ասված է օրենքում։ Ի դեպ, սա շարքային քաղաքացիների հարցումներին է վերաբերում, մամուլի հարցադրումներին պետք է հրատապ պատասխանել՝ առանց ուշացնելու։ Սակայն փաստորեն նոր թաղապետը թքած ունի օրենքի ցանկացած պահանջի վրա, և կամայականորեն կարող է պատասխանել, երբ սիրտը ուզում է։ Մեզ մնում է միայն հուսալ, որ 30 օրում թաղապետը կհասկանա, որ ԶԼՄ-ների հետ նման ձեւով աշխատել չի կարելի։